«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2007-09-11 | #165, 2007-09-12 | #166, 2007-09-13


ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Դե Ֆակտո» ամսագիրը շախմատի Հայաստանի ֆեդերացիայի եւ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետարանի հետ համատեղ սեպտեմբերի 19-20-ին շախմատիստի կենտրոնական տանը կազմակերպելու է շախմատի կայծակնային մրցաշար ԶԼՄ ներկայացուցիչների միջեւ: Ընդ որում յուրաքանչյուր ԶԼՄ ներկայացված պետք է լինի ընդամենը մեկ մասնակցով: Այս մասին «Փաստարկ» ակումբում կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրին մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանն ու Հայաստանի շախմատի կանանց հավաքականի մարզիչ Արսեն Եղիազարյանը:

Հայտերի ներկայացման վերջին ժամկետը սեպտեմբերի 17-ն է: Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը 17-ին, իսկ հաջորդ օրը մրցաշարի ավարտից հետո մրցանակներ կհանձնվեն լավագույն արդյունքի հասած 3 մասնակիցներին: Հաղթողին կհանձնվի գլխավոր մրցանակըՙ շախմատային նավակ պատկերող գավաթը: Նախատեսված են նաեւ դրամական մրցանակներ: Առաջին վեց տեղերը զբաղեցրած լրագրողներից կկազմավորվի ԶԼՄ-ների շախմատի հավաքականը: Իսկ առաջին 15 տեղերը զբաղեցրածները կմասնակցեն սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի եւ ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից անցկացվող ամենամյա մրցաշարին:

Արսեն Եղիազարյանն անդրադարձավ կանանց հավաքականի առաջիկա խնդիրներին: Հոկտեմբերի վերջին Հունաստանում մեր հավաքականը կմասնակցի Եվրոպայի կանանց թիմային առաջնությանը: Հիշեցնենք, որ 2003-ին մեր հավաքականը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Այն ժամանակ մրցաշարն անցկացվում էր 2 խաղատախտակի վրա, Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը (պահեստայինը Նելլի Աղինյանն էր) հիանալի հանդես եկան եւ ապահովեցին մեր թիմի նվաճումը: Այժմ, երբ յուրաքանչյուր հավաքական չորս խաղատախտակի վրա է խաղալու, ըստ Արսեն Եղիազարյանի, մեր շախմատիստուհիների հաղթելու հնարավորությունը զգալիորեն նվազել է: Պատճառն այն է, որ 3-րդ եւ 4-րդ խաղատախտակների վրա Դանիելյանին ու Մկրտչյանին հավասարազոր շախմատիստուհիներ առայժմ չունենք: Բացի մեր առաջատար երկյակից, հավաքականում ընդգրկված են նաեւ Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրեասյանն ու Լիանա Աղաբեկյանը:

Մինչ Եվրոպայի առաջնությունը մեր շախմատիստուհիներին լուրջ փորձություն է սպասում «Միկայի» կազմում: Ինչպես հայտնի է, անցյալ տարի «Միկան» փայլուն հանդես եկավ եւ նվաճեց Եվրոպայի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը: Այս տարի թիմի կազմը որոշ փոփոխության է ենթարկվելՙ Էլինա Դանիելյանին, Մայա Չիբուրդանիձեին ու Նինո Խուրցիձեին կընկերակցի Լիլիթ Մկրտչյանը, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի թիմի կազմում: Նելլի Աղինյանի փոխարեն էլ կխաղա Լիանա Աղաբեկյանը: Արսեն Եղիազարյանը հույս հայտնեց, որ «Միկային» կհաջողվի պահպանել ուժեղագույնի իր տիտղոսը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4