«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2007-09-20 | #172, 2007-09-21 | #173, 2007-09-25


ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐԸ, ՇԵՐԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆՈՒՄ

(մի ձախողված հրատարակության առթիվ)

Վերջերս Ստեփանակերտում առիթ ունեցա մասնակցել այս տարի լույս տեսած մի ռուսերեն մեծածավալ հատորի շնորհանդեսին: Հեղինակՙ Սերգեյ Սարգսյան, վերնագիրՙ «Արցախ-Ղարաբաղի հանրագիտարան» (հ. Ձ. հՈՐՍՌրÿվ, նվՓՌՍսՏտպՊՌÿ ԸՐՓՈւ-ԽՈՐՈոՈւՈ, ՌջՊՈվՌպ 2-պ, ՌրտՐՈՉսպվվՏպ Ռ ՊՏտՏսվպվվՏպ, ՌջՊՈՑպսՖրՍՌռ ՊՏՎ "կպՑՐՏտՏսՌր", հՈվՍՑ-կպՑպՐոցՐչ, 2007): Այս գրքի էջերում էլ ծանոթանում ենք Պետերբուրգում բնակվող ծնունդով արցախցի հեղինակի կենսագրությանըՙ ինժեներ-էլեկտրոմեխանիկ, տեխնիկական եւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Անգլիական թագավորական Ակադեմիայի պատվավոր անդամ եւ այլն (էջ 524):

Մեկ հոգու կազմած 623 մեծադիր էջերից բաղկացած հանրագիտարանը արված է միանգամայն սիրով, սակայն, ցավոք, նաեւ միանգամայն սիրողական մակարդակով: Հեղինակը կամեցել է հայության հետ կապված ամեն կարեւոր եւ հետաքրքրական ինֆորմացիա անպայման արտացոլել իր գրքում: Արդյունքում ստացվել է փաստերի եւ դեմքերի մի կատարյալ շիլաշփոթ: Գրքին, հիրավի, պակասել է բանիմաց խմբագիրը, որը կհամակարգեր կուտակված ինֆորմացիան եւ դուրս կթողներ նյութին չառնչվող մեծաքանակ տվյալները: Սակայն, թերեւս, հեղինակը ոչ իսկ կուզեր ունենալ նման խմբագիր: Տպագրական բարձր որակով, 1000 տպաքանակով պատկերազարդ այս հատորն ավելի շուտ կենսագրական բառարան է, թեեւ կան նաեւ ընդհանուր հայկականին վերաբերող բառահոդվածներ (օրինակ, «Հայկական գինիներ եւ կոնյակներ», «Վանա լիճ» կամ «Երեւանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոն»): Որոշ բառահոդվածներ չափազանց կարճ են եւ տրված նույնիսկ բառային կրճատումներով, մինչդեռ ոմանք անհարկի ձեւով շատ երկար են: Օրինակ, ամբողջ 19 էջ է զբաղեցնում «Հայ ժողովրդի ձեւավորման եւ հայկական պետականության մատենագիտություն (ժամանակագրություն)» բառահոդվածը (էջ 193-212): Հատորը չի հավակնում լինել գիտական հրատարակություն. միայն որոշ բառահոդվածների անուններ նշելով կարելի է հասկանալ այդ (օրինակ, «Սեպագրեր եւ «Ուրարտու» չարաբախտ պետությունը», էջ 375): Շարադրանքի լեզուն չափազանց ազատ է, բառահոդվածների մեջ երբեմն արվում են երկար-բարակ պատմություններ: Իսկ «Հայկական ազգային խոհանոց» բառահոդվածում մինչեւ անգամ տրված են մի քանի ուտեստների բաղադրատոմսեր (բայց ոչՙ ժենգալով հացի):

Նպատակ չունենալով անդրադառնալ գրքի ողջ բովանդակությանըՙ խոսենք մեր անմիջական հետաքրքրություններին առնչվող կենսագրական նյութին: Մեծ մասամբ ներկայացված են արցախցի անձնավորություններՙ մելիքներից մինչեւ ազատամարտիկները, սակայն քիչ չէ նաեւ ոչ արցախցիների թիվը: Օրինակՙ Աբգար թագավոր, Թորոս Ռոսլին, Այվազովսկի, Վիլյամ Սարոյան, մինչեւ անգամՙ Շեր Սարգսյան (որի անունը գրված է նաեւ Չեր ձեւով): Այն հարցին, թե ինչո՞ւ են նման մարդիկ նույնպես ընդգրկված հանրագիտարանում, երբ շատ արցախցիների անուներ բացակայում են, ստեփանակերտյան շնորհանդեսի ժամանակ Սերգեյ Սարգսյանն ասաց, որ նման մարդիկ երբ իմանան, որ իրենց անունը տեղ է գտել արցախյան հանրագիտարանում, իրենց ավելի մոտ կզգան հայությանը:

Փաստորեն, հեղինակը հույս ունի, թե իր գիրքը հասնելու է Շերի աստղային բարձունքները, եւ դիվան, ռուսերեն այս գրքում տեսնելով իր պատկերը ազատամարտիկների լուսանկարների կողքին, ավելի մոտ է զգալու իրեն հայությանը... Իսկ ի՞նչ անենք, ասենք, հռետոր Պարույր Հայկազնի հետ, որն արդեն մեր թվականության չորրորդ դարում մահացել է եւ ձեռքից բաց է թողել այս գրքի շնորհիվ իրեն հայությանը մոտ զգալու հնարավորությունը...

Ամենից առաջ աչքի է ընկնում գործիչների ազգության ամեն անգամվա բոլորովին ավելորդ հիշատակումները: Օրինակՙ

«Խաչատրյան Աղասի (1940, Մաճկալաշեն): Հայ: Փիլիսոփա:

Խաչատրյան Ալեքսանդր (19231976): Հայ: Տեխնիկական գիտությունների դոկտոր:

Խաչատրյան Վալերի (19471991): Հայ: Ազատամարտիկ: Վիրաբույժ:

Խաչատրյան Ջուլիետա (1959, Ստեփանակերտ): Հայուհի: Բուժքույր....»:

Եվ այսպես շարունակ: Գիրքը խճողված է փաստացի բազմաթիվ սխալներով, որոնց բոլորի հիշատակումը պարզապես անհնար է թերթի էջերում: Հատկապես ցավալի է օտարներին հայացնելուՙ մեզանում այդպես էլ չվերացող մարմաջը: Օրինակ, «Հայուհու բնութագրական կերպարը» բառահոդվածում (էջ 568) Սարգսյանը չի վարանում սեւով սպիտակի վրա գրել, թե հայ մայրերից են ծնվել Ռեմբրանդտը, Մ. Պլիսեցկայան, Լ. Պավարոտտին, Ժ. Մարյեն (երեւի նկատի ունի Ժան Մարեին)... Որքան էլ գրում ենքՙ հայերեն թե ռուսերեն, որ Իոախիմ Մյուրատը հայ չի եղել, բայց մեկ է, այստեղ եւս նա որպես հայ է ներկայացված (էջ 454): Մյուրատը բավական չէՙ այս հանրագիտարանում ներկայացվել է նաեւ նրա սերունդներից գնդապետ Նապոլեոն Մյուրատը (18731950, տես էջ 456): Նույնը եւՙ ռուս բեւեռախույզ Միխայիլ Լազարեւը (էջ 396): Իսկ որոշ գործիչների էլ Սարգսյանը գրչի մեկ հարվածով վերագրել է արցախյան ծագում: Նախիջեւանի Աստապատ գյուղում ծնված Մանուկ Աբեղյանը հռչակվում է «ծնունդով ղարաբաղցի» (էջ 9): Նույնն էլՙ ծնունդով չերքեզահայ գրող Սավվա Դանգուլովը (էջ 287) եւ կամ գեներալ Էյզենհաուերի քարտուղարուհի Սյուզան Սարաֆյանը (էջ 515): Ի դեպ, վերջին, ինչպես նաեւ մի քանի այլ բառահոդվածներ բառացիորեն թարգմանված են իմ «Հայազգի գործիչներ» կենսագրական բառարանից (Երեւան, 2002): Գոնե մի տեղ հեղինակը հարկ համարեր նշել օգտագործված աղբյուրները: Արդեն սովոր եմ, որ տարբեր մարդիկ, մամուլում թե հեռուստահաղորդումներում, լայնորեն օգտվում են իմ գրություններից եւ հարկ չեն համարում նշել անունս: Սակայն մեր երկրում, ցավոք, մարդու կյանքը պաշտպանված չէ, էլ ուր մնաց հեղինակային իրավունքներ պաշտպանվեն...

Բայց արտագրելն էլ որոշակի գրագիտություն է պահանջում: Ահա մի փոքրիկ օրինակ: Իմ գրքում Թահրա բեյի մասին բառահոդվածն ավարտել եմՙ գրելով, որ նրա անունը «հիշատակված է Պոլ Օրեի «Ֆաքիրներ, ֆումիստներ» (1926, Փարիզ) ֆրանսերեն եւ Փոլ Փիրթունի «Եգիպտոսի գաղտնիքները» անգլերեն գրքում» («Հայազգի գործիչներ..», էջ 375): Սարգսյանը թարգմանել է ողջ բառահոդվածը, որի ավարտը նրա մոտ ստացել է հետեւյալ տեսքըՙ «Տ, (sic) (1926, , ). (sic) (.)» (էջ 545): Փոխանակ լիներՙ « »: Իսկ Անյես Վարդա անուն-ազգանունը Սերգեյ Սարգսյանի հանրագիտարանում դարձել է... Մարիա Մերիկո (էջ 568): Հեղինակն, ըստ երեւույթին, մեկ անգամ կարդացած անուն-ազգանունը գրոտել է ռուսերեն եւ հետո չի կարողացել ճիշտ վերծանել: Նման օրինակներ, ցավոք, գրքում քիչ չեն:

Քանի որ շնորհանդեսի ժամանակ բոլորը գովաբանում էին գիրքը, ես չուզեցի այս ամենի մասին բանավոր հայտնել հեղինակին: Եվ այս անդրադարձն էլ չէի գրի, եթե առաջաբանում նշված չլիներ, որ «Հեղինակը երախտապարտ կլինի ընթերցողների բոլոր նկատողությունների, առաջարկների եւ արձագանքների համար, որոնք հաշվի կառնվեն հետագա հրատարակությունների ժամանակ» (էջ 6): Առավել եւս, եթե հեղինակը հետագա հրատարակությունների հույս ունի եւ չի ուզում ներկայանալ որպես ամեն ինչը սեփականելու մոլուցքով տարված գավառացի, պետք է հանդես բերի գոնե մի փոքր գիտական մոտեցում, հրաժարվի Աբգար թագավորից, Շերից եւ գրքում ընդգրկված Արցախին չառնչվող ողջ նյութից ու իր հնարած տվյալներից: Ինչպես նաեւՙ գրքի որեւէ անկյունում հարկ համարի հիշել օգտագործած աղբյուրները եւ ռազմական խորհրդատուից բացի գրքի համար գտնի նաեւ առնվազն մեկ հայագետ խորհրդատու-խմբագիր: Միայն այդ դեպքում կարելի է առանց ամաչելու գիրքը ներկայացնել ռուսալեզու ընթերցողին: Եթե նույնիսկ գրքի ծավալը կիսով չափ պակասի...

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4