Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 8-ին լրացել էր հայկական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկի` Արկադի Անդրեասյանի ծննդյան 60-ամյակը: Եվ ահա սեպտեմբերի 22-ին, ժ. 18.30-ին «Հանրապետական» մարզադաշտում կսկսվի Արկադի Անդրեասյանի մեծարման երեկոն, որ կազմակերպել է «Միկա» ֆուտբոլային ակումբի հովանավոր Միքայել Բաղդասարովը:
Հանդիսության ծրագրում տեղ են գտել ֆուտբոլային երկու հանդիպումներ, յուրաքանչյուրը 15 րոպե տեւողությամբ: Նախ մարզադաշտում կմրցեն «Միկան» ու «Արարատ-73-ը», ապա մեր լեգենդար վետերանների թիմը ուժերը կչափի 70-ական թվականների ԽՍՀՄ հավաքականի հետ: Վերջինիս կազմում հանդես կգան կաշվե գնդակի անցյալի հանրահայտ վարպետներ Գուցաեւը, Խուրցիլավան, Մաչաիձեն, Նոդիան, Բլոխինը, Օնիշչենկոն, Ռուդակովը, Տրոշկինը, Բիբան, Բուրյակը, Օլշանսկին, Լովչեւը, Պապաեւը: Արկադի Անդրեասյանը հաջորդաբար հանդես կգա 3 թիմերի կազմում էլ: Նախատեսված է նաեւ համերգային ճոխ ծրագիր Դնեպրովի, Կիկաբիձեի, Սոսո Պավլիաշվիլու, Պեսկովի, ինչպես նաեւ հայ էստրադայի անվանի երգիչների, պարային համույթների մասնակցությամբ: Հանդիսությունը կավարտվի հրավառությամբ: Մուտքը մարզադաշտ տոմսերով է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ