Թեեւ այդ երկիրը մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել
Կառավարությունը երեկ պահուստային ֆոնդից 12 մլն դրամ է հատկացրել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանըՙ մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպչական հարցերին աջակցելու համար: Անդրադառնալով այդ որոշմանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ այս տարվա հոկտեմբերի 2-17-ին Երեւանում անցկացվելիք աշխարհի առաջնության կազմակերպման համար կառավարությունն արդեն տրամադրել էր շուրջ 80 մլն դրամ: Նա նաեւ հույս հայտնեց, որ մեր պատանի շախմատիստները հաջող հանդես կգան, ինչպես նախորդ անգամ, երբ Զավեն Անդրեասյանը դարձավ չեմպիոն: Ներկայումս, ըստ նախարարի, մասնակից երկրների կողմից հայտեր են ներկայացվում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Պատասխանելով այն հարցին, թե նման հայտ ներկայացրե՞լ է Ադրբեջանը, Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ դեռեւս նման հայտ չի ստացվել, բայց նշեց, որ Հայաստանի իշխանությունները միանշանակ կապահովեն ադրբեջանական պատվիրակության անվտանգությունը մեր երկրում:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային ըմբշամարտիկի Բաքվում ունեցած հաջող ելույթով եւ նվաճած բրոնզե մեդալով, որի պատվին բարձրացվեց հայոց եռագույնը:
Ա. Մ.