«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2007-09-12 | #166, 2007-09-13 | #167, 2007-09-14


ԲԱՔՎՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբերի 17-23-ը Բաքվում կկայանա հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը, որում մեդալներից զատ կվիճարկվեն Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Յուրաքանչյուր քաշային կարգում 1-8-րդ տեղեր զբաղեցրած ըմբիշներն իրավունք կստանան մասնակցելու օլիմպիական խաղերին: Այս հանգամանքն, ինչ խոսք, էլ ավելի կսրի մրցակցությունը: Իսկ հայ մարզիկների համար Բաքվում հանդես գալը կրկնակի պատասխանատու եւ միեւնույն ժամանակ հոգեբանորեն շատ բարդ խնդիր է, մանավանդ որ մի շարք խոչընդոտներ հաղթահարելուց հետո միայն հաջողվեց լուծել Հայաստանի հավաքականների մասնակցության հարցը:

Երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Բաքու մեկնող Հայաստանի մարզական պատվիրակության անդամների հանդիպումը մարզաշխարհի ներկայացուցիչների ու լրագրողների հետ: Պատվիրակության ղեկավար Ռազմիկ Ստեփանյանը տեղեկացրեց, որ 31 հոգուց բաղկացած խումբը, որի կազմում են 15 ըմբիշներ, Բաքու կմեկնի Թբիլիսիով: Քանի որ առաջինը մրցասպարեզ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները, ապա մեր պատվիրակության առաջին խումբը Բաքու կուղեւորվի սեպտեմբերի 15-ին, մյուս մասըՙ 2 օր անց: Ռազմիկ Ստեփանյանը նաեւ նշեց, որ ամեն ինչ արվել է կազմ ու պատրաստ առաջնությանը ներկայանալու եւ հաջող մրցելույթներ ունենալու համար: Բաքվում են գտնվելու նաեւ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը, որոնց հետ հայկական կողմի մի շարք հանդիպումների ու բանակցությունների արդյունքում վերջիններիս շնորհիվ հնարավոր եղավ ադրբեջանական իշխանություններից անվտանգության ապահովման երաշխիքներ ստանալ:

Մեր ըմբիշներին, պատվիրակության մյուս անդամներին բարեմաղթանքի խոսքեր հղեց ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Վերջին 20 տարում հայ մարզիկներից ոչ ոք Բաքու ոտք չի դրել եւ ըմբիշներն առաջինն են, որ Ադրբեջանում պետք է ելույթ ունենան եւ ձգտեն հայկական եռագույնը բարձրացնել ու մեր երկրի հիմնը հնչեցնել: Սա սովորական մրցաշար չէ, օլիմպիական ուղեգրերի համար լուրջ պայքար է ընթանալու: Մեր ըմբիշների ելույթներին հետեւելու է ողջ հայությունը: Յուրաքանչյուր մարզիկ պետք է գիտակցի, որ գորգում պայքարում է իր ազգի պատվի համար: Ուստի պետք է գոտեմարտել կրկնակի եռանդով, մինչեւ վերջին շունչը պայքարել: Ես չեմ ցանկանա, որ հայ ըմբիշն ադրբեջանական հողում պարտվի, սակայն եթե դա պատահի, հարկավոր է տղամարդավարի պարտվել, արժանապատիվ գոտեմարտել: Բոլորիդ հաջողություն եմ ցանկանում եւ հույս ունեմ, որ վերադարձին Հայաստանի սահմանին մեծ շուքով ու հանդիսությամբ ենք դիմավորելու մեր ըմբիշներին»:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հակիրճ ներկայացրին իրենց սաներին, նշելով, որ նրանք բավական լավ են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, գիտակցում են այն պատասխանատվությունը, որ ընկած է իրենց վրա եւ պատրաստ են ամեն ջանք ներդնելու օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար:

Հայաստանի ըմբիշները հանդես կգան քաշային 7 կարգում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Ռոման Ամոյանը (55 կգ), Խոսրով Մելիքյանը (60), Արման Ադիկյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Դենիս Ֆորովը (84 կգ), Արման Գեղամյանը (96 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (120 կգ):

Ազատ ոճայիններից մրցագորգ դուրս կգան Վահան Սիմոնյանը (55 կգ), Արմեն Կարապետյանը (60 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ), Ռուսլան Կոկաեւը (74 կգ), Վադիմ Լալիեւը (84 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ) եւ Ռուսլան Բասիեւը (120 կգ): Նշենք, որ 96 կգ քաշային կարգում պետք է հանդես գար Շամիլ Գիտինովը, սակայն նա ուսագոտու վնասվածք է ստացել: Հայաստանն իր ներկայացուցիչը կունենա նաեւ կանանց մրցաշարում: Վերջին շրջանում Հայաստանի դրոշի ներքո է հանդես գալիս ռուսաստանցի Կարինե Շադոյանը (63 կգ): Տեղեկացնենք, որ հանրային հեռուստատեսությունն ուղիղ եթերով հեռարձակելու է Բաքվի աշխարհի առաջնությունը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4