Այս խորհուրդներն է Հայաստանի իշխանություններին տվել ԱՄՀ պատվիրակությունը
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փոխնօրեն Լորենսո Պերեսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում գտնվելու վերջին օրը, երկրի ղեկավարների եւ ֆինանսատնտեսական ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներից հետո երեկ հանդիպեց լրագրողների հետ: Պատվիրակության Հայաստան այցելության նպատակն էր աղքատության կրճատման եւ տնտեսական աճի ծրագրի ամփոփիչ ստուգման համար քննարկումներ անցկացնելն ու 2008-ի բյուջեի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելը:
Ըստ ԱՄՀ պատվիրակության տրամադրած տեղեկատվության, պահպանվում են տնտեսության բարձրՙ երկնիշ աճի ցուցանիշները, ցածր գնաճը եւ հարկահավաքման մակարդակի ավելացումը: 2008-ի հեռանկարը գնահատվում է դրական: Նշվում է, որ արտարժույթի ներհոսքը կպահպանվի եւ երկրի արտաքին մրցունակությունը պահպանելու համար շրջահայաց դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությանը զուգահեռ, հարկ է վերացնել տնտեսական աճի կառուցվածքային խոչընդոտները:
Հարկաբյուջետային քաղաքականության առումով ԱՄՀ-ն կարեւորում է ՀՆԱ-հարկային եկամուտներ գործակցի բարձրացումըՙ ենթակառուցվածքների վերականգնումը ֆինանսավորելու, աղքատության կրճատման եւ գործարարության միջավայրը բարելավելու տեսանկյունից:
Դրամավարկային քաղաքականության մեջ Կենտրոնական բանկը պետք է պատրաստ լինի ավելի մեծ զսպողական քաղաքականություն իրականացնելու, եթե սննդամթերքի եւ էներգակիրների բարձր գներն առաջացնեն գնաճային ճնշումներ: Բացի այդ, ԿԲ-ին խորհուրդ է տրվում շարունակել բանկերին խիստ նորմատիվային պահանջներ ներկայացնել եւ խրախուսել ռիսկերի կառավարման թափանցիկությունը:
Այդուհանդերձ, ԱՄՀ պատվիրակությունը գտնում է, որ հարկ է բարձրացնել հարկահավաքման արդյունավետությունը, թափանցիկությունը եւ արդարացիությունը, ներմուծման մեջ նվազեցնել մենաշնորհային գործելակերպը, վերացնել ներկայիս հարկային արտոնությունները եւ չսահմանել նորերը:
«Ազգի» այն հարցին, թե «Ի՞նչ խորհուրդ են տվել ԱՄՀ ներկայացուցիչները Հայաստանի կառավարությանը մենաշնորհների նվազեցման առումով այն դեպքում, երբ մեր օրենսդրությամբ մենաշնորհն արգելված չէ», Լորենսո Պերեսը պատասխանեց, որ իրականում կոնկրետ առաջարկություններ իրենք չեն արել: Պարզապես փորձել են համոզել, որ նոր ընկերությունների շուկա մտնելիս խոչընդոտներ չլինեն եւ որ տարբեր ընկերությունների նկատմամբ լինեն հավասար պայմաններ:
Հարկային վարչարարության կատարելագործման մասին խոսելիս ԱՄՀ փոխտնօրենը նշեց, որ Հայաստանի կառավարությունը բավական ժամանակ լուրջ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: Դա, սակայն, չի նշանակում, որ հնարավոր չէ ավելին անել: Մասնավորապես, առաջարկվել է եկամտահարկի եւ շահութահարկի փոխարեն կիրառել ինքնագնահատման համակարգը, որը նվազագույնի կհասցնի չարաշահումների հնարավորությունն այստեղ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ