Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռուդոլֆ Փերինան երեկ մի փաստաթուղթ ստորագրեցին, ըստ որի ԱՄՆ կառավարությունը Հայաստանի կառավարությանը լրացուցիչ տրամադրելու է 168, 746 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն. սա փաստորեն երկու կառավարությունների միջեւ «Թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության մասին» նամակ- համաձայնագրի 5-րդ փոփոխության մեջ լրացում կատարելու մասին հուշագիր է: Ըստ գլխավոր դատախազության կայքէջի` այդ աջակցությունը լուրջ խթան կդառնա դատախազության եւ մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաեւ անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար: Սա` ընդհանրապես, իսկ ավելի ստույգ` այդ գումարը տրամադրվել է Հայաստանի կառավարության ներկայումս իրականացվող երկու ծրագրերի` ոստիկանության համար նոր հրաձգարանի կառուցման եւ տարածքային համակարգչային ցանցի ստեղծման համար:
Դատախազության մամուլի հաղորդագրությունը չի մոռացել նաեւ նշել, որ սկզբնական համաձայնագրի ստորագրումից` 2001-ի հունիսի 11-ից ի վեր արդեն իսկ տրամադրվել է 8 մլն դոլար, որի շնորհիվ հիմնադրվել եւ գործում է ՀՀ ԳԱԱ-ին առընթեր անկախ փորձագիտական կենտրոնը, ինչպես նաեւ համակարգչավորվել են իրավապահ մարմինների ուսումնական տարբեր կենտրոններ, սահմանային կետերում տեղադրվել են նորագույն տեխնոլոգիաներ եւ այլն:
Մ. Խ.