Կառավարության հրաժարականն ընդունելուց հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վարչապետի պաշտոնում նշանակելու համար խորհրդարանին առաջարկել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:
«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարի` ապագա վարչապետի պաշտոնում նշանակվելու հավանականության մասին խոսակցությունները շրջանառվում էին ավելի վաղ, ընդ որում` գլխավորապես դրական գնահատումներով: Դրականի այս համապատկերում կարելի է ենթադրել, որ խորհրդարանում քաղաքական ուժերը պաշտպանելու են Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:
Մասնավորապես, ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Ժողովրդավարություն» եւ մեծամասնությամբ երկրորդը համարվող «Ազատ հայրենիք» խմբակցություններն արդեն հանդիպել են վարչապետի թեկնածուի հետ եւ տվել իրենց նախնական համաձայնությունը: Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու պատրաստակամություն է հայտնել նաեւ ԱԺ «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբակցությունը: Եթե խորհրդարանի 3 անկախ պատգամավորները նույնպես կքվեարկեն Արայիկ Հարությունյանի օգտին, ինչը շատ հավանական է, ապա ԼՂՀ վարչապետը խորհրդարանում կունենա 100-տոկոսանոց վստահություն: Քաղաքական այսպիսի համերաշխություն ԼՂՀ խորհրդարանում, թերեւս, առաջին անգամ է դիտվում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ կառավարության ձեւավորումը նույնպես կընթանա համընդհանուր միակարծությամբ: Բայց դա պարզ կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում: Մինչ այդ Ազգային Ժողովը պետք է հատուկ դրան նվիրված նիստում հաստատի Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:
Ինչպես տեղեկացանք ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից` խորհրդարանի նիստը տեղի կունենա արդեն այսօր:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ