Ինչքան էլ Ալիեւը հոխորտա, պատերազմը ոչ մեկի համար տարբերակ չէ
«Մի՛ որոնեք հակասություններ մեր միջեւ, դրանք չկան, եւ մի՛ հարցրեք մանրամասներ, մենք չենք ասի», երեկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ համատեղ տված ասուլիսում: Ստեփանակերտում ԼՂ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, ապա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մեկուկեսժամյա (ասուլիսից հետոՙ նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ) հանդիպումներից հետո Մերզլյակովը նշեց, որ հանդիպումների ծրագիրը հագեցած էր, Բակո Սահակյանից էլ ստացել են շատ հետաքրքրական տեղեկություն, որը դեռ պետք է վերլուծեն:
«Մենք դրական տպավորություն ունենք այդ հանդիպումներից եւ ամենաքիչը ենթադրում ենք, որ մեկնումը Բաքու (այսօր-Ա.Հ.) այս հանդիպումներից հետո ստացավ լրացուցիչ խթան, եւ հույս ունենք, որ Բաքվում էլ հանդիպումները կանցնեն ոչ պակաս արդյունավետ», նշեց Մերզլյակովը:
Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների ընթացքում բանակցային գործընթացի հնարավոր սառեցման կապակցությամբ ներկայացրեց եռանախագահների կարծիքը, թե ընտրությունները չպետք է սառեցնեն բանակցային գործընթացը, քանի որ համանախագահները երկու մայրաքաղաքների միջեւ կշարունակեն միջնորդական դերակատարությունը: «Թերեւս ոչ այդքան հաճախ եւ սեղմ պարբերականությամբ հանդիպումներ լինեն, բայց դա չի նշանակում, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ի վիճակի չեն լինի հանդիպել եւ համանախագահներն էլ չեն շարունակի աշխատանքը», ընդգծեց Ֆասիեն:
Երեւանյան ասուլիսում համանախագահներն անդրադարձան Բաքվում արած հայտարարություններին: Մասնավորապես, տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ, Բեռնար Ֆասիեն Ստեփանակերտում հայտարարել է Լեռնային Ղարաբաղիՙ հակամարտության կարգավորման ձեւաչափ ընդգրկելու ընդունելիության, մինչդեռ Մեթյու Բրայզան իբր հայտարարել է ձեւաչափի փոփոխման անհնարինության մասին:
Բեռնար Ֆասիեն նախ ներկայացրեց, որ ձեւաչափ հասկացությունը Ֆասիե-Մերզլյակով-Բրայզա համանախագահները ընկալում եւ օգտագործում են միայն Մինսկի խմբի համար: «Միջնորդական առաքելության պատասխանատվությունը դրված է Մինսկի խմբի ուսերին: Իսկ բանակցությունները վարելու պատասխանատվությունը վերաբերում է բացառապես եռակողմ համանախագահությանըՙ ԱՄՆ-Ֆրանսիա-Ռուսաստան»:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղիՙ բանակցային գործընթացում որպես կողմի ներգրավվելուն, ապա համանախագահները հիշեցրին, որ նախկինում ԼՂ ներկայացուցիչները ներգրավված են եղել այդ գործընթացում եւ ապագայում էլ Լեռնային Ղարաբաղիՙ բանակցային գործընթացին մաս դառնալը որքան շուտ լինի, այնքան լավ:
«Երբեք չե՛մ ասել, որ բարեկամները Լեռնային Ղարաբաղից իրավունք չունեն մասնակցելու բանակցային գործընթացին», պարզաբանեց ամերիկացի համանախագահ Բրայզան, ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղն արդեն իսկ մասնակցում է գործընթացին, սակայն տարբեր դրսեւորմամբ: «ԼՂ ներկայացուցիչների կարծիքը հաշվի է առնվում անուղղակիորեն եւ օրերից մի օր նրանք կդառնան բանակցությունների մաս»:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ապագա հնարավոր հանդիպմանը, ֆրանսիացի համանախագահը նշեց, որ ներկա դրությամբ հնարավոր չէ որեւէ բան ասել, քանի դեռ խորհրդակցություններ չեն եղել Բաքվում: «Մենք այստեղ (Երեւանում-Ա.Հ.) անցել ենք այդ ճանապարհի (նախագահների հանդիպման առաջարկի-Ա.Հ.) կեսը: Մենք կգնահատենք այդ հանդիպումն առաջարկելու հավանականությունը եւ կանցնենք ողջ ճանապարհը»:
Համանախագահները, լրագրողների հարցերին ի պատասխան, կրկին հաստատեցին իրենց տեսակետը ՄԱԿ-ում Ադրբեջանիՙ «սառեցված» հակամարտությունների վերաբերյալ նախաձեռնության եւ ալիեւյան «պատերազմելու պատրաստակամության» առնչությամբ: Ըստ այդմ, միջնորդները ՄԱԿ-ում ԼՂ հարցի քննարկումը ոչ օգտակար են համարում: Ինչ վերաբերում է Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին, ապա դրանք չեն նպաստում կարգավորմանը: «Մեզ համար չնպաստող ամեն ինչ վնասակար է», ընդգծեց Մերզլյակովը, իսկ Ֆասիեն եւս մեկ անգամ հավաստեց. «War is not an option for anybody. -Պատերազմը ոչ մեկի համար տարբերակ չէ»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ.- Զեյնո Բարանի հետ Մեթյու Բրայզայի ամուսնության առնչությամբ շնորհավորանքի խոսքից հետո հարցին, թե որքանո՞վ դա կազդի Բրայզայի գործունեության վրա, Բրայզան, ինքն իրեն արհեստավարժ դիվանագետ եւ Կովկասը 10 տարի իմացող որակելով, միայն պատասխանեց. «Շնորհակալություն շնորհավորանքի համար»: