Երեկ ուշ երեկոյան` Երեւանի ժամանակով ժամը 24-ին Մեխիկոյում գործի դրվեցին շախմատային ժամացույցները եւ ութ ուժեղագույն գրոսմայստերները սկսեցին մրցավեճը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Նախօրեին` բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ մասնակիցների վիճակահանությունը: Լեւոն Արոնյանին բաժին ընկավ 7-րդ համարը: 1-ին համարն աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն է, որին ըստ հերթականության հաջորդում են Մորոզեւիչը, Անանդը, Գրիշչուկը, Լեկոն, Գելֆանդը եւ Սվիդլերը:
Եվ այսպես, երեկ Լեւոն Արոնյանը սեւերով պետք է մրցեր ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: Առաջին տուրում զույգեր են կազմել նաեւ Կրամնիկն ու Սվիդլերը, Անանդն ու Գելֆանդը, Գրիշչուկն ու Լեկոն: Շրջանաձեւ մրցակարգով աշխարհի չեմպիոնը կորոշվի երկրորդ անգամ: Առաջին անգամ նման մրցակարգով աշխարհի առաջնության մրցախաղ էր անցկացվել երեք տարի առաջ արգենտինական Սան Լուիս քաղաքում, որտեղ վստահ հաղթանակ էր տոնել բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը: Վերջինս, որքան էլ զարմանալի է, դուրս է մնացել Մեքսիկայի մրցաշարի մասնակիցների ցանկից: Պատճառն այն է, որ նա Էլիստայում Կրամնիկի հետ մրցախաղում կորցրել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սակայն բուլղարացի գրոսմայստերը դեռեւս հնարավորություն ունի իրեն վերադարձնելու ուժեղագույնի կոչումը: Եթե Մեխիկոյում հաղթի Կրամնիկը, ապա Թոփալովը խաղ-ռեւանշի հնարավորություն կստանա: Իսկ եթե Մեխիկոյում հաղթի մյուս մասնակիցներից որեւէ մեկը, ապա արդեն Կրամնիկը կարող է ռեւանշի հասնելու համար մրցախաղ անցկացնել աշխարհի նոր չեմպիոնի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ