Տրապիզոնցի է նաեւ նա, ինչպես մարդասպանն ու սպանության պատվիրատուն
Վերջին օրերին թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է հասարակության լայն շրջանակներին անծանոթ երգիչ Իսմայիլ Թյուրութը: Դրդապատճառն այն ձայնասկավառակն ու տեսահոլովակն են, որոնք թողարկվել են Թյուրութի երգով: Օզան Արիֆի խոսքերով գրված երգում «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը գովերգելու համար Թյուրութը առաջ է բերել ինչպես հանգուցյալի ընտանիքի դատապաշտպանների, այնպես էլ թուրք մտավորականների եւ թուրքական մամուլի հակազդեցությունը:
Ավելին, դատապաշտպաններից Ֆեթհիյե Չեթինը համարելով երգի թողարկումը հանցագործության ակնհայտ դրսեւորում, պահանջել է, որ իրավապահ մարմինները միջոցներ ձեռնարկեն երգչի, երգի խոսքերի հեղինակի, ձայնասկավառակն ու տեսահոլովակը թողարկող ընկերության դեմ եւ փակել այն կայքէջը, որտեղ տեղադրվել է այս ամենին առնչվող տեսագրությունը:
Սեպտեմբերի 17-ին Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել Օզան Արիֆի, Իսմայիլ Թյուրութի եւ նրանց դեմ, ովքեր երգի տեսագրությունը ներկայացրել են You Tube կայքէջին: Այսօր Արիֆն ու Թյուրութը ցուցմունքի համար հրավիրվել են դատախազություն: Դրա առնչությամբ «Վաթան» թերթին տված հարցազրույցում Թյուրութն ասել է, որ ինքը չի գովերգում Հրանտ Դինքի սպանությունը, զրպարտություն են գովերգության մասին հրապարակված նյութերը, դատապարտում է զրպարտողներին եւ չի զղջում երգի համար: Այնուհետեւ նա ավելացրել է. «Երգից չեմ հրաժարվի: Շարունակելու եմ երգել: Խնդիրը ոչ թե երգն է, այլ տեսահոլովակն ու դրանում պատկերված լուսանկարներն են: Մի՞թե կարելի է առաջնորդվել «եթե հայ է, ուրեմն պետք է ազգի դավաճան լինի» տրամաբանությամբ»:
Ի դեպ, ձայնասկավառակը թողարկող ընկերությունը կոչվում է «Օգյուն», որը Դինքին սպանող Սամասթի անունն է նաեւ: Մարդասպանի անվան հետ երգի խոսքերում հիշատակվում է նաեւ սպանության պատվիրատու Հայալի Յասին անունը: Երգում դատապարտվում են «հայամետները» (քեմալական ազգայնականներն այսպես են անվանում Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական թեզը քննադատող թուրք մտավորականներին` Թաներ Աքչամի գլխավորությամբ), հիշատակվում է հայրենիքի դավաճանների մասին, թե նրանց հարցը անպայման կլուծվի, որին հաջորդում է «Սեւ ծովում երբեք մայր չի մտնում թուրքական եւ իսլամական արեւը» նախադասությունը:
Ինչ վերաբերում է տեսահոլովակին, ապա այնտեղ մարդասպան Օգյուն Սամասթի եւ սպանության պատվիրատու Յասին Հայալի լուսանկարների ֆոնին պատկերվել է «Ակօսի» խմբագրատան մայթին անշունչ ընկած հանգուցյալ Դինքի աճյունը: Այլ կերպ, սպանության գովերգումն ակնհայտ է, իսկ հանցանքի տարրերի առկայությունը ինչպես երգի խոսքերում, այնպես էլ տեսահոլովակում` ակնհայտ:
Հատկանշական է, որ Օգյուն Սամասթի եւ Յասին Հայալի պես տրապիզոնցի է նաեւ «Մութ ծրագրեր մի դյութեք» երգի կատարող Իսմայիլ Թյուրութը: Հիշեցման կարգով նշենք նաեւ, որ Դինքի սպանությունից մեկ տարի առաջ մեծապես լազերով բնակեցված Տրապիզոնում էր կատարվել կաթոլիկ քահանա Սանտորոյի սպանությունը, այն էլ եկեղեցում, հենց աղոթքի պահին: Այսինքնՙ մարդասպանի պակասորդ չունեցող տրապիզոնցիները ինչո՞ւ ունենան սպանությունը գովերգողների պակասություն:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ