Համակարգչային նամակագրություն
Ինտերնետին միացված համակարգչի միջոցով տեղեկատվության փոխանակման ամեն մի տեսակ կարելի է համակարգչային նամակագրություն համարել: Բայց առավել տարածված, հեշտ օգտագործելի եւ մատչելի են էլեկտրոնային փոստն ու, այսպես կոչված, «չաթը»ՙ իր տարատեսակներով: Էլեկտրոնային փոստը ձեւով ավելի մոտ է ավանդականին: Որեւէ մեկի e-mail-ին նամակ ես ուղարկում, որեւէ մեկի e-mail-ից նամակ ստանում ինչ-որ ժամանակաընթացքում: Նամակներին համակարգչային ֆայլի տեսքով կարելի է կցել (attach անել) այլ նամակ, նկար, երգ եւ այլն: «Չաթը» էլփոստից տարբերվում է առաջին հերթին online ռեժիմով, այսինքն դու տեղեկանում եսՙ զրուցակիցդ «գծի մե՞ջ է», թե ոչ, հարց ես ուղարկում ու վայրկյաններ անց պատասխան ակնկալում: Ու հենց այդ «անմիջականությամբ» էլ նախընտրելի է դառնում հատկապես ծանոթությունների սայթեր այցելող նաեւ հայ երիտասարդների համար:
ICQ, Scipe, agent... Սրանք բոլորը միմյանցից էական տարբերություններ չունեցող համակարգչային ծրագրեր են, որոնց միջոցով կարելի է «չաթ անել»: Իսկ դա ոչ թե եսիմինչ անել է նշանակում, այլ ընդամենը շփում online ռեժիմում, հատկապես, որ chat անգլերենից թարգմանաբար նշանակում է պարզապես «անբռնազբոս զրույց», «շաղակրատանք»:
Ծանոթությունների կայքէջերում կամ սայթերում կարելի է թե՛ online շփվել զրուցակցիդ հետ, եթե նա «գծում» է, թե՛ նրա բացակայության դեպքում հաղորդագրություն թողնել, որին նա կարող է պատասխանել մյուս անգամ սայթ մտնելով: Սրանով համակարգչային նամակագրության այս ձեւը ներառում է էլփոստի եւ «չաթի» հատկանիշները:
Սայթ մտնել... Չեմ օգտագործում կայքէջ բառը ոչ միայն այն պատճառով, որ խուսափում եմ օգտվել «սայթ»-ի, ըստ իս, ոչ լիարժեք թարգմանությունից, այլեւ առավել հասկանալի լինելու համար «անբռնազբոս զրուցող» հազարավոր մարդկանց: Ստորեւ սայթ բառը վերաբերելու է բացառապես ծանոթությունների կայքէջերին:
Ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերություններից Rambler-ի «տիրույթում» օրվա ամեն պահի ամենաքիչը 450-500 (հիմնականումՙ 600-1000), 18-55 տարեկան, իգական ու արական սեռի հայաստանաբնակ կամ որպես հայաստանաբնակ գրանցված ներկայացուցիչներ պատրաստ են հենց այդ պահին ծանոթանալու կամ արդեն ծանոթ են եւ զրուցում են միմյանց հետ: Իհարկե, ոչ բոլորըՙ բոլորի: Հենց այնպես, 1-2 օրվա համար գրանցվածների թիվը անհամեմատ ավելի մեծ է (մոտ 50 հազար), բայց խոսքն ամիսներ շարունակ ամեն օր մի քանի րոպեով կամ մի քանի ժամով սայթ այցելողների մասին է: Փորձենք հասկանալՙ ովքե՞ր են նրանք, ինչի՞ մասին են զրուցում, ի՞նչ լեզվով կամ ինչպե՞ս, եւ ամենակարեւորըՙ ինչո՞ւ են շփման այդ ձեւն ու տարածքը նախընտրել:
Ծանոթությունների սայթերից կամ «չաթի» այլ տեսակներից օգտվողների տարիքային ցենզը վերն արդեն նշեցինք: Նրանցից առավել ակտիվ ու բազմաթիվ են 23-35 տարեկան աղջիկներն ու կանայք, 26-45 տարեկան երիտասարդներն ու տղամարդիկ: Ավելի շատ աշխատանքով ապահովվածներ են, շատ քիչՙ աշխատանք փնտրողներ, ինտերնետ-ակումբների հաճախորդներ կամ աշխատակիցներ, կամ պարզապես մարդիկ, ում համար ինտերնետին միացված համակարգիչը հասանելի է, լինի տանը, աշխատավայրում թե միջանկյալ մի տեղՙ ինտերնետ-ակումբում, ծանոթ-բարեկամի տանը կամ օֆիսում: Նրանց մեջ կան թե՛ ռեալ կյանքում ծանոթանալուց երկնչողներ, թե՛ մարդիկ, ովքեր իրենց շրջապատում կամ կենցաղում հնարավորություն կամ ժամանակ չունեն նոր ծանոթություններ հաստատելու, իրենց շրջանակից դուրս այլ մարդկանց հանդիպելու համար:
Անհեթեթ է այն մտայնությունը, թե սայթ մտնում են հիմնականում ինտիմ ծառայություններ առաջարկել-ստանալու, մեկ ժամով ընկեր-ընկերուհի գտնելու համար: Գրեթե նույնքան սխալ է սայթից օգտվողներին համարել բացառապես գիտական կամ փիլիսոփայական զրույց վարող, կողակից փնտրող մարդիկ: Ավելի ճիշտ է այն, որ սայթում ամեն ինչ կաՙ ե՛ւ գռեհկություն ու հայհոյախոսություն, ե՛ւ առօրյա-կենցաղային խոսակցություն, ե՛ւ գրականության կամ կրոնի վերաբերյալ մտքերի փոխանակություն: Ամեն ինչ կախված է զրուցակիցների դաստիարակությունից, ինտելեկտից ու բարոյականության պատկերացումներից:
Սայթն անպատասխանատու տեղ է: Կեղծ, ճշմարտանման, շատ ավելի սակավՙ անկեղծ մի քանի տվյալ լրացնելուց հետո իր նիկը (սայթից օգտվողի համակարգչային անունը) գրանցելուց հետո օգտվողն իրեն զգում է մոտավորապես այնպես, ինչպես զգում է, ասենք, հայաստանաբնակըՙ տեւական ժամանակով այլ երկրում հայտնվելով կամ իրեն «անտեսանելի» ու անպատժելի զգալով: Չճանաչված լինելու վստահությունը նրան գայթակղում է գեթ մանր չարաճճիություններ անելու կամ ֆլիրտով զբաղվելու: Կան նաեւ մարդիկ, ում բնազդներն առաջ են անցնում բանականությունից նաեւ ռեալ կյանքում, ու սայթը նրանց համար անբարոյականության խրախճանքի գտնված վայր է դառնում: Կրկնեմՙ ամեն ինչ կախված է տվյալ մարդու առանձնահատկություններից:
Սայթը նաեւ մարդու իսկական տեսակը ցույց տվող կատալիզատոր կարելի է համարել: Իրական կյանքում օրինապահ, ընտանիքին ու բարոյականությանը հավատարիմ համարվող մեկն այստեղ կարող է անառակության քարոզիչ լինել: Ու սայթ մտնելը չէ, որ փչացնում է այդպիսի մարդուն. նա պարզապես ցույց է տալիս իր այն հատկությունները, որ ոչ համակարգչային կյանքում խուսափում է ի ցույց դնելուց: Մենք խոսում ենք հոգեբանորեն կայացած մարդու մասին: Ինչ խոսք, որ դեռահասների կամ անկայուն հոգեկերտվածք ունեցողների համար սայթն ինքն է վատ դաստիարակ դառնումՙ նրանց «հրամցնելով» միայն կոպիտը, վատը, գռեհիկը, կենդանականը:
Որքան մարդը վերահսկում է իր բնազդային ցանկությունները, այդքան նրան կարելի է դաստիարակված կամ կիրթ (քաղաքավարի) համարել: Բարոյականության իր արժեքային համակարգը չստեղծած դեռահասի մեջ այդ վերահսկողությունն ապահովող ներքին արգելակներ կա՛մ չկան, կա՛մ սաղմնավորման փուլում են: Իսկ անկայուն մեծահասակների մեջ դրանք պարզապես ինչ-ինչ պատճառներով շարքից դուրս են եկել, չեն աշխատում:
Արդեն ասացինք, որ սայթում մարդը (կանանց կոկետությունը եւ տղամարդկանց շատ դեպքերում շինծու ինքնավստահությունը չհաշված) իրեն առավել բնական է պահում: Դա դրական է այն դեպքում, երբ մարդը բարի, ազնիվ, կամեցող, հոգատար է: Այստեղ նա կարող է ընտրել իրեն հոգեհարազատ զրուցակցի ու չվախենալ, որ իր ազնվությունը «հարիֆության», իսկ ագրեսիվության պակասըՙ վախկոտության հետ կշփոթեն: Եթե շփոթողներ լինեն էլ, հոգ չէ. հեռացնում-ջնջում է այդ զրուցակցի պրոֆայլը կամ նիկը ծանոթների իր էջից ու անցնում առաջ:
Սայթից օգտվողների մեջ ոչ փոքր թիվ են կազմում, պայմանականորեն ասած, միայնակները: Ռեալ կյանքում բազմաթիվ ընկեր-բարեկամներով շրջապատված, ամուսնացած կամ չամուսնացած կանայք ու տղամարդիկ կան, ովքեր կարիք են զգում լսված ու հասկացված լինելու: Չափազանցություն չթվա, բայց այն միտքը, որ իրեն վիրտուալ տարածքում մեկը սպասում է ու անհանգստանում, եթե առանց զգուշացնելու մի քանի օր չես լինում, մարդկանց մի մասին օգնում է եթե ոչ սիրված, ապա գոնե սպասված զգալու: Իսկ թե դա կամ դրա բացակայությունը ինչ է նշանակում, առանձին ու զուտ հոգեբանական խոսակցության նյութ է:
Շփման, գրագրության լեզուն հիմնականում անգլիատառ հայերենը կամ ռուսերենն է: Քչերը գիտեն, որ Armenian Unicod-ով կարելի է նաեւ հայատառ հայերենով գրել: Ով էլ գիտի, չի անում կա՛մ իներցիայից ու չվարժվածությունից ելնելով, կա՛մ խուսափելով հայերեն անսխալ գրելու իր անկարողությունը ցուցադրելուց: Սայթից երկարատեւ օգտվողների համար խնդիրներ են առաջանում հայատառ հայերենով տեքստ մուտքագրելիս: Անգլիատառ հայերենը, պարզ է, բացասաբար է անդրադառնում լեզվամտածողության վրա: Բայց քիչ չեն դեպքերը, երբ նույնիսկ այդպիսի հայերենով գեղարվեստական ստեղծագործություններին հարիր գրություններ են հայտնվում:
Ի տարբերություն իրական շփումների, համակարգչով շփվելիս նախ ծանոթանում են զրուցակցի լեզվին, գրելու ոճին (կամ դրա բացակայությանը), մտածողությանը: Եթե մարդն այդտեղ մտել է արկածներ փնտրելու, ամեն ինչ ավելի հեշտ էՙ մի քանի օր մտքերի, ապա լուսանկարների ու հեռախոսահամարների փոխանակություն, ցանկության դեպքումՙ հանդիպում մի քանի անգամ եւ ... անցում հաջորդին: Ավելի բարդ է ամուսին (կին) կամ ոչ մեկօրյա ընկեր փնտրողների համար: Շատ դեպքերում 2-3 ամիս սայթում զրուցելուց, նկարներ փոխանակելուց հետո մեկ հանդիպումը կամ պարզապես հեռախոսազանգը բավական է լինում հետագա հանդիպումներից եւ նույնիսկ համակարգչային շփումներից խուսափելու համար: Մարդիկ մեկ-երկու անգամ իրար տեսնելով, հասկանում են, թե որքան անհամատեղելի են կամ պարզապես միմյանց դուր չեն գալիս: Պատճառներից է այն, որ նրանք որքան էլ բնական կամ անկեղծ լինեն համակարգչի առջեւ, կամա թե ակամա ցանկանում են դուր գալ զրուցակցին ու ոչ միշտ են անկեղծՙ մտքեր արտահայտելիս: Մեկ այլ պատճառ է վերը նշվածի հակառակը. տղան (աղջիկը) ջանք էլ չի թափում դուր գալու: «Ինչ կամ, էս եմ»-ը կա՛մ դիմացինի նկատմամբ հարգանքի բացակայությունից է, կա՛մ ամեն ինչ օր առաջ պարզել-պարզեցնելու, ծանոթության կամ հետագա շփումների մեջ իր շահագրգռվածությունը թաքցնելու ցանկությունից: Պատճառներից է նաեւ այն, որ գրեթե բոլորը զրուցակցի իրական տեսքը, ձայնը, պահվածքը չեն կարողանում «տեղադրել»-հարմարեցնել նրա մասին իր մտքում ստեղծված ստերեոտիպի շրջանակներում:
Եզրափակելու փորձ անելով, նշենք, որ համակարգչային շփումներում, գրեթե ինչպես իրական կյանքում, ամեն ինչ կա. հույսեր, խանդ, հաշտություն, անմաքրություն, բաժանում, բարություն, ասպետություն, սրիկայություն, հուսահատություն...
Վիրտուալ աշխարհում էլ մենք ենք կամ մեր շրջապատի մարդիկ: Նրանց մեծ մասը հաճույքով կհրաժարվի ծանոթությունների զանազան սայթերից ու ամենա-ամենա հետաքրքիր զրուցակիցներից, եթե իրենց կողքին ունենան մեկին, ով կլինի կին (ամուսին) կամ պարզապես ուշադիր, հոգատար եւ լսելու պատրաստ ընկեր: Մյուս կողմից էլ համակարգչին չափից դուրս շատ ժամանակ տրամադրողները, բացի այն, որ առողջության հետ կապված խնդիրներ են սկսում ունենալ (տեսողության թուլացում, գլխացավեր, որոշ դեպքերումՙ սրտխառնոց, ցավեր ողնաշարի շրջանում եւ այլն), կարծես ինքնափակվում են համակարգչային աշխարհումՙ իրենք իրենց զրկելով ռեալ կյանքում նոր ծանոթություններ հաստատելու, մարդկանց հետ իրականում շփվելու առանց այդ էլ ոչ մեծ հնարավորությունից:
Chat-ը անբռնազբոս զրույց է թարգմանվում: Պե՞տք է ենթադրել, որ իրական կյանքում, շփումներում անբռնազբոսության, բնականության, անկեղծության պակաս կա, ու այնքան, որքան մարդիկ ակնկալում են գտնելՙ համակարգիչը միացնելով ու ... առաջին հերթինՙ «տեսնեմ սայթում ով կա»-ն ստուգելով:
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ