«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2007-09-14 | #168, 2007-09-15 | #169, 2007-09-18


ԳԱԳԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇԱՏ Է ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-«ԱԼՌՈՍԱ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

«Այս համաձայնագիրն այն է, ինչ մենք ուզում էինք եւ որը կնքվեց 1,5 տարվա աշխատանքի արդյունքում», Հայաստանի կառավարության եւ ռուսաստանյան «Ալռոսա» ընկերության միջեւ օգոստոսի 6-ին կնքված համաձայնագրի մասին խոսելիս շաբաթ օրը Մամուլի ազգային ակումբում հայտարարեց Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ, «Դի Սի Էյ» ադամանդագործական ընկերության սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Աբրահամյանը:

Գագիկ Աբրահամյանը շեշտեց համաձայնագրի կնքման բարձր մակարդակը` ընդգծելով, որ Ռուսաստանում, ի տարբերություն Հայաստանի, բոլոր նման խոշոր ընկերությունները պետական են, ուստի համաձայնագիրը կնքվել է երկու երկրների քաղաքական որոշմամբ: Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահի խոսքով, համաձայնագրով ռուսական «Ալռոսա» ընկերությունը Հայաստանի ադամանդագործական եւ ոսկերչական ձեռնարկություններին հումք է տրամադրում, իսկ մերոնք էլ պարտավորվում են մշակել հումքն ու վերադարձնել Ռուսաստանին: Նրա խոսքով, Ռուսաստանում կա թանկարժեք քարերի մեծ խմբաքանակ, որի մշակումը Ռուսաստանի համար նպատակահարմար է իրականացնել Հայաստանում: Գագիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանի թանկարժեք քարերի մշակման ձեռնարկությունների 80 տոկոսն այժմ չի աշխատում եւ այս համագործակցությամբ Հայաստանի ադամանդագործությունը դուրս կգա ճգնաժամից, ձեռնարկություններն էլ կվերագործարկվեն:

Ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մանրամասներին անդրադառնալով` «Դի Սի Էյ» ընկերության սեփականատեր Գագիկ Աբրահամյանը նշեց, որ ռուսական կողմը ցանկանում է Ռուսաստանում 50 ոսկերչական խանութ բացել, որտեղ կվաճառվեն հայ վարպետների պատրաստած զարդերը: Հայաստան-«Ալռոսա» համագործակցությամբ, Գագիկ Աբրահամյանի խոսքով, մեր երկրում լուծվում են մասնագիտական զբաղվածության, բիզնես-պետություն գործընկերության հարցերը: Նա հույս հայտնեց, որ երկկողմ համագործակցությամբ հնարավոր է մեր երկրում համատեղ ձեռնարկություն բացել, եթե, իհարկե, մերոնք «հայավարի» չվարվեն. այսինքն, հումքը մշակեն եւ չվերադարձնեն:

Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահը անդրադարձավ իրենց ասոցիացիայի գործունեության նպատակին` նշելով, որ հիմնական նպատակը դրսի հայ ոսկերիչների փորձը Հայաստան բերելն է: Հոկտեմբերին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կբացվի ոլորտում հայտնի աշխարհի լավագույն ընկերությունների ոսկերչական իրերի ցուցահանդես:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4