«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2007-09-25 | #174, 2007-09-26 | #175, 2007-09-27


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՆՐԱ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Իսկ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ

Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում, հանդիպելով ՌԴ նորանշանակ վարչապետ Վիկտոր Զուբկովի հետ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մամուլի համատեղ ասուլիսում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Նա եւս մեկ անգամ շեշտել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը, ավելացնելով. «Սակայն նախապայմաններ առաջադրում է թուրքական կողմը, թեեւ հիմա դա ավելի դժվար է վերջինի համար, քանի որ Թուրքիան ձգտում է անդամակցել Եվրոմիությանը, նրան տեւական բանակցային գործընթաց է սպասում»:

ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսի մասին երեկվա համարում տեղեկացրել էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, իսկ «CNN-Turk»-ըՙ հենց ասուլիսի օրը, այսինքնՙ սեպտեմբերի 25-ի երեկոյան, բացարձակապես կենտրոնանալով հայ-թուրքական հարաբերությունների վրա: Ըստ «CNN-Turk»-ի, վարչապետ Սերժ Սարգսյանն ասել է նաեւ. «Եվրոպացիների համար տարօրինակ է լինելու ԵՄ-ի սկզբունքներին երբեմն հակադրվող այս երկրի ընդգրկումը միության կազմում: Հայ-թուրքական հարաբերություններում գնդակը Թուրքիայի դաշտում է: Մեզանից ոչինչ կախված չէ»:

Վերջում «CNN-Turk»-ը հարկ է համարել ընդգծել. «Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի զինակից Սարգսյանը, ենթադրվում է, առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը»: Տվյալ դեպքում վերոհիշյալ լրատվամիջոցի խնդիրն անշուշտ Սերժ Սարգսյանի առաջադրումը չէ, այլ նրաՙ Քոչարյանից հետո ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնելու հավանականությունը:

Ակնհայտ է, որ այդ դեպքում կապահովվի Հայաստանի որդեգրած թուրքական քաղաքականության շարունակականությունը: Դա կհանգեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի պատճառով երրորդ երկրների հետ հարաբերությունները սրող, իսկ երկրի հայկական սահմանը փակ պահելու եւ Հայաստանը շրջափակելու համար ԱՄՆ-ի ու Եվրոմիության ճնշումներին ենթարկվող Թուրքիայի հայկական քաղաքականության դիրքերի լիարժեք սպառմանը: Դրանով կսպառվի նաեւ թուրքական պետության հարավկովկասյան քաղաքականությունը:

Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելն ասենք, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամությամբ հայաստանյան իշխանությունները փաստորեն թուրքական իշխանություններին զրկել են հակաքայլերի հնարավորությունից: Ավելին, դա ի չիք է դարձրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար հարեւան երկրին նախապայմաններ առաջադրելու նպատակահարմարությունը: Հայաստանյան իշխանությունների վերոհիշյալ պատրաստակամության պայմաններում ակնհայտ է դարձել ինչպես նախապայմանների, այնպես էլ դրանք առաջադրման սնանկությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականությանը, ապա որքան էլ վերջինը ռազմական բնագավառում համագործակցության պայմանագրեր ունենա Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, ապա այս հանրապետություններից առաջինում ռազմական ներկայություն է հաստատել ԱՄՆ-ն, իսկ երկրորդը ներքաշվել է հանուն ազդեցության ծավալվող ռուս-ամերիկյան անհաշտ մրցապայքարի մեջ:

Այսինքն, Թուրքիային ոչ միայն չի հաջողվել ազդեցության տակ վերցնել Վրաստանն ու Ադրբեջանը, այլեւ նա չի կարողացել նույնիսկ իր դիրքերն ամրապնդել այս հանրապետություններում: Եթե այս ամենին ավելացնենք Թուրքիայի հայկական քաղաքականության դիրքերի սպառումը, որոնց հետագա խորացումը նրան կզրկի նաեւ այդ քաղաքականությունը վերանայելու հնարավորությունից, ապա դժվար չի լինի կռահել Հարավային Կովկասից վտարման անխուսափելիությունը:

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Թուրքիայի հայկական քաղաքականությունը բացասական հետեւանքներով անդրադառնում է ոչ այնքան Հայաստանի, որքան թուրքական պետության հարավկովկասյան քաղաքականության վրա, իսկ Հարավային Կովկասը ցատկահարթակ է Միջին Ասիա ներթափանցելու համար:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4