«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2007-09-13 | #167, 2007-09-14 | #168, 2007-09-15


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒՅԶԸՙ ՎԱՐՉԱՊԵՏ

Ավանդական եւ բնական հարցՙ Զուբկովը հրեա՞ է, թե՞ ոչ

Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը հերթական անգամ ցուցադրեց, որ այդ երկրի կյանքի բոլոր առանցքային հարցերը լուծում է միայն մի պետական այրՙ ինքը: Միխայիլ Ֆրադկովի հրաժարականից հետո փորձագետների մեծ մասը համոզված էր, որ նրա տեղը կգրավի առաջին փոխվարչապետ եւ գահի հիմնական հավակնորդ Սերգեյ Իվանովը: Կամՙ Մեդվեդեւը: Կամ, ծայրահեղ դեպքում, Նարիշկինը կամ Յակունինը: «Գուշակներից» ոչ մեկը չէր տվել Վիկտոր Զուբկովի անունը: Մինչդեռ Պուտինը մատնանշեց հենց նրան: Եվ ռուսական մամուլը հեղեղվեց այն հարցի պեղումներով, թե ինչո՞ւ հենց նա: Նույնիսկ կոմունիստների լիդեր Գենադի Զյուգանովը, ասես մոռանալով, թե ինչպես էին իրար փոխարինում խորհրդային առաջնորդները, սրտնեղում է, թե ինչո՞ւ վարչապետի թեկնածուի ընտրությունն իրականացվում է որպես հատուկ գործողություն եւ ոչ թե որպես դեմոկրատական արարողակարգ (արագ են փոխվում ժամանակները):

Զուբկովը պատկանում է Պուտինի պիտերյան թիմին: Աշխատել է ագրոարդյունաբերական հատվածում, հարկային, ֆինանսական մարմիններում: Երբեք չի եղել հրապարակային քաղաքագետ, ըստ երեւույթին ինքն է խուսափել այդպիսին լինելուց: Մոտիկից ճանաչողները բարձր են գնահատում նրա մարդկային ու պրոֆեսիոնալ հատկությունները: Ամենակարեւորըՙ վայելում է Պուտինի հարգանքն ու վստահությունը տակավին Պետերբուրգի քաղաքապետարանում նրա տեղակալ աշխատած տարիներից: Բնավորությամբ խիստ մարդ է, ազնիվ ու արդարամիտ: Նրա անունը չի կապված կոռուպցիոն կամ այլ կարգի սկանդալների հետ: Արժանվույնս է գնահատված նրա ավանդը Ռուսաստանի ֆինանսական մոնիտորինգ կոչված ծառայության ստեղծման ու զարգացման մեջ: Ըստ էության դա յուրօրինակ հետախուզական մարմին է ֆինանսների բնագավառում, երբ խնդիր է դրվում հսկել ու բացահայտել անօրինական ֆինանսական գործողությունները երկրի մակարդակով: Նրա շնորհիվ պետությանն են վերադարձվել միլիարդավոր ռուբլիներ, կասեցվել են բանկային բազմաթիվ օրինախախտումներ (թեեւ դա չի խանգարել, որ Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը նրան համարի վերին աստիճանի բարեկիրթ մարդ ու բարձրակարգ մասնագետ):

Զուբկովի միակ էական թերությունը համարում են նրա տարիքըՙ 66: Նա ինքը պատրաստվում էր անցնել կենսաթոշակի եւ դառնալ սենատոր Լենինգրադի մարզից: Եվ հանկարծՙ երկրի երկրորդ բարձրագույն պաշտոնյա: Կարծիքներ հայտնվեցին, որ Սերգեյ Իվանովի թեկնածության դեմ, ըստ երեւույթին, հանդես են եկել երկրի այսօրվա տերերըՙ ուժայինները: Բացի այդ, Ֆրադկովի պես Զուբկովը եւս հավակնոտ մարդ չէ եւ կարող է բավարարվել տեխնիկական վարչապետի կարգավիճակով: Իր այս ընտրությամբ Պուտինը ձգտում է կարգի բերել կառավարությունը եւ իշխանության վերջնագծում ունենալ բարձրակարգ պրոֆեսիոնալներով ու իրեն նվիրված համախոհ մարդկանցով հագեցած գործադիր մարմինՙ ընդունակ շարունակելու երկրի զարգացման ներկա ռազմավարական ուղին:

Առավելագույնս խճողվեց նախագահի հավակնորդի հարցը, մանավանդ երբ Զուբկովը հայտարարեց, որ եթե իրեն հաջողվի դրական արդյունքների հասնել նոր պաշտոնում, ապա ինքը կմասնակցի նախագահական ընտրություններին:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հ. Գ.- Քաղաքական սրախոսներն առիթը բաց չթողեցին հռչակելու, որ Զուբկովի թիկունքին սարի պես կանգնած է ռուսական բանակը, քանզի պաշտպանության ներկա նախարար Անատոլի Սերդյուկովը նրա միակ աղջկա ամուսինն է...

Եվ ինտերնետը հեղեղվեց մի հրատապ հարցովՙ Զուբկովը հրեա՞ է, թե՞ ոչ: Կամ նրա կինը...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4