ՀՀ գլխավոր դատախազի նշանակման գործընթացում ընդդիմության մատնանշած իրականությունը, որ երեկ հասել էր խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտք եւ պատգամավորներ Անահիտ Բախշյանի ու Վիկտոր Դալլաքյանի բարձրաձայնմամբ նաեւ նիստերի դահլիճ, Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործով ձերբակալված Վանաձորի քաղաքապետի եղբորորդի Արման Դանիելյանի «Բելիսիմո» բար-ակումբի աշխատակիցների ու նրանց ծնողների բողոքն էր եւ ՀՀ ԱԺ նախագահի ու ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպելու պահանջը: «Մի քանի անգամ հրավիրել են դատախազություն եւ ծեծելով ստիպում էին մեզ ստորագրել ինչ-որ գրված ցուցմունքների տակ», երեկ պատմում էին վանաձորցիները:
Արդեն նշանակումից հետո ի պատասխան լրագրողների հարցի ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ նշված իրավիճակի առնչությամբ ոչ մի դիմում չի տրվել համապատասխան մարմիններ եւ ծառայողական քննության անցկացումը երեկՙ սեպտեմբերի 13-ին, հանձնարարվել է մամուլի հրապարակումների հիման վրա, եւ հայտարարեց. «Կարծում եմ դատախազների խումբը կբացահայտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, բայց ուզում եմ հաշվի առնեք, որ կան մարդիկ, խմբավորումներ, ում ձեռնտու չէ այդ հանցագործության բացահայտումը: Տպավորություն են ստեղծում, թե քննչական խումբը լայնածավալ հարցաքննություններ է իրականացնում, մարդկանց փողոցից բռնում, հարցաքննության են ենթարկում, բայց հարցաքննում են ում անհրաժեշտ է վարկածները ստուգելու համար»: Մինչեւ քննիչների խմբի վերադարձն ու զեկուցագրի հանձնումը գլխավոր դատախազն ավելին ասելու հնարավորություն չունի:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Օրվա վերջում հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազը ընդունել է Վանաձորի «Բելիսիմո» ակումբի աշխատակիցներին: Աղվան Հովսեփյանը տեղեկացրել է, որ իր հրամանով արդեն նշանակվել է ծառայողական քննություն եւ հավաստել, որ անհրաժեշտության դեպքում կհարուցվի նաեւ առանձին քրեական գործ լիարժեք քննություն կատարելու համար եւ բոլոր մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության: