«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2007-09-20 | #172, 2007-09-21 | #173, 2007-09-25


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Սակայն նա կանգնել է հայ-թուրքական հարաբերություններում ընդառաջ քայլ կատարելու հրամայականի առջեւ

Ինչպես ենթադրվում էր, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններով վերստին միանձնյա իշխանության եկավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը: Ենթադրելի էր նաեւ հանրապետության նախագահի պաշտոնում միեւնույն կուսակցության թեկնածու Աբդուլլահ Գյուլի ընտրությունը:

Հարկ է սակայն նշել, որ Հայաստանի պարագայում կարեւորը ոչ այնքան Թուրքիայի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են, որքան դրանց արդյունքների հնարավոր ազդեցությունը հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունների հետագա ընթացքի վրա: Թեեւ, ի տարբերություն նախորդների, Էրդողանի կառավարությունը Հայաստանին «1915-ի մասին չհիշատակելու» եւ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գերիշխանությունն ապահովելու» պահանջներ չի ներկայացրել, սակայն 1915-ի իրադարձությունների ուսումնասիրման համար համատեղ հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում առաջընթաց քայլ կատարելու պահանջներով, այնուամենայնիվ, շարունակել է առաջադրել նախապայմաններ, որոնք նույնքան անհարիր են միջազգային պրակտիկային:

Ավելին, նախորդ կառավարությունների նման Էրդողանի կառավարությունը եւս ղարաբաղյան հիմնահարցով է պայմանավորել հայ-թուրքական սահմանի բացումը: Այլ կերպ, որքան էլ մեղմանան, այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանին նախապայմանների առաջադրումը մնացել է նույնը: Սա հայ-թուրքական հարաբերությունները վերադարձրել է ելման կետ:

Պարզապես ծավալվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, աճել են Թուրքիային հասցեագրված ցեղասպանության ճանաչման պահանջները, դրանք հանգեցրել են թուրքական ժխտողականության դիրքերի սպառմանը: Այս պայմաններում Հայկական հարցը, ինչի մասին դեռեւս արտգործնախարարի պաշտոնում խոստովանել էր Գյուլը, դարձել է Թուրքիայի առաջնահերթ խնդիրն առաջիկա 10 տարիներին:

Այդ ընթացքում ցեղասպանության հարցը երկրում ակտիվորեն վերարծարծվել է, դրան պարբերաբար անդրադարձել է թուրքական մամուլը, նախկին արտգործնախարար Իլթեր Թյուրքմենի գլխավորությամբ պաշտոնաթող դիվանագետները հրապարակավ հայտարարել են, որ Հայաստանը չի հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ձեռնարկումներից:

Նրանց հավելել են լրագրողները. «Եթե Միացյալ Նահանգները չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, դա չի նշանակում, որ Վաշինգտոնում 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» չեն համարվում: Համենայն դեպս, ԱՄՆ պետքարտուղարության պատասխանատուները հայտարարում են, որ իրենք երբեւէ չեն ժխտել ցեղասպանության իրողությունը»:

Այս ամենն, ինչ խոսք, չի ենթադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Բայց որ Թուրքիան կարգավորման առումով կանգնել է առաջընթաց քայլ կատարելու հրամայականի առջեւ, ակնհայտ է: Դրան նպաստում են նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոմիության հարաճուն ճնշումները Անկարայի վրա: Որքան էլ երկիրը խորհրդարանական եւ նախագահական ընտրություններով կանգնի կառուցվածքային փոփոխությունների շեմին, աննախադեպ սրվեն «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունների հետ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հարաբերությունները, որի համար քեմալական ազգայնականությունը 6 սկզբունքներից մեկն է, հասարակական-քաղաքական շրջանակներում բուռն տարաձայնությունների տեղիք տան նոր սահմանադրության նախագծի քննարկումներն, այնուամենայնիվ, Թուրքիայի ներքաղաքական լարվածությունը սրող վերոհիշյալ զարգացումները չեն հանգեցնում հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ թուրքական մամուլի հետաքրքրության նվազմանը:

Թերեւս այդ առումով հատկանշական է հայտնի լրագրող Սամի Կոհենի «Ինչպե՞ս կկարգավորվեն Երեւանի հետ հարաբերությունները» վերնագրով «Միլլիեթի» սեպտեմբերի 19-ի համարում հրապարակված հոդվածը:

Հոդվածում հեղինակը հիշեցնելով հանդերձ, որ Անկարան Ղարաբաղի պատերազմի պատճառով խզել է բոլոր տեսակի հարաբերությունները Երեւանի հետ, 1993-ից Հայաստանը ենթարկել շրջափակման, դրա հետեւանքով փակ է Թուրքիայի հայկական սահմանը, հարցադրում է անում եւ հանգում հետեւյալ եզրակացությանը. «Երկու հարեւան երկրների միջեւ սահմանի բացման դեպքում երկու կողմերն էլ կշահեն: Կաշխուժանան առեւտուրը եւ զբոսաշրջությունը, կկատարվեն ներդրումներ, ինչը կնպաստի տնտեսական զարգացմանը... Որքան էլ սահմանի բացումը լինի ի նպաստ Հայաստանի եւ շրջափակումից վնաս կկրի, այնուամենայնիվ, վերջին շրջանում հայկական տնտեսությունն արագ աճ է ապրում, աճում են նաեւ Երեւանի առեւտրի ծավալները հարեւան եւ Եվրոմիության երկրների հետ, Հայաստանը էլեկտրաէներգիա է մատակարարում Վրաստանին եւ Իրանին: Այսինքնՙ անկախ Թուրքիայի շրջափակումից, հայկական տնտեսությունը շարունակում է զարգանալ: Ավելին, Երեւանի վրա Թուրքիայի սահմանը փակելու միջոցով գործադրած ճնշումը չի ծառայում նպատակին: Օրինակ, դրանով Հայաստանը չի վերանայում ղարաբաղյան քաղաքականությունը, ոչ էլ փոխում է Բաքվի նկատմամբ դիրքորոշումը: Այս խառնաշփոթ հակասությունները հաղթահարելու լավագույն միջոցը կառուցողական մոտեցմամբ բանակցությունների սեղանի շուրջը նստելն է եւ բոլոր հարցերը ներառող համապարփակ երկխոսություն սկզբնավորելը: Նման հավասարակշռության ստեղծումը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական օգուտներ է բերելու երկու երկրներին»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4