Ու ստիպված կհիշեցնեն...
«Ազգի» հարցին, թե Հայաստանի նախկին նախագահը անդրադարձել է ներկայիս իշխանություններին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Հիմա դուք ինձանից գնահատականներ եք սպասում, թե՞ ինչ-որ արձագանք»: «Ազգը» ճշգրտեց, որ կոնկրետ մեղադրանքներ են հնչել, թե իշխանությունները կոռումպացված են, մաֆիոզ. «Ի՞նչ կասեք այդ առնչությամբ»:
Մենք քիչ առաջ խոսում էինք այն մասին,-ասաց Ռ. Քոչարյանը,- որ Հայաստանը աշխարհի ամենից արագ զարգացող երկրներից մեկն է, որ Հայաստանում ամենաարդյունավետ բարեփոխումներն են իրականացվում: Եվ, եթե Հայաստանը այդ որակումների կոնտեքստում լիներ, մենք երբեք այսպիսի հաջողություններ չէինք ունենա: Ես մոտավորապես մեկ թիվ բերեմ, միգուցե դա լավագույն ձեւով բնութագրի այս ամենը: Ես վարչապետ եմ դարձել Հայաստանում 2007-ի մարտ ամսին (վստահաբար, Հայաստանի նախագահը նկատի ուներ 1997 թվականը), եւ ժառանգել եմ բյուջե 300 մլն դոլարի չափով ծախսային մասը, եւ մոտ 40 մլն դոլարը բյուջեի դիֆիցիտն էր: Հաջորդ տարվա բյուջեն Հայաստանում լինելու է մոտ 2,5 մլրդ դոլար:
Հասկանում եք: Սա, բազմապատկեք, ավելի քան ութ անգամ ավելի մեծ բյուջե ունի (այժմ) Հայաստանը: Եվ այս հաջողությունները չտեսնե՞լ... Երեւի մարդ պետք է շատ իրեն ինքնամեկուսացներ, որ չտեսներ` ինչ է կատարվում երկրում:
Այնուամենայնիվ, ես այս մոտ տասը տարիների ընթացքում երբեք առաջին նախագահի մասին բան չեմ ասել: Գիտե՞ք ինչու: Համարում եմ, որ առաջին նախագահը որոշակի խորհրդավորության ինչ-որ հանգամանքներում պետք է լինի պետականության հիմնադրման հետ կապված, եւ այդ պատասխանատվությունը պետք է զգա առաջին հերթին հենց ինքը` առաջին նախագահը: Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա ինքը դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ բոլոր այս ամենից բխող հետեւանքներով: Եվ ստիպված շատ եւ շատ բաներ հիշեցնելու ենք, թե քանի լուսավորված փողոց է եղել Երեւանում, օրինակ, 93 թվին եւ այլն, եւ այլն:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ