Համոզված է տարածքային կառավարման փոխնախարարը
Էներգետիկական առումով, եթե խոսքը վերաբերում է էլեկտրականությանը, համայնքներում մենք այսօր որեւէ խնդիր չունենք` գոնե ներկայիս պահանջարկի առումով: Գազաֆիկացման առումով էլ ընկերությունն իր տասնամյակի կապակցությամբ արդեն ներկայացրեց, թե ինչքան աշխատանք է կատարել, եւ այսօր մենք ունենք շատ ու շատ գազաֆիկացված բնակավայրեր: Երեկ «Ուրբաթ» ակումբում համայնքային խնդիրների մասին խոսելիս հայտարարեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը` միաժամանակ նշելով, որ առաջիկայում իրենք մտածում են կապի խնդիրների լուծման մասին, ինչը կնպաստի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: Հարյուր օրական կառավարության ներկայացուցիչը կառավարության այս ծրագիրը համարեց նախորդներից ավելի լավը, քանի որ «սա ավելի տպավորիչ է բարեփոխումների առումով: Այստեղ ընդգրկված են ավելի շատ հավակնոտ գաղափարներ, որ պիտի կյանքի կոչվեն»: Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս 100 օրվա ընթացքում կառավարության նախանշած բոլոր ուղղություններով արդեն որոշակի աշխատանքներ կատարվել են եւ ամենակարեւորըՙ սկսել են համալիր ծրագրեր ունենալու աշխատանքները:
Փոխնախարարի խոսքով, կառավարության նոր ծրագրով ավելի մեծ ուշադրություն է դարձվում համաչափ զարգացման խնդիրներին: Նրա խոսքով, մարզերի եւ մայրաքաղաքի միջեւ աղքատության ցուցանիշի տարբերությունը մտահոգիչ է, բայց միեւնույն ժամանակ մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ աղքատության տարբերության նվազման միտում է նկատվում: Փոխնախարարը նշեց, որ վերջին տարիներին Երեւանի եւ մարզերի միջեւ համաչափ զարգացում ապահովելու համար կառավարությունը բոլոր խոշորամասշտաբ ծրագրերն ուղղում է դեպի գյուղական համայնքներ: Այդպիսի ծրագրերից նա առանձնացրեց մայրուղիների շինարարության ծրագրերն ու հավելեց, որ այս տարի նախատեսում են գյուղական եւ միջգյուղական ճանապարհների վերանորոգման խնդիրը լուծել: Փոխնախարարը նկատեց նաեւ, որ վերջին տարիներին բավական մեծ ներդրումներ են կատարվում մարզերում, բիզնես գաղափարներ էլ կան երեւանամերձ քաղաքներում: Վաչե Տերտերյանի խոսքով, համայնքային խնդիրների լուծմամբ, ենթակառուցվածքների ստեղծմամբ պետությունը բիզնեսի համար ստեղծում է բարեկարգ եւ բարեհարմար միջավայր:
Փոխնախարարը հայտնեց, որ Երեւանի մասին օրինագիծը կառավարության քննարկմանը կներկայացվի հոկտեմբերին, այժմ մշակման վերջին փուլում է: Վաչե Տերտերյանի խոսքով, օրինագծով նախատեսվում է քաղաքապետի անուղղակի ընտրություն, իսկ մայրաքաղաքն էլ պահպանում է իր ներկայիս ծավալները: Քաղաքում կատարվելիք հնարավոր փոփոխություններն անվանելով կոսմետիկ` փոխնախարաը նշեց, որ որոշ բնակավայրեր հնարավոր է միացվեն մարզերին, իսկ Նուբարաշեն եւ Նորք-Մարաշ համայնքներն էլ միացվեն իրար:
Փոխնախարարը հայտնեց, որ կառավարությունը բնական աղետների դեմ պայքարի նոր ձեւի է անցնում, այսինքն` աղետների վնասների փոխհատուցումից անցնում է դրանք կանխարգելելու քաղաքականությանը: Հիշեցնենք, որ այս մասին օրեր առաջ ասել էր նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ հեռուստահարցազրույցում: Փոխնախարար Տերտերյանը նշեց, որ բյուջեից մեծ գումարներ են հատկացվել գետերի հուների մաքրման, ափերի ամրացման եւ նման այլ աշխատանքների կատարման համար: Նրա խոսքով, միայն Արաքսի ափերն ամրացնելու համար արդեն ծախսվել է 1 մլրդ դրամ:
Լրագրողները փորձեցին պարզել, թե Զոլաքարի գյուղապետն ինչպես է իրեն թույլ տալիս «Լեքսուս» մեքենա գնել, երբ գյուղում բավական հոգսեր կան: Փոխնախարարը տեղում պարզեց, որ գյուղապետն արդեն հրաժարվել է այդ մտքից, որի իրագործմանը, ամենայն հավանականությամբ, խանգարել է լրագրողների հետաքրքրասիրությունը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ