«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2007-09-20 | #172, 2007-09-21 | #173, 2007-09-25


«ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՅՑԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՆԳԱՄ ԳԻՇԵՐԸ»

Հայտնեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը

Պետական սեփականություն հողերի զավթումն ու դրանց վրա ապօրինի շինություններ կառուցելը կանխարգելելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի երեք ամիս առաջ ընդունած որոշմանն ու դրա արդյունքներին երեկ անդրադարձավ փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա հայտնեց, որ քաղաքապետի որոշումը կոչված է ապահովելու գործող օրենքի կիրարկումը:

Անցած երեք ամիսներին, ըստ Կամո Արեյանի, արմատապես վերակառուցվել է քաղաքաշինության վարչությունը: Այն բաժանվել է 4 տարածքային ստորաբաժանումների, որոնք հսկողություն են իրականացնում ըստ համայնքների: Փաստաթղթային ողջ բազան պետք է լինի այս վարչությունումՙ ինչպես քաղաքապետարանի կողմից տրվող շինթույլտվությունները, այնպես էլՙ թաղապետարանների կողմից տրվողը: Այնուհետեւ, վարչությունն իրավասու է նաեւ տույժեր սահմանելու: Եթե քաղաքացին ապօրինի շինություն է կառուցել իր սեփական հողի վրա, ապա տույժի գումարը կազմում է 200 հազար դրամ: Նույն տուգանքը կիրառվում է, եթե ապօրինի շինություն է կառուցվում պետական հողի վրա: Երկրորդ անգամ նույն ապօրինությունը թույլ տալու համար տուգանքը կազմում է 400 հազար դրամ, իսկ երրորդ անգամՙ 2,5 մլն դրամ:

Սեփական հողում շինարարության թույլտվությունը տալիս են թաղապետարանները, իսկ պետական հողի վրա շինության կառուցման թույլտվությունըՙ քաղաքապետարանը:

Ներկայումս, ըստ Կամո Արեյանի, խստագույն հսկողություն է իրականացվում ապօրինի շինությունների կառուցումը կանխելու ուղղությամբ, որին մասնակցում են վարչության բոլոր աշխատակիցները, թաղապետարանները, ոստիկանությունը, ինչպես նաեւ փոխքաղաքապետն ինքը: Անգամ գիշերներն են շրջայցեր կատարվում թույլ չտալու համար ապօրինի շինարարություն: Այդպիսին հայտնաբերելու դեպքում կառույցը քանդվում է, իսկ կառուցողըՙ տուգանվում: Անցած երեք ամիսներին ապօրինի հողազավթումների եւ կառույցների վերաբերյալ կազմվել է 176 արձանագրություն, որից 76-ի դեպքում շինությունները քանդվել են: Այդուհանդերձ, փոխքաղաքապետն ընդգծեց, որ իրենց խնդիրը ոչ թե քանդելն է, այլ այդ երեւույթը կանխարգելելը: 148 գործերի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: 58-ի նկատմամբ կիրառվել է 200 հազար դրամ տույժը, 32-ի նկատմամբՙ 400 հազար դրամի, իսկ 3-ի նկատմամբՙ 2,5 մլն դրամի:

Ամենօրյա շրջայցերի անհրաժեշտությունը կա եւ մնալու է, քանի որ օրենքի պահանջների պարտադիր կատարումը դեռ չի հասել քաղաքացիների գիտակցությանը: «Մեր խնդիրն է ջարդել այդ հոգեբանությունը», ընդգծեց Կամո Արեյանը:

Փոխքաղաքապետը հայտնեց նաեւ, որ քաղաքապետի որոշմամբ սահմանված է շինարարական հրապարակների թույլտվության կարգը: Համաձայն դրա, մինչ շինարարություն սկսելը կառուցապատողը պետք է ցանկապատի շինհրապարակը, տեղադրի ժամանակավոր մայթեր, անցկացնի լուսավորություն, տեղադրի ցուցանակ: Խոշոր կառուցապատողներն այդ ամենը հիմնականում կատարում են: Այսօր խնդիր կա միջին եւ փոքր կառուցապատողների համար:

«Ազգի» հարցըՙ ուղղված Կամո Արեյանին, հետեւյալն էր. «Ի՞նչ ժամկետ է սահմանված վերջին տարիներին կառուցված ապօրինի շինությունների խնդրի լուծման համար եւ ի՞նչ արժեքով են դրանք օտարվելու դրանց կառուցողներին»: Ի պատասխան փոխքաղաքապետը հայտնեց, որ կառավարության որոշմամբ սահմանված են այդ կառույցների հետագա ճակատագրի առնչությամբ քայլերը: Խոսքը երեք տեսակի ապօրինի կառույցների մասին էՙ սեփական հողի վրա կառուցված, պետական հողի վրա կառուցված եւ բազմաբնակարան շենքի կցակառույցներ: Դրանք նախ ճանաչվում են որպես պետական սեփականություն: Այնուհետեւ, եթե քաղաքաշինական նորմերին չեն հակասում եւ քանդման ենթակա չեն, օտարվում են դրանք կառուցողներին: Սեփական հողում կառուցված տան դեպքում գործում է օտարման համար նվազագույն տուրքի որոշակի պատիկը, պետական հողի վրա կառուցվածի դեպքումՙ այլ պատիկ: Բազմաբնակարան շենքի կցակառույցը, ինչպես եւ շենքի տակի հողը որպես բաժնային սեփականություն տրվում են այդ շենքի բնակիչներին: Կամո Արեյանը տեղեկացրեց, որ մոտ 5 հազար շենքերի տակի հողը տրվելու է այդ շենքերի բնակիչներին: Նա սակայն նշեց, որ օրինականացման համար ժամկետ նախատեսված չէ, մտադրություն կա կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարել եւ ժամկետ սահմանել, որպեսզի այդ գույքն ընդգրկվի գույքահարկի բազայում եւ դրա դիմաց հարկ վճարվի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4