Այսօրվանից 10 աշխատանքային օր կա ցանկացողների համար ձեռք բերելու «Վալեքս» խմբի ACP` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ թողարկած պարտատոմսերը «Արմսվիսբանկ»-ից, որը պարտատոմսերի թողարկման կազմակերպիչն ու գլխավոր տեղաբաշխողն է: Սա երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացած ACP ընկերության պարտատոմսերի տեղաբաշխման շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց: ACP-ն Հայաստանում գործող 5-րդ ընկերությունն է, որ պարտատոմսեր է թողարկել եւ, ինչպես փաստեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը. «Մեզ համար կարեւոր է հենց այսՙ առաջատար եւ առաջնակարգ ACP ընկերության մասնակցությունը արժեթղթերի շուկայի զարգացմանը»: Պարտատոմսերն անվանական են, արժեկտրոնային, քանակըՙ 10 հազար, ընդհանուր ծավալըՙ 500 մլն դրամ, տարեկան տոկոսադրույքը 10 տոկոս է, շրջանառության ժամկետըՙ 18 ամիս:
Պարտատոմսերը 400 մլն դրամ ծավալով տեղաբաշխված են տեղաբաշխման խմբի կամ ստեղծված սինդիկատի միջեւ, «Արմսվիսբանկ»ՙ 250 մլն, «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸՙ 100 մլն եւ «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸՙ 50 մլն դրամի չափով: Մնացյալ 100 մլն դրամիՙ 2 հազար պարտատոմսերի տեղաբաշխումն ակնկալվում է կատարել բաժանորդագրության կարգով: Բաժանորդագրման միջոցով պարտատոմսերի նախատեսված ողջ ծավալի տեղաբաշխումը չհաջողելու դեպքում դրանք ձեռք կբերի սինդիկատի ներկայացուցիչ «Արմսվիսբանկը»:
Հիշեցնենք, որ «Վալեքս» խմբին պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության հիմնական գործունեությունն պղնձի արտադրությունն ու իրացումն է: Շահագործում է Ալավերդու պղնձի հանքավայրը եւ շահագործման նախապատրաստում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ