«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2007-09-21 | #173, 2007-09-25 | #174, 2007-09-26


ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՆ ՈՒ ԱՆԵԼԻՔԸ ՀՅԴ-Ն ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ

Հրատապ խնդիր չէ

- Արդյոք հասարակությունը հանդուրժողակա՞ն է կանխորոշված ընտրական գործընթացների նկատմամբ:

- Ոչ:

Այս հարց ու պատասխանը հեղինակեց երեկ «Փաստարկ» ակումբում ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ գերագույն ժողովի որոշման համաձայն ՀՀ նախագահի ՀՅԴ թեկնածուացու Վահան Հովհաննիսյանըՙ տալով ընդարձակ պատասխան սեփական հարցին. «Փորձը ցույց է տալիս, որ ոչ: Երբ հաճախ խոսում ենք մեր ժողովրդի հիասթափվածության, պասսիվության մասին, քաղաքական պրոցեսներին մասնակցելու իմաստով, ապա այդ պասսիվությունը, մասնակցելու այդ չկամությունը, գալիս է հենց նրանից, որ կանխորոշված, նախապես գծված ուղին ոչ ոք չի ուզում ընդունել: Բոլորն ուզում են իսկապես ընտրություն, իսկապես ընտրող լինեն: Ոչ մեկի կանխորոշումը, նախապես գծված ֆորմատը, նախապես գծած ուղին կամ թակարդը մեզ պետք չէ: Ժողովուրդն ինքը պետք է ընտրի»:

Բանախոսը հայտարարեց, որ այլեւս անընդունելի է գտնում կամ-կամի, ջարդեմ-փշրեմի քաղաքականությունը, քանի որ Հայաստանի հասարակությունը քաղաքակիրթ իշխանություն եւ ընդդիմություն ձեւավորելու համար է. «Մեզ համար ընդունելի չէ, երբ ընդդիմությունն ամեն օր օրակարգային հարց է դարձնում իշխանափոխությունը, իշխանության կողմից էլ չենք ընդունում, երբ դրդում է ընդդիմությանը դրան, եւ դրդելուց հետո հնարավորություն ստանում ճնշելու, սահմանափակելու եւ այլն»:

Վահան Հովհաննիսյանը նաեւ համոզված է, որ գործունեության ելակետ հարկավոր է ընտրել անձի Հայաստանին օգտակարության հեռանկարով. «Երբեք չի կարելի ցեխ շպրտել այն մարդկանց վրա, որոնք այսօր քո հակառակորդն են, բայց վաղը կարող են Հայաստանին պետք գալ: Երբեք չի կարելի հարվածել, նվաստացնել մարդկանց, որոնց հետ վաղը, Հայաստանի նկատմամբ արտաքին սպառնալիք առաջանալու դեպքում դու ուս ուսի պետք է կռիվ տաս: Չի կարելի նման բաներ անել, Դաշնակցությունը երբեք չի արել ու չի անի նման բան: Իսկ եթե փորձեն մեզ հետ այդ մեթոդներով զբաղվել, ապա լավ չի լինի»: ՀՅԴ թեկնածուի երկրորդ փուլում չհայտնվելու դեպքում, ըստ բանախոսի, այս կամ այն թեկնածուին պաշտպանելու հարցում դաշնակցական գործիչների որոշակի տարբերություն կարող է լինել: Իսկ ներկա փուլում ՀՅԴ-ն չի քննարկել նախագահի ընտրության երկրորդ փուլի հնարավորությունն ու իր անելիքը, որտեղից էլ բխում է այդ առնչությամբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ եւ հավանական նախագահացու Արմեն Ռուստամյանի եւ դաշնակցական Արթուր Աղաբեկյանի հայտարարությունների տարբերությունըՙ առաջինը երկրորդ փուլում թեկնածուների ծրագրերը կարեւորելու մասին է խոսում, երկրորդըՙ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու: «Բնական է, որ այդպես է, որովհետեւ նման որոշում չի կայացվել, նման հարց նույնիսկ չի քննարկվել, թե ինչ կանենք մենք, եթե լինի երկրորդ փուլ ոչ մեր մասնակցությամբ: Ինչ կանենք մենք այդ ժամանակ, մենք դեռ չենք քննարկել: Դա բնականաբար քննարկելու խնդիր է, բայց շատ հրատապ խնդիր չէ», մանրամասնեց Վահան Հովհաննիսյանը: Իսկ ընտրություններում ՀՅԴ նպատակն, ըստ բանախոսի, մեկն էՙ հաղթել եւ իշխանության գալով ցույց տալ, թե ինչի է ընդունակ: Իսկ թե ինչ հնարավորություն կընձեռի սահմանադրությունը, հաշվի առնելով ԱԺ եւ վարչապետի լիազորությունների ընդլայնումը, հարցին Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Սահմանադրությունը, նույնիսկ այս բարեփոխված սահմանադրությունը, որն ակնհայտորեն ավելացրել է վարչապետի, խորհրդարանի լիազորությունները, բնավ այնքան չի պակասեցրել նախագահական լիազորությունները, որ նախագահը վերածվի ֆորմալ ֆիգուրի: Այդպես չէ, նախագահը լուրջ լիազորություններ ու լծակներ է ունենալու: Այլապես այդ հարցը կարող եք ուղղել նաեւ ուրիշ կուսակցությունների` իրենք ինչի են ձգտում, պառլամենտում մեծամասնություն ունենալու պարագայում»:

ՀՅԴ-ն կողջունի առաջին նախագահի ներկայությունն ընտրապայքարում

ՀՅԴ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահի թեկնածուների շարքում տեսնելը ողջունելի է համարում: Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ընտրապայքարին քաղաքական բանավեճը մարտավարականից կշեղի ռազմավարական հարցերի ուղղությամբ: ՀՅԴ եւ ՀՀԿ վեճը տակտիկական է, ըստ բանախոսի, իսկ ահա Տեր-Պետրոսյանը կդառնա ռազմավարական վեճի սուբյեկտ:

Ապառիկ ողջույնից կտրական տարբեր էր առաջին նախագահին բանախոսի տված գնահատականը, որ ներառեց ցուրտն ու մութը եւ հենց Տեր-Պետրոսյանի օրոք արմատավորված կոռուպցիան: Ներկայիս իշխանության գործունեության ոչ վարդագույն հատվածներն էլ Վահան Հովհաննիսյանին տեսանելի են, բայց անհամեմատելի նախկինում եղածի հետ: Անհամեմատելի է գտնում բանախոսը նաեւ ներկայիս ու նախկին քաղաքական բանտարկյալների կարգավիճակըՙ նախկին իշխանությունների օրոք ձերբակալված Վահան Հովհաննիսյանը եւ մյուս դաշնակցականները հենց քաղաքական բանտարկյալներ են, իսկ Ալեքսանդր Արզումանյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ այլք դեռ պարզ չէՙ քաղաքական բանտարկյալներ են, թե՞ ոչ:

Ի դեպ, Վահան Հովհաննիսյանը նաեւ հարկ համարեց պնդել, թե 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա հայտնի իրադարձությունները ձերբակալությունների ավելի մեծ քանակ թույլ չի տվել հենց ՀՅԴ-ն ցուցարարների հանդեպ բռնություններն ու ծեծը դատապարտող իր հայտարարությամբ. «Հրապարակավ ենք արել, թե ոչ, դա մեր գործն է: Կարեւորը, որ չենք թողել»:

Սխալ զարմանք

Հասարակության զարմանքը ՀՅԴ երկու թեկնածուի առնչությամբ խիստ զարմանալի է ՀՅԴ-ի համար, որը վստահ է, թե պետք է զարմանալ այն կուսակցությունների վրա, որոնք երկրի նախագահի իրենց կուսակցական թեկնածուներին որոշում են առանց որեւէ կուսակցական քննարկման. «Կան կուսակցություններ, որ համագումարի ընթացքում մեկ էլ հնչեցնում ենՙ առաջարկություն կա, այսինչ մարդուն ընտրել չգիտեմ ուր: Որտեղ ա ծնվել այդ առաջարկությունը, ոչ մեկին չի հետաքրքրում: Մեր ժողովները, գերագույն ժողովի պատգամավորներն այդ որոշմանը շատ լուրջ են վերաբերվել եւ որոշել են կանգ առնել երկու թեկնածության վրա: Միայն արտակարգ ժողովում, ավելի շատ ուսումնասիրելով մեր տրամադրությունները եւ բնականաբար հաշվի առնելով մեր կուսակցականների վրա ազդող հասարակական կարծիքը, միայն դրանից հետո վերջնական որոշում կկայացվի», ի պատասխան զարմանքի հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: ՀՅԴ թեկնածուներ Արմեն Ռուստամյանի եւ Վահան Հովհաննիսյանի միջեւ կատաղի պայքարի եւ սկանդալային բանավեճերի ակնկալիքն էլ անտեղի հայտարարեց բանախոսըՙ հայտարարելով. «Մենք ոչ միայն գաղափարակիցներ ենք, այլեւ ընկերներ: Եվ եթե մենք ինչ-որ տեղ պետք է մրցենք, ապա պետք է մրցենք մեր ելույթների մեջ, մեր մոտեցումների մեջ: Բայց ի վերջո խոսքը Հովհաննիսյանի կամ Ռուստամյանի մասին չէ, այլ այն մասին է, որ պետք է հաջողի Դաշնակցության թեկնածուն, միեւնույն է, թե ով»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4