«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2007-09-18 | #170, 2007-09-19 | #171, 2007-09-20


ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ

Վրացի «հայրենասերները» «ընդունում են» Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորուստը

«Մենք` զտարյուն վրացիներս, մեր հայրենիքը` Վրաստանը սիրող հայրենասերներս, ընդունել ենք այս հայտարարությունը կապված մեր երկրի անվտանգության ու ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ անջատողական երեւույթների վտանգի մեծացման հետ: Վրաստանի տարածքում ապակառուցողական գործունեություն են տանում անօրինական կազմակերպություններ` ուղղված Վրաստանի ազգային շահերի դեմ... Վրացական նոր տարածքների կորուստը մեր ազգի համար կարող է աղետ դառնալ...», հատկապես ադրբեջանական կայքէջերի մատուցմամբ, նման հայտարարություն են տարածել իրենց «Վրաստանի հայրենակիցների միություն» ներկայացնող մի խումբ մարդիկ` ստորագրելովՙ Գոգի Չիպաշվիլի, Գիվի Սալուկաձե, Ամիրան Աբաշիձե, Աբել Ջավախաշվիլի եւ այլք:

Բնականաբար, բավարար չէ լրջությունն այսօրինակ հայտարարությանը գնահատական տալու համար, բացի «ծայրահեղական-ծալապակաս» լինելուց: Բայց միանգամից աչքի է զարնում «Վրացական նոր տարածքների կորուստը» արտահայտությունը: Դժվար թե իրեն հայրենասեր ու ծայրահեղական դրսեւորումների ունակ համարող այս կառույցի պատասխանատուներն իրենց թույլ տային հենց այսօրինակ արտահայտություն:

Ի՞նչ է, ստացվում է, որ հենց հայրենասեր վրացիներն արդեն իսկ համակերպվե՞լ են, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան կորուստներ են Վրաստանի համար: Տվյալ դեպքում ավելի շուտ ադրբեջանական հասարակության մեջ տարածված այն դիրքորոշումն է, թե Ղարաբաղն այլեւս վերադառնալի չէ:

«Ծայրահեղ հայրենասիրական» հիշատակված կառույցի հայտարարության այսօրինակ նախաբանը, պարզվում է, վերաբերում է Ջավախքի հայերին: «Հայերը, որ մեզ հետ հարեւանությամբ ապրել են դարեր եւ ում մենք տեղ ենք տվել մեր հողի վրա, արդեն տարածքային պահանջներ են ներկայացնում Վրաստանին»: Հայտարարության համաձայն, իբր Սամցխե-Ջավախեթիում ապրող հայերը քարոզչություն են սկսել եւ եթե նրանց չկանգնեցնեն, ապա կարճ ժամանակից Սամցխե-Ջավախեթին եւ հարակից շրջանները կմիացվեն Հայաստանին:

Իսկ առավել հետաքրքրական է, որ իրենց հայրենասեր որակող ինչ-որ անձինք, չգիտես ինչու, հանկարծ որոշել են լուրջ վերաբերվել իբր անջատողական ձգտումներին: «Նախկինում մենք` վրացի հայրենասերներս, լուրջ չէինք ընդունում հայերի նման նկրտումները: Բայց այսօր հայկական անջատողականությունն իրական վտանգ է դառնում Վրաստանի եւ վրացիների համար»:

Այնուհետեւ «հայրենասերները» նշում են, թե հայերը Ջավախքը դիտարկում են որպես «իրենց ապագա տարածք»: Եվ դրանից էլ ելնելով` «հայրենասերները» հայտարարում են. «.. մտադիր ենք «պաշտպանել մեր հայրենի հողը, սկսել զինված պարտիզանական պայքար հայ անջատողականների դեմ»: Այդ նպատակով էլ սեպտեմբերի 18-ից «Վրաստանի հայրենակիցների միությունը»ՙ մոտ 2500 վրացի հայրենասերներ իրենց կամավորական ջոկատներով, զենքով սկսում է պատերազմ ընդդեմ հայ անջատողականների»:

Հայտարարության շարունակությունը թերեւս շատ ավելի ադրբեջանական դատողություններին է հարիր, քան վրացական մտածելակերպին: «Մենք մտադիր չենք հանդուրժել մեր նախնիներին հազարամյակներով պատկանած հողերի օկուպացումը հայ անջատողականների կողմից: Ամեն պահի մենք պատրաստ ենք զենքով կռիվ սկսել տեղաբնիկ հայերի դեմ»:

Չնայած այսօրինակ խոսքերին` «հայրենասերների» կազմակերպությունը, պարզվում է, դեմ չէ պատասխանատվությունը ուրիշի ուսերին բարդելուն` Վրաստանի իշխանություններին կոչ անելով լինել ուշադիր. «Քանի որ բախման ու արյունահեղության պատասխանատվությունը կկրի հենց պետության ղեկավարը: Պարտիզանական այդ պատերազմում մենք կառավարությունից որեւէ օգնություն կամ աջակցություն չենք սպասում», վերջին միտքն էլ ոչ այնքան հասկանալի մոտիվացիայով հավելելով, «պատերազմ» հայտարարող կազմակերպությունը ավարտել է իր հայտարարությունը:

Անդրադարձն այս հայտարարությանը հիմնավորված չէր լինի տրամաբանությամբ, եթե պարզ մեկ իրողություն հաշվի չառնենք: Խնդիրն այն է, որ նման ցնդաբանությունը կարող է բնավ էլ իրական հիմք չունենալ, բայց իրողության մեջ, կոնկրետ իրավիճակներում իսկապես կարող են կրակոցներ հնչել Ջավախքում, եւ այդ դեպքում արդեն իսկ առկա կլինի անհասցե մի մեղավոր: Բնավ էլ բացառված չէ, որ հայերը Ջավախքում կարող են լուրջ խնդիրներ ունենալ, եւ եթե բանը հասնի բախման, ապա մի խումբ «հայրենասերների» առկայությունը, առավել եւս` «զինված պարտիզանական պատերազմ» վարելու պատրաստակամության այսօրինակ ապացույցն արդեն իսկ գործը կարճելու հիմք կարող է դիտվել: Եվ գնա ու փնտրիր ինչ-որ «հայրենասերների»...

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ.- Վրացական մեր աղբյուրները դժվարացան հիշել ինչպես նման անվանմամբ կազմակերպություն, այնպես էլ հիշատակված անձանց: Բայց, ինչպես ասում է ռուսական ասացվածքը. «Чемчертнешутит»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4