Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ ԱԺ ամբիոնից չծածկեց, որ իր համար անսպասելի է եղել Աղվան Հովսեփյանի հետ պատգամավորների հարց ու պատասխանի ընթացքում իմանալ, թե գլխավոր դատախազությունում ստեղծվելու է բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող կառույց, որը հաշվետու է լինելու գլխավոր դատախազին, եւ փոխանցեց իր մտահոգությունները հարցերի ձեւով` քաղաքական հակառակորդների հետապնդման գործիք չի՞ դառնա այդ մարմինը, ո՞ր հանցանքների մասին է խոսքը, ասենքՙ արտերկրի խանութներում կոստյում գողացողի հանցանքը քննվելո՞ւ է, ապահովվելո՞ւ է այդ կառույցի թափանցիկությունը: Ա. Հովսեփյանը հանգստացրեց ԱԺ փոխնախագահին. նախ` դա լինելու է մի վարչություն, 10-15 քննիչով եւ գլխավոր դատախազի հսկողության ներքո, չի ունենալու օպերատիվ աշխատողներ եւ գործակալներ, պաշտոնյաների վերաբերյալ դոսիեներ չի հավաքելու: Այդ վարչությանը գլխավոր դատախազը կարող է հանձնարարել հասարակական հնչեղություն ունեցող գործերը, հատկապես այս վարչությունը կքննի իրավապահ մարմինների` դատավորների, ԱԱԾ-ի եւ ոստիկանության իրավախախտ պաշտոնյաների գործերը: Իսկ թե կարո՞ղ է, իսկապես, այդ օղակը, քաղաքական տվյալ իրավիճակից ելնելով, քաղաքական հակառակորդ դարձած կուսակցության անդամ-պաշտոնյայի հարցերը լուծել` այդ մասին ոչինչ չասվեց:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ