Հակառակ ներկուսակցական միջադեպերին
«Երկու տարի առաջ կուսակցության քաղխորհրդի անդամները անլուծելի խնդիրներ էին առաջադրում, իսկ հունիսին կայացած մեր քաղխորհրդի նիստում նորից պահանջներ, առաջարկներ, պնդումներ եղան: Ես էլ ասացի` եթե կա մեկը, որ կարող է լուծել այդ խնդիրները, ես պատրաստ եմ վայր դնել լիազորություններս: Ոչ ոք չցանկացավ վերցնել այդ պատասխանատվությունը», «Ազգային վերածնունդ» կուսակցության շուրջը ստեղծված խոսակցություններին անդրադառնալիս երեկ «Հայացք» ակումբում ասաց կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը: Հիշեցնենք, որ նախօրեին «Ազգային վերածնունդ» կուսակցության տարածքային մի քանի կառույցների ղեկավարներ հայտարարություն էին տարածել, որում դատապարտել էին «Դաշինքի» եւ ՀՌԱԿ-ի հետ միավորվելու Ալբերտ Բազեյանի քաղաքականությունը` մեղադրելով կուսղեկավարին կուսակցությանը անգործության մատնելու մեջ:
Ալբերտ Բազեյանի խոսքով, նախ հայտարարության հեղինակները ոչ թե կուսակցության տարածքային մի շարք կառույցների ղեկավարներ են եղել, այլ ընդամենը Աշտարակի կառույցի ղեկավար Սիմոն Գրիգորյանը, է, մի երկու տասնյակ կուսակցական Էջմիածնից եւ մեկ հոգի Գյումրիից: «Իսկ մեր կուսակցության շուրջ երկու երրորդը Երեւանից է, եւ ոչ մեկը չի ստորագրել այդ հայտարարության տակ: Ես ո՞րն ընտրեմ հիմա` մի քանի տասնյակի՞ն, թե՞ կուսակցության գերակշիռ մասին: Եթե ես կուսակցության ղեկավար չեմ, ինչո՞ւ են ինձնից ակնկալում ակտիվություն, պահանջում խորհրդի նիստ հրավիրել», հարցնում է Ալբերտ Բազեյանը:
«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավարը հայտնեց, որ մինչեւ տարեվերջ ինքը կղեկավարի կուսակցությունը, իսկ տարեվերջին կայանալիք համագումարը կորոշի ե՛ւ ղեկավարի, ե՛ւ նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցերը: Ամենայն հավանականությամբ, Ալբերտ Բազեյանը չի մասնակցի նախագահական ընտրություններին. «Ես դեմ եմ մեկ թեկնածուով ընտրություններին մասնակցելու գաղափարին, ես չեմ առաջադրվի, եթե Սիմոն Գրիգորյանն (կուսակցության Աշտարակի տարածքային կառույցի ղեկավարն է ու այս աղմուկի հեղինակը, ում կուսակցությունը պատրաստվում է անվստահություն հայտնել- Գ. Գ. ) ուզում է, թող առաջադրվի», ասաց Բազեյանը: Նա մտահոգ է, թե ինչու եւ ինչպես է մամուլում այդպես տարածվում մի քանիսի աղմուկը, բայց ոչ մի արձագանք չի գտնում այն հանգամանքը, որ իրենց կուսակցության մի քանի անդամներ հանդիպումներ են ունենում ռուսամետ գործիչների հետ:
Կուսակցությունում եղած տարաձայնությունների մասին խոսելիս կուսղեկավարն ընդգծեց, որ դժգոհություն ունեցողները կարող էին դիմել եւ խնդրել քննարկել իրենց հուզող հարցերը եւ ոչ թե միանձնյա որոշումներ կայացնեին: ՀՌԱԿ-ի եւ «Դաշինքի» հետ միավորվելու հարցը քննարկման փուլում է, եւ Բազեյանի մեկնաբանմամբ, այդ միավորումը լավագույն ձեւն է կուսակցությունը փրկելու, որն առանց այդ էլ ծանր կացության մեջ է. «Թե չէ ի՞նչ պիտի անենք մենք առաջիկա 4-5 տարիներին»: Նրա խոսքով, այս ամենն ինքը պետք է բացատրի իր կուսակցականներին, բայց այդ բացատրությունների կարիքը զգում են նաեւ ՀՌԱԿ-ի եւ «Դաշինքի» որոշ շարքեր: Այդուհանդերձ, կուսղեկավարի խոսքից նկատվեց, որ նախանշվող միավորմանը երեք կողմերից էլ դեմ մարդիկ կան:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունում ստեղծված իրավիճակը ինչ-որ առումներով հիշեցնում է ՍԻՄ-ի պատմությունը, երբ նախընտրական գործընթացների շեմին կուսակցությունը քայքայվեց եւ մինչեւ հիմա էլ դեռ երկուստեք (երկու թեւերի ՍԻՄ-ականների միջեւ` խաչատրյանական եւ բաբուխանյանական թեւերի միջեւ) վեճերը շարունակվում են: Մեր այս տպավորությունն ավելի ամրապնդվեց, երբ «Ազգային վերածնունդի» պառակտման գործում դրսի ուժերին կասկածելու հարցի վերաբերյալ Բազեյանը հայտարարեց. «Չեմ կարող բացառել, որ կա որոշակի ազդեցություն դրսից, եթե աղմուկ են բարձրացրել լրատվամիջոցներով»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ