«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2007-09-14 | #168, 2007-09-15 | #169, 2007-09-18


ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՅԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՐԳԵՆ»

Հանրային հեռուստառադիոընկերության նպատակները հեռահար են եւ ուղղված են մեկ նպատակիՙ Հանրային պետք է ոչ միայն նայեն, այլեւ հարգեն: Սա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի ձեւակերպումն է եւ Եվրոպական հեռարձակողների միության քննարկումների եզրակացությունը, որին պետք է հասնի Հանրայինը մասնավոր առաջատար հեռուստառադիոընկերությունների հետ մրցելով: Ինչպես ասում են` նպատակդ ի կատար, աչքերս էլ ջուր չկտրի:

Տեխնիկական նոր հնարավորություններ ընտրությունները լուսաբանելիս

Ալեքսան Հարությունյանի կարծիքով, խորհրդարանական ընտրությունների փուլում Հանրային հեռուստաընկերության աշխատանքը միջազգային կառույցների գնահատմամբ դրական էր եւ ոչ պակաս դրական կլինի նախագահական ընտրությունների լուսաբանման գնահականը: «Մի փոքր կատարելագործում ենք մեր մարզային ցանցը, մարզային թղթակիցներին վերապատրաստում եւ այնտեղից ուղիղ միացումների տեխնիկական նոր հնարավորություններ ենք ունենալու: Կարծում եմ, նախագահական առաջիկա ընտրությունները կլուսաբանենք մինչեւ այժմ Հայաստանում օպերատիվության չեղած մակարդակով: Գաղափարապես պարտավոր ենք լուսաբանել օրենքով սահմանված կարգով», ի պատասխան հարցի, պարզաբանեց Ալեքսան Հարությունյանը երեկ հրավիրված ասուլիսում:

«Ազատությունը» պարտքը տվել է

«Ազատություն» ռադիոկայանի հետ եղած խնդիրներն արդեն հարթվել են եւ երկարատեւ բանակցություններից հետո գտնվել են լավագույն լուծումները: Առանց մրցույթի ստացած հաճախությունները Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն կարող վճարովի տրամադրել այլ հեռարձակողների եւ 2 ժամ 5 րոպե կրճատելով Ռադիո Երեւանի (ծածկույթը շատ քիչ է զիջում հանրայինի ծածկույթին) ծրագրերըՙ հնարավորություն տվեցինք «Ազատություն» ռադիոկայանին նախընտրած ժամերին հեռարձակելու իր հաղորդումները: Երեկ հայտարարեց Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանըՙ հավելելով. «Այն երկրների շարքում (Ադրբեջան, Ղրղըզստան), որտեղ «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակվում է հանրային ռադիոյով, կարծում եմ, Հայաստանը չպետք է շարունակեր մնալ»: Մի քանի օր առաջ լուծվել է նաեւ «Ազատության» եւ Հանրայինի միջեւ առկա ֆինանսական խնդիրը. «Ազատությունը» պարտքը վճարել է հիմնականում», տեղեկացրեց Ալեքսան Հարությունյանը:

Պարադոքս սերիալների շուրջ

«Մեր առջեւ հեռուստաֆիլմերի եւ հեռուստատեսային սերիալների արտադրությունը շատացնելու խնդիր ենք դրել: Երեկ մի ռուսական ընկերության հետ ավարտեցի բանակցությունները հայ-ռուսական եւս մի ֆիլմի արտադրության առնչությամբ, որը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստան այցի ժամանակ ծրագրված մահափորձը ՀՀ եւ ՌԴ հատուկ ծառայությունների համատեղ ջանքերով կանխելու մասին է», այս մասին տեղեկացնելուց հետո Ալեքսան Հարությունյանը հավաստեց, որ սերիալներն աստիճանաբար պակասելու են Հանրայինի եթերից, այդ թվումՙ նաեւ սփյուռքի համար հեռարձակումներում: Սերիալների արտադրությունը խթանելու եւ ցուցադրումը կրճատելու պարադոքսը չբացատրվեց:

Իրենք իրենց արածից խրախուսված

«Երեւան» ստուդիայի եւ կոմերցիոն միջոցներով ու բանակի աջակցությամբ նկարահանված «Մի վախեցիր» ֆիլմի առաջին ցուցադրումը 85-90% լսարան է ապահովել եւ մինչ այժմ DVD ամենամեծաքանակ վաճառքն ապահոված made in Armenia շարքում է: «Իսկ չմասնակցեց «Ոսկե ծիրան» փառատոնին, որովհետեւ մենք ֆիլմեր նկարելիս նպատակ չենք ունենում «Օսկարի» կամ «Ոսկե ծիրանի» արժանանալու, մենք նկարահանում ենք ֆիլմեր, որոնք հեռուստադիտողը նայում է ու դրանք շարունակում են մնալ նրա հետ, որ DVD-ները վաճառվում են, երգերը սիրվում եւ այլն: Ռաբիսության մեղադրանքների առնչությամբ, կարծում եմ, սա մի ֆիլմ է, որը ժողովուրդը նայում է եւ սիրում: Քաղքենի չասեմ, բայց կողքի կարծիքը կարեւոր չէ», այսպես պարզաբանեց սեփական մոտեցումը Ալեքսան Հարությունյանըՙ մոռանալով, որ գնահատականն այդ ինքնագոհության ոլորտ է անցնում եւ ապացուցում իրականությունից Հանրայինի բավական կտրված լինելը: Ի վերջո կարելի էր ականջ կախել մարդկանց զրույցներին, որոնք քիչ չէին ռեյտինգի գրանցման օրերին եւ կրում էին դժգոհության շեշտ: Եվ եթե նկատի առնենք, որ նշված ֆիլմը արցախյան գոյամարտին անդրադարձող եզակի ֆիլմ է, իսկ այդ ժամանակահատվածի մասին պատմող ոչ պրոֆեսիոնալ ֆիլմն էլ լսարան կարող է ունենալ, քանի որ չասվածը շատ է, ապա բնական է հետաքրքրությունը, բայց խիստ կասկածելի ժողովրդի հետ մնալու հեռանկարը:

Ապառիկով աչքալուսանք

Առաջիկա 3-4 տարիներին հեռուստատեսությունում ու ռադիոյում իրականացնելիք թվայնացման հեղափոխությունը Հանրային առաջին ալիքից եւ երիտասարդական «Նոր ալիքից» բացի, որը մայիսից կհեռարձակվի ողջ հանրապետությունում, հնարավոր կդարձնի «Մշակույթ» ալիքի գոյությունը: Վերջին տարիներին Հանրային հեռուստառադիոընկերությանը պետբյուջեից տրամադրվող գումարի անփոփոխությունը չի խանգարի ի հաշիվ կոմերցիոն գործունեությունից ստացված եկամուտների «Մշակույթ» ալիքի անգովազդ եթերն ու ռեյտինգից անկախ կազմվող ծրագրով գոյությունը: «Ծրագրում լինելու են այնպիսի հաղորդումներ, ֆիլմեր, համերգներ, որոնք գուցե լայն շրջանակների համար այնքան էլ կարեւոր չեն, սակայն անհրաժեշտ է դրանց հեռարձակումը», վստահեցրեց Ալեքսան Հարությունյանը: Բայց սա կլինի երեք տարի անց, իսկ արդեն այս եթերաշրջանում Հանրայինը մի խումբ նոր ծրագրեր կներկայացնի հատուկ սփյուռքի եւ հայաստանաբնակ հեռուստադիտողին, այդ թվում եւ «Մենք ենք, մեր սարերը» հեռուստահաղորդումըՙ եթեր տրամադրելով հայկական ժողովրդական երգի պրոֆեսիոնալներին, անկախ նրանց ճանաչվածության չափից: Հանրայինում փաստորեն հանկարծ նկատել են, որ հայկական ժողովրդական երգարվեստի պակասն այնքան մեծ է, որ անգամ անմշակ կատարումները ռեյտինգ են ապահովում: Երեւի մի օր էլ կգիտակցվի մնացյալ պակասը լրացնելու անհրաժեշտությունը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4