«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2007-09-19 | #171, 2007-09-20 | #172, 2007-09-21


ՍՏԵՂԾԵ՞Լ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ...

Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձը: 16 տարին թերեւս բավարար ժամանակ է, որպեսզի Հայաստանն այլեւս չկոչենք նորանկախ: Բարեբախտաբար վերջերս այդ արտահայտությունն աստիճանաբար դուրս է մղվում է մեր բառապաշարից: Բարեբախտաբար, անկախ երկրում ապրելը դառնում է բնականոն երեւույթ եւ արդեն դադարում ենք զարմանալ, որ Հայաստանն այլեւս անկախ է: Մի բան, որ 20 տարի առաջ ուղղակի աներեւակայելի կթվար: Որ յուրաքանչյուր ժողովրդի բնական վիճակը սեփական անկախ պետության մեջ ապրելն է, ապացուցված ճշմարտություն է եւ հավելյալ ապացուցման կարիք չունի: Սակայն դա պետք է լինի մեկ գլխավոր պայմանի առկայությամբՙ անկախ պետություն ստեղծելը ոչ թե ինքնանպատակ պետք է լինի, այլ միջոցՙ տվյալ ազգի զարգացման եւ բարգավաճման, խաղաղ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Պետության բոլոր քաղաքացիները պետք է զգան, որ դա իրենց պետությունն է, որ իրենք են այդ պետության անմիջական կերտողները, այդ պետության տերն ու ծառան: Այլապես անկախությունը կարող է բարեկեցություն բերել միայն իշխանությանը մոտ կանգնած այս կամ այն խմբին, բնակչության գերակշիռ մասին թողնելով համատարած թշվառության մեջ: Արդյոք մենք կառուցե՞լ ենք այնպիսի երկիր, որը դարձել է բնակչության համար երանելի ազգային պետություն, թե՞ այդպիսին է լոկ իշխանական շրջանակների համար:

Միանշանակ չի կարելի պատասխանել այս հարցին: Նախ դիտարկենք 16 տարվա մեր անցած ճանապարհը: Անշուշտ, այդ ճանապարհի սկզբին բազում էին ծանր զրկանքներն ու զոհողությունները: Դրանց մեջ զգալի մաս էին կազմում օբյեկտիվ, մեր կամքից անկախ դժվարությունները: Բայց մի՞թե դրանք չէին կարող ավելի թեթեւ լինել, մի՞թե հնարավոր չէր մարդկանց ապացուցել, որ այդ դժվարությունները կիսում են բոլորըՙ սկսած երկրի առաջին դեմքից մինչեւ յուրաքանչյուր շարքային քաղաքացի: Մարդիկ ավելի շատ դժգոհում էին ոչ թե դժվարություններից, ցրտից ու մթից, այլ անարդարություններից, իր կողմից իսկապես ժողովրդավարական ճանապարհով ընտրված (1990-1991) իշխանություններից: Իշխանություններ եւ իշխանավորներ, որոնք դժբախտաբար քարուքանդ արեցին ժողովրդական վստահության այն մեծ պաշարը, որ տրվել էր նրանց: Մինչդեռ ինչե~ր կարելի էր անել այդ վստահության պաշարով:

Հաղթահարեցինք 90-ականների դաժան տարիները եւ այդ ժամանակվա իշխանություններին: Հաղթահարեցինք, պետության հանդեպ զարթնած հավատի մեծ կորուստով: Իշխանությունները փոխվեցին: 1998-ից մինչ օրս իշխանության ղեկին, ըստ էության, նույն ուժն է: Սպասելիքները գործող իշխանություններից այլեւս մեծ չէին: Հավատը իշխանության նկատմամբ կոտրվել էր երկար ժամանակով: Ցավալին այն է, որ դա հավատի կորուստ էր նաեւ պետության նկատմամբ: Արդարացրի՞ն նոր իշխանությունները թեկուզ արդեն ոչ մեծ վստահությունը: Ժխտել այն, ինչ տեղի ունեցավ մեր երկրի տնտեսական կյանքում վերջին 6-7 տարիներին, անհնար է: Համատարած աղքատությունը էապես նվազեց, տնտեսությունը զարգացավ եւ մենք այսօր ունենք բոլորովին այլ իրավիճակ, քան ասենք 1997-ին:

Սակայն գործող իշխանությունները եւս մնացին նախկին իշխանությունների ստեղծած համակարգի շրջանակներում: Անարդարությունները չվերացան, զարգացող տնտեսության մեջ սկսեցին ազդեցիկ դիրքեր զբաղեցնել երկրի ղեկավարներին մոտ կանգնած մենաշնորհատեր գործարարները, դեռեւս մոտ 1 մլն մարդ համարվում է աղքատ, մարդիկ իրավացիորեն դեռ չեն հավատում պետական պաշտոնյաներին, իսկ վերին իշխանություններն էլ դեռ գտնվում են նաեւ օրենքից վեր: Ուրեմն կարո՞ղ ենք ասել, որ ստեղծել ենք մեր երազած Հայաստան պետությունը, թե՞ ձախողել ենք այդ գործում:

Թերեւս կարող ենք ասել, որ շատ ճանապարհ ենք անցել ժողովրդավարական եւ բարեկեցիկ երկիր ստեղծելու ուղղությամբ, բայց դեռ ավելի շատն էլ պետք է անցնենք: Ուստի մաղթենք մեզ բոլորիս այդ ճանապարհն անցնել հնարավորինս արագ եւ նվազ զրկանքներով, որպեսզի շուտ հասնենք այն պահին, երբ սեպտեմբերի 21-ը միմյանց շնորհավորենք առանց թաքնված կամ անթաքույց երգիծանքի, հպարտությա՛ն զգացումով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4