Մուտք
Հայաստանի 3-րդ հանրապետության 3-րդ նախագահի ընտրություններին դեռ ժամանակ կա. թեկնածուների կամ ընտրություններից ինչ-ինչ ակնկալիքներ ունեցողների համարՙ կարճ, ընտրությունների հետ հույսեր չփայփայողների համարՙ անսահման կամ անչափելի երկար ժամանակ: Այն բանից, թե ով ինչպե՞ս կօգտագործի այդ ժամանակը, կախված է եթե ոչ հայաստանաբնակներիս ճակատագիրը, ապա գեթ օր առաջ բարեկեցիկ կյանք կառուցելու մեր ժողովրդին ընձեռված հերթական (ե՞րբ է վերջինը) հնարավորությունը բաց չթողնելը:
Պատմաքնարական շեղում
Քաղաքականության եւ բարոյականության առնչությամբ բազմաթիվ մտքեր կան, որոնք բոլորը հանգում են այդ երկուսի անհամատեղելիության գաղափարին: 88-ի համընդհանուր հոգեւոր վերելքի մասնակից-ականատեսներին կթվա, թե իրավամբ բարոյականությունն ո՜ւր, քաղաքականությունըՙ ուր, հիշել-հիշեցնելով, թե համազգային ոգեւորության այդ հզոր ալիքով իշխանության եկան մարդիկ. ոմանց կարծիքովՙ ի սկզբանե պատեհապաշտներ, ոմանց կարծիքով էլՙ դեպքերի ու հանգամանքների բերումով այդպիսին դարձածներ: Ոմանց կարծիքովՙ կեղծ հայրենասերներ, ոմանց կարծիքովՙ ազգին ու ազգայինին նվիրված, բայց որոշակի պատճառներով իրենց գաղափարներից մասնակի կամ ամբողջովին ձեռք քաշածներ: Թե այս կարծիքներից ո՞րն է առավել մոտ ճշմարտությանը, արդեն վիճելի է ու երեւի թե վիճելի էլ կմնա, քանի որ անցնող տարիների հեռվից միշտ չէ, որ պատմական այս կամ այն անցքը անաչառ նկարագրության կամ գնահատականի է արժանանում:
Բայց քչերը կժխտեն, թե ինչքան ակնառու էր այն օրերին մարդկանց հայրենասիրությունը, բարությունն ու վերջապես սերը մի ժողովրդիՙ իրար բոլորովին անծանոթ անդամների միջեւ, թե որքան մաքրություն, միմյանց օգնելու, թիկունք կանգնելու ցանկություն կար դեռեւս Խորհրդային Հայաստան կոչվող տարածքում ու այդ ամենի կիզակետ դարձած Ազատության հրապարակում: «Եվ Աստված տեսավ, որ բարի է...»: Եվ շատերը տեսան ու հիմա էլ կհիշեն, որ այն, ինչ կար մարդկանց սրտերում ու թեւածում էր օդում, բարի էր: Թող որՙ կարճ ժամանակով:
***
Քաղաքականությունն ու բարոյականությունն առնչվում են միմյանց այնքանով, որքանով այս կամ այն բարոյական նկարագրի տեր քվեարկողն է իր ձայնը տալիս այս կամ այն բարոյական նկարագրի տեր թեկնածուին:
«Շինհրապարակ դարձած իմ Էրեբունի»
Հայաստանում կամ մարզերը ցավալիորեն մոռացածՙ նրա հետ նույնացվող Երեւանում օրինականության կամ օրինապահության վիճակի մինի մոդել կարելի է համարել մայրաքաղաքի Խանջյան-Տիգրան Մեծ (եւ ոչ միայն) փողոցների խաչմերուկը: Այստեղ հետիոտներն ու մեքենաները միախառնված շարժվում են դեպի իրենց նպատակակետերըՙ դրա համար չունենալով տարրական պայմաններ (տվյալ դեպքումՙ մայթ, փողոց), հաշվի չառնելով ճանապարհային երթեւեկության եւ ոչ մի կանոն, իրենք իրենց համար հընթացս կանոններ (օրենքներ) հորինելով կամ եղածն իրենց ճաշակին հարմարեցնելով: Մարդկանց ու մեքենաների այն մասը, որ ավելի ճարպիկ է, արագաշարժ, կոպիտ կամ պարզապես անտարբերՙ կյանք կոչված այս խելացնորության, առավել եւսՙ կարգուկանոնի նկատմամբ, արագ կարողանում է դուրս պրծնել ահռելի այդ շինհրապարակից: Նրանց որակները չունեցողներն էլ կամ թիթեղյա ցանկապատի ու լայնահուն փոսի առջեւ շվարում-կանգնում-մնում են, կամ էլ արագորեն հարմարվելովՙ յուրացնում են տեղի յուրահատուկ կանոններն ու տարբեր ժամանակամիջոցում, այս կամ այն հաջողությամբ հասնում իրենց նպատակակետին: Իհարկե, եթե ծեր կամ դանդաղաշարժ չեն ու կարողանում են որսալ պահը... Այս դեպքումՙ պահ կամ հնարավորությունՙ խցանումից դուրս գալու կամ մեքենաների առջեւ մարմնամարզական տարբեր հնարքներ բանեցնելովՙ ընդամենը մի մայթից մյուսը անցնելու համար:
Առանց այդ էլ կարգապահության համար «ուշքահան» չլինող անցորդները շինարարական այս թոհուբոհի ավարտից հետո կկարողանա՞ն մոտ ապագայում իրենց իսկ անվտանգության համար, մոտակա նպատակակետին հասնելՙ երթեւեկության գոնե մի քանի տարրական կանոն պահպանելով: Եվ եթե ընդհանրացնենքՙ այս չգիտեմինչ կացութաձեւի ավարտից հետո հայ քաղաքացիներս երբեւիցե կկարողանա՞նք ստիպել մեզՙ մեր իսկ ապահովության կամ բարեկեցության համար դեպի մոտիկ-հեռու նպատակները շարժվել քիչ թե շատ օրինական ճանապարհով: Քիչ թե շա՞տ... Էլի տեղ թողեցինք օրենքներ շրջանցելու համարՙ քիչ թե շատ...
Ե՞լք
Մենք բոլորս հայրենասեր ենք մեր ստացած դաստիարակության, ինտելեկտի, համոզմունքների, գաղափարների, հասկացողության չափով ու սահմաններում: Եթե մեկն ասի, որ որեւէ երկրի ղեկավար իր երկրի աղքատությունն ու քաղաքացիների դժգոհությունն է ուզում, դժվար կլինի հավատալ: ՀՀ 3-րդ նախագահը մեծ կամ փոքր ցանկություն անկասկած ունենալու էՙ ինչ-որ բան շտկելու, ինչ-որ բան բարելավելու, ինչ-որ բան զարգացման ուղու վրա դնելու համար: Հարց է միայնՙ կկարողանա՞:
Ո՞վ է լինելու ՀՀ այն ղեկավարը, որ կկարողանա մանր ու մեծ պաշտոնյաների, «տեղական կամ հանրապետական նշանակության» իշխանիկներից այն կողմ էլի մարդկանց տեսնել, նրանց առօրյա հոգսերը պետության կարեւորագույն խնդիրները համարել, կենսական նշանակության ապրանքների անհասկանալի օրինաչափությամբ թանկացումներ թույլ չտալ, երկրի բոլոր քաղաքացիների համար օրինական ճանապարհով գումար վաստակելու հավասար հնարավորություն ստեղծել: ՀՀ ապագա նախագահը կկարողանա՞ այնքան ուժեղ լինելՙ ժողովրդի ձայնին ապավինելու, ընտրվելուց հետո նրան հենարան ունենալու համար: Ու պատրաստՙ ծանոթ-ընկեր-բարեկամների, նաեւ թիմակիցների կողմից չհասկացված լինելու, քանի որ առաջին հերթին նրա՛նց շահերը պետք է զոհաբերի համընդհանուրի բարօրությանն ու շահերին:
Մեր երկրի ու հասարակությանը հուզող պրոբլեմների մի ստվար մաս գոյություն ունի օրենքի գերակայության (հանրածանոթ բառակապակցություն է, չէ՞) չգոյության պատճառով: Վատին (կարգազանցին) վատ ասելու եւ պատժելու, լավին (օրինապաշտին) լավ ասելու եւ խրախուսելու համար պետք չէ բյուջեի չեղած ու հեռավոր ապագայում, այն էլ վարկի տեսքով, լինելիք գումարներից խոսել: Հարկավոր է պարզապես ցանկություն իր երկիրըՙ շեն, հայրենակիցներինՙ չհուսալքված ու բարեկեցիկ տեսնելու: Եվ վճռականություն ու ծանր աշխատանքՙ այդ ամենի սկիզբն օր առաջ դնելու համար: Օրինակա՛ն ճանապարհով: Հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների:
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ