«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2007-09-19 | #171, 2007-09-20 | #172, 2007-09-21


ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՋՈՂ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ

Բաքվում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության հերթական օրն անհաջող էր Հայաստանի ըմբիշների համար: Մրցագորգ դուրս եկած մեր երեք ըմբիշներից եւ ոչ մեկին չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել:

Մինչեւ 66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Աթենքի օլիմպիադայի մասնակից Ժիրայր Հովհաննիսյանը: Առաջին գոտեմարտում նա հաղթեց իրանցի Թահմազիին, այնուհետեւ հաջորդ փուլում պարտության մատնեց ՀԱՀ-ի ներկայացուցչին, բայց հետագայում պարտվեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Ֆարնիեւին ու դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ վերջինիս չհաջողվեց մտնել եզրափակիչ: Իրբեկ Ֆարնիեւը կիսաեզրափակիչի ճանապարհին պարտվեց թուրք ըմբիշ Ռամազան Շահինին, որը եզրափակիչում հաղթելով կուբացի Գարսոնին, նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Շատ անհաջող էր մինչեւ 74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրած Ռուսլան Կոկաեւի ելույթը: Նա առաջին իսկ գոտեմարտում տանուլ տալով թուրք Գյուլհանին, դուրս մնաց հետագա պայքարից: Քաշային այս կարգում ուժեղագույն ճանաչվեց ռուսաստանցի Մախաչ Մուրտազալիեւը, որը վճռորոշ գոտեմարտը շահեց ուկրաինացի Իբրահիմ Ալդատովից:

Մինչեւ 84 կգ քաշային կարգում էլ Վադիմ Լալիեւին չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել: Նա էլ առաջին իսկ գոտեմարտում զիջեց իրանցի Յազդանիին եւ ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում:

Այսօր մրցագորգ դուրս կգան մեր հավաքականի մյուս երկու անդամներըՙ Էդգար Ենոքյանը (96 կգ) եւ Ռուսլան Բասիեւը (120 կգ): Իսկ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, որի 2 ըմբիշներ օլիմպիական ուղեգրեր նվաճեցին, երեկ վերադարձավ Երեւան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4