«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2007-09-20 | #172, 2007-09-21 | #173, 2007-09-25


ՈՒԺԻ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ

2007 թվականի սեպտեմբերի 19, Բաքու, ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Հեյդար Ալիեւի անվան մարզահամալիրում բարձրանում է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը: Հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբիշներից երկուսըՙ 120 կիլոգրամ քաշային Յուրի Պատրիկեեւը նվաճում է բրոնզե մեդալ, իսկ 66 կգ քաշային Արման Ադիկյանն այդ մարզաձեւում զբաղեցնում է 5-դ հորիզոնականը: Այսպիսով, Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրերը նվաճված են: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Յուրի Պատրիկեեւի հաղթանակից հետո տեղի ունեցավ հայության համար ամենացանկալի իրադարձությունըՙ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ծածանվեց մեր դրոշը: Եվ չնայած ադրբեջանցի օպերատորները, գործի դնելով իրենց ողջ պրոֆեսիոնալիզմը, փորձում էին կադրից դուրս թողնել դահլիճում նստած իրենց համերկրացիների դեմքերի հուսահատությունն այն պահին, երբ նրանց հայացքի տակ բարձրանում էր հայկական եռագույնը, սակայն նման բարոյական պարտությունն ուղղակի հնարավոր չէր թաքցնել:

Նույն այդ ժամերին Հայաստանում բոլորը շունչները պահած սպասում էին, թե ինչո՞վ է ավարտվելու վճռորոշ մենամարտը, որովհետեւ սպորտն, իհարկե, քաղաքականություն չէ, բայց Բաքու մեկնած մեր մարզիկները չէին մոռացել այդ առաջնությանն իրենց ճանապարհող ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին պատգամըՙ հաղթանակը Բաքվում հայ մարդու, հայ տղամարդու արժանապատվության հարցն է, եւ հայի պատիվն ու արժանապատվությունը պետք է բարձր պահվեն: Ու պահվեցին:

Եվ երբ Բաքվում բարձրացվեց մեր երկրի պետական դրոշը, ավելի ուշ շատերը խոստովանեցին, որ լարված սպասում էին այդ մրցամարտի ելքին, քանզի բացի օլիմպիական խաղերին մասնակցության ուղեգիր նվաճելուց, Բաքվում նժարին էր դրված նաեւ բարոյական հաղթանակը. հայը ամեն ինչ պետք է աներ Բաքվում չպարտվելու համար:

Իսկ արդեն սեպտեմբերի 20-ին, երբ Բաքվից վերադարձող մեր մարզիկներին Աբովյան քաղաքում մեծ շուքով դիմավորեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նա անկեղծորեն խոստովանեց, որ այդ օրերին ինքն ուղղակի իր տեղը չէր գտնում. «Անկեղծ ասած, այդ օրերին ես իմ տեղը չէի գտնում, որովհետեւ որպես հայ մարդու իմ միակ ցանկությունն այն էր, որ մեր դրոշը բարձրանա Բաքվում: Դա է եղել իմ նվիրական ցանկությունը, որը կատարվեց: Նաեւ ուզում եմ ասել, որ մեր բոլոր մարզիկները հերոսներ են, որ հոգեբանական նման ճնշման պայմաններում գնացին, մասնակցեցին եւ մեր եռագույնը ծածանեցին Բաքվում: Մենք բոլորս պետք է հպարտանանք մեր մարզիկներով», ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ Հայաստանին բրոնզե պարգեւ բերած Յուրի Պատրիկեեւը իսկապես հուզված ու հպարտ էր, որ կարողացել է արդարացնել իրեն վստահած ՀԱՕԿ նախագահի եւ հայ ժողովրդի հույսերը. «Անասելի լարվածություն կար, ու երբ վերջապես հաղթեցի, ուրախությունն անսահման էր», արդեն Աբովյանում իրեն դիմավորողներին ասաց Պատրիկեեւը:

Սա իսկապես թանկ հաղթանակ էր, որովհետեւ այն պահին, երբ Բաքվում բարձրացվեց Հայաստանի դրոշը, հայկական ընտանիքներում հպարտության բաժակ բարձրացրեցին: Որովհետեւ այդ հաղթանակը մեզ համար միայն սպորտային չէր. դա մեր ոգու հաղթանակն էր ու ամենահրաշալի նվերը Հայաստանի Հանրապետության Անկախության 16-րդ տարեդարձին, որն արդեն սեպտեմբերի 21-ին, հենց Անկախության օրը, նշանավորվեց մեկ այլ հաղթանակովՙ Թայլանդում: Ծանրամարտի աշխարհի առաջնությունում գյումրեցի 77 կգ քաշային Գեւորգ Դավթյանը գրավեց երկրորդ տեղըՙ արժանանալով արծաթե մեդալի: Ի դեպ, նման հաջողություն հայ ծանրամարտիկները վերջին մի քանի տարում չէին ունեցել:

Ահա այսպես են հաղթում իսկական տղաները, ահա այսպես է իր խոսքը պահում ՀԱՕԿ նախագահը, իրենց երկրի Անկախության տոնին նվիրելով սպորտային ու տղամարդկային ոգու հրաշալի հաղթանակներՙ ստիպելով Հեյդար Ալիեւի մարզահամալիրի բոլոր ներկաներին նայել, թե ինչպես է Բաքվում վեր խոյանում Հայաստանի Հանրապետության եռագույնը:

Երեկ էլ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Յուրի Պատրիկեեւին 7 մլն դրամով պարգեւատրեց:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4