Մոսկվայում էր ֆինլանդաբնակ նկարիչ Արամայիս Ավետիսյանը (Արմո): Երեւանի գեղարվեստի ինստիտուտն ավարտելուց հետո նա մոտ երկու տասնամյակ ապրում եւ ստեղծագործում էր Մոսկվայում, համարվում էր տեղի աչքի ընկնող նկարիչներից մեկը: Գերադասում էր կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնապատկերներ, ավանգարդ, սիրում էր գրքի նկարազարդումներ եւ այլն: Այդ տարիներից գիտեինք իրար: Այնուհետեւ ամուսնացավ ֆիննուհու հետ, տեղափոխվեց Հելսինկի ու ահա արդեն 20 տարի բնավորվել է այդ հյուսիսային երկրում: Չնայած թեւակոխել է կյանքի յոթերորդ տասնամյակը, մնացել է նույն կենսուրախ, հումորաշատ, տաքարյուն ու զգացմունքային գյումրեցին:
- Արմո, դու քեզ սփյուռքահա՞յ ես համարում:
- Չէ, ջանըմ, ձե՞ռ ես առնում, գյումրեցուց ի՜նչ սփյուռքահայ:
- Դու պայծառ գույներ սիրող ազգային նկարիչ ես, խորթություն չե՞ս զգում այդ սառը երկրում:
- Արվեստի տեսակետից բնակության վայրն ինձ համար նշանակություն չունի: Ռուսաստանն ավելի սառը երկիր է: Ես Հայաստանում մեր նկարչական ավանդներով ձեւավորված, եթե չասեմ` կարծրացած, մարդ եմ եւ ամեն տեղ մնացել եմ նույնը: Եթե ուզում ես իմանալ, իմ արվեստով փորձում եմ տաքացնել նրանց, տարածել մեր գեղարվեստը:
- Ստացվո՞ւմ է:
- Պատկերացրու, ստացվում է: Ես Ֆինլանդիայի նկարիչների միության անդամ եմ եւ ինձ հաճախ հրավիրում են մասնակցելու տարբեր վայրերում կազմակերպվող ցուցահանդեսների: Հաճելի է, որ տարբերվում եմ մյուսներից եւ գրավում այցելուների ուշադրությունը:
- Դու նկատի ունես Ֆինլանդիայո՞ւմ:
- Ոչ միայն: Ֆինները ցուցահանդեսներ են կազմակերպում շատ երկրներում: Վերջերս, օրինակ, ցուցադրվում էինք Մարոկկոյի մայրաքաղաք Կասաբլանկայում: Ի դեպ, այնտեղ հետաքրքրական միջադեպ տեղի ունեցավ: Ինձ ասացին, որ իմ աշխատանքները խիստ դուր են եկել Եվրոմիության ներկայացուցչին եւ նա ուզում է ինձ հետ ծանոթանալ: Սովորաբար նման միջոցառումների ժամանակ նկարիչն ինքն է ներկայացնում իր կտավներն, ու ես երկյուղած մտածում էի, թե ի՜նչ կարող եմ նրան պատմել իմ կոտրած ֆիններենով կամ անգլերենով: Սակայն եկավ այդ բարձրաստիճան անձը եւ ինձ դիմեց... ընտիր արեւմտահայերենով: Հետո էլ կարդաց Սիամանթոյի եւ Վարուժանի բանաստեղծությունները: Մտերմիկ զրուցում էինք, երբ մոտեցավ մեկը եւ ասաց, որ ինքն էլ ֆրանսահայ է: Եվ չնայած միջոցառմանը միայն քաղցրավենիք էին հրամցնում, հնարավոր չէր «մի բան» չխմել:
- Արամայիս Ավետիսյան` քո անունը դժվարամարս չէ՞ ֆինների ու առհասարակ եվրոպացիների համար:
- Տեղի սրամիտ հայ ընկերներս նույնիսկ ինձ համար կեղծանուն են հնարել` Արմոլայնեն: Բայց ես չէի ուզի, որ նույնիսկ կատակի լուրը հասներ իմ հայրենի Գյումրի. նույն օրը խաչ կքաշեն ինձ վրա: Վերջերս Հայաստանի հեռուստատեսությունը մի ֆիլմ էր նկարահանել իմ մասին եւ մի քանի անգամ ցուցադրել: Նորերս Գյումրիում էի. այ մարդ, ուր գնում եմ, մարդկանց դեմքը պայծառանում է` դու գյումրեցի Արմոն չե՞ս: Ժապավենը խիստ դուր էր եկել նրանց: Մի օր նույնիսկ փողոցում մոտեցավ անծանոթ մեկը եւ միանգամայն լուրջ տոնով ասաց, որ ես շատ նման եմ Ֆինլանդիայում ապրող գյումրեցի նկարիչ Արմոյին: Թե չէ.. Արմոլայնե՜ն:
- Ֆինլանդիայում կա՞ հայ համայնք:
- Փորձում ենք ստեղծել, բայց կա հոգեբանական մի դժվարություն, որը չենք կարողանում հաղթահարել: Մեծ հայություն չկա, երեւի մի քանի հազար, բայց նրանք հավաքվել են աշխարհի զանազան հայաշատ վայրերից եւ ինչ-որ տեղ տարբերվում են իրարից սովորությամբ, մտածելակերպով, նկարագրով: Ըստ երեւույթին, ժամանակ է պետք ընդհանուր ազգային հայտարարի գալու համար:
- Եկեղեցի էլ չկա՞:
- Ավանդաբար չի եղել, հարուստ հայեր էլ չկան, որ ֆինանսավորեն նոր եկեղեցու կառուցումը: Նման հոգեւոր օջախն իրոք կարող էր միավորել բոլորիս: Մեկ-մեկ հավաքվում ենք ռուսական եկեղեցում: Ակտիվ են անձնական շփումները:
- Ի՞նչ կապերի մեջ ես Հայաստանի հետ:
- Կհավատա՞ս, Ֆինլանդիա ոտք դնող հայերն առաջին հերթին ինձ մոտ են գալիս:
- Երեւի ամենաթանձր հայը դու ես, կամ էլ չես կորցրել... խորոված անելու քո մեծ շնորհքը: Հիշո՞ւմ ես, Մոսկվայի քո արվեստանոցում հենց շամփուրները դնում էիր կրակի վրա, թաղամասի բոլոր անտեր շները բուրմունքից աղեկտուր ոռնում էին:
- Ֆինլանդիայի շներն, իհարկե, ավելի «քաղաքակիրթ» են (ծիծաղում է): Դե, առանց դրա էլ չի լինի: Այցելում են ինձ նաեւ Հայաստանից եկած պաշտոնյաներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, քննարկում ենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել մեր հայրենիքին: Մի անգամ հետաքրքրական զուգադիպություն տեղի ունեցավ: Գյումրու մեր տոհմը նկարչական «թեքում» ունի: Ահա եւ Հելսինկիում կազմակերպել էինք ցուցահանդես, որին մասնակցում էինք ես, եղբայրս, քույրս եւ եղբորս տղան: Իսկ այդ օրերին Ֆինլանդիայում էր գտնվում Հայաստանից եկած պաշտոնական մի պատվիրակություն, եւ ֆիննական կողմը նրանց... հրավիրել էր մեր միջոցառմանը: Անմոռաց հանդիպում էր, սրտներս լցվել էին...
- Ինչի՞ վրա ես հիմա աշխատում:
- Գուցե տարիների բեռն է պատճառը, բայց վերջերս շատ եմ խորհում ցեղասպանության մասին: Ուզում եմ մեծ կտավ ստեղծել այդ թեմայով: Սակայն ինքդ ես հասկանում, որ նյութը շատ խորն է ու զգայուն եւ պետք է սկզբից յուրացնել, նոր գործի անցնել: Առհասարակ մեծ ցանկություն ունեմ անձնապես թե ֆինլանդահայերի միջոցով օգտակար լինել Եվրոպայում եղեռնի ճանաչման գործին: Պարզապես չգիտեմ, թե տեխնիկապես ինչպես կարելի է կազմակերպել: Եթե ձեր թերթը օգնի ինձ այդ հարցում, խորապես շնորհակալ կլինեմ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա