«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2007-09-14 | #168, 2007-09-15 | #169, 2007-09-18


ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է

Պետք է Հայաստանում հիմնել նման ծառայություն

«Պալիատիվ բժշկությունը անբուժելի, ծանր, չորրորդ փուլի հիվանդների համար է, որոնց հիվանդանոցներից դուրս են գրում եւ որոնք փաստորեն մնում են առանց բուժսպասարկման: Նրանք մնում են պոլիկլինիկաների բուժման շրջանակներում, իսկ պոլիկլինիկաների սպասարկման օրենքն էլ 1994-ին է եղել, որը ներկայի համար հնացած է»: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված Հայաստանի պալիատիվ բժշկության ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Հրանտ Կարապետյանը խոսեց պալիատիվ բժշկության արդյունավետության եւ Հայաստանում նման ծառայություն հիմնելու անհրաժեշտության մասին:

Ասոցիացիայի նախագահի խոսքով, պալիատիվ բժշկությունը բոլոր քրոնիկական անբուժելի հիվանդություններով հիվանդ մարդկանց համար է եւ ներառում է ցավի բուժման, ախտանշանային եւ պսիխոսոցիալ օգնություն: Հրանտ Կարապետյանը, մատնանշելով իրենց կատարած մոնիտորինգի արդյունքները, հայտնեց, որ պալիատիվ բուժօգնության կարիքը մեր երկրում օրական զգում է 1500-2000 մարդ, իսկ Հայաստանում տարեկան 32 հազար մահացող մարդկանց 70-80 տոկոսն է զգում այդ բուժօգնության կարիքը:

Հրանտ Կարապետյանը նշեց, որ 2003-ին ստեղծված իրենց ասոցիացիան պալիատիվ բուժօգնություն ցուցաբերող մասնագետների կարիք ուներ, ինքը միայնակ էր գնում մարդկանց տները եւ անվճար ցուցաբերում անհրաժեշտ օգնությունը: Սակայն ֆրանսիական մի ծրագրի շնորհիվ այժմ իրենք կարողանում են տարեկան 30 մասնագետներ պատրաստել, ովքեր կարող են պալիատիվ բուժօգնություն ցուցաբերել: Ասոցիացիայի նախագահը մտահոգ է, որ Հայաստանում չկա նման ծառայություն, եւ մարդիկ էլ տեղյակ չեն այսօրինակ բուժման մասին: Մարդկանց տեղեկացնելու համար ասոցիացիան քարոզարշավներ, սեմինարներ է կազմակերպել մարզերում, իսկ նախագահ Հրանտ Կարապետյանը պալիատիվ բժշկության մասին գիրք է հեղինակել եւ տարածել մարզերում: «Կյանքը շարունակվում է....» գիրքը, որ երեկ ներկայացվեց ասուլիսի ժամանակ, պալիատիվ բժշկության մասին է:

«Ինչպիսի՞ն է պալիատիվ բժշկության արդյունավետությունը» «Ազգի» հարցին Հրանտ Կարապետյանը պատասխանեց. «Այդ բուժօգնությունը հիվանդների կյանքի որակի բարձրացումն է ապահովում, որ իրենց շրջապատից դուրս չզգան, տեսնեն, որ իրենց շահերն էլ են պաշտպանվում: Արդյունավետությունը բարձր է, հակառակ դեպքում այդպիսի տարածում չէր գտնի ամբողջ աշխարհում»: Նա տեղեկացրեց նաեւ, որ պալիատիվ բուժօգնությունը սկսվել է Անգլիայից, երբ 1976-ին կոմսուհի Սեսիս Անդերսը բացել է առաջին հոսպիսը:

Պալիատիվ բուժօգնություն ապահովելու համար Հրանտ Կարապետյանը կարեւորեց կառավարության աջակցությունը` խոստանալով 5 տարի հետո Հայաստանում բարձր մակարդակի հասցնել հիշյալ ծառայությունը: Նա նշեց նաեւ, որ առաջին քայլով առողջապահության նախարարությանը կից հակացավային եւ պալիատիվ բուժօգնության կոմիտե պետք է ստեղծել, որը կզբաղվի ծառայության ստեղծման, ինչպես նաեւ օրենսդրական հարցերով: Ասոցիացիայի նախագահը նշեց, որ պալիատիվ բուժօգնության ծառայություններ պետք է լինեն ոչ միայն Երեւանում, այլեւ, սկզբի համար, հանրապետության մյուս մեծ քաղաքներում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4