«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2007-09-25 | #174, 2007-09-26 | #175, 2007-09-27


ԸՆԿԵՐ ԼԻՆԵ՞ԼՆ ԷԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ

Հարկերի հավաքման ցուցանիշը բարձրացնելու խոստումը կատարելիս

Ստվերային տնտեսության դեմ պայքարելու, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ հարկման ցուցանիշը բարձրացնելու հրատապ անհրաժեշտության մասին, ինչը բազմիցս շեշտվել է մեր թերթի էջերում, վերջապես սկսեցին խոսել նաեւ երկրի ղեկավարներըՙ նախագահն ու վարչապետը: Վերջերս նախագահ Ռոբերտ Քոչարյանն անգամ հատուկ խորհրդակցություն հրավիրեց հարկային ոլորտում հայտնաբերված խոշոր խախտումների առնչությամբ: Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը «Ազգի» գլխավոր խմբագրի հետ հարցազրույցի ժամանակ ընդգծեց, որ հարկերի հավաքման ցուցանիշը ՀՆԱ նկատմամբ շատ փոքր է եւ պետք է մեծացվի: Ընդ որում, շեշտվեց, որ կուսակցական պատկանելություն, խնամի, բարեկամ այստեղ նշանակություն չեն ունենալու: Կհամընկնե՞ն վարչապետի խոսքն ու գործը, կերեւա մի քանի ամիս հետոՙ տարեվերջին:

Այս հրապարակումը հուսով ենք, որ կօգնի վարչապետին իր խոսքի տերը լինել, եթե իհարկե նրա հիշատակած խնամի, բարեկամներից բացի, ավելի շատ հարկեր վճարելու պարտավորությունը վերաբերում է նաեւ ընկերներին: Ինչի՞ մասին է խոսքը:

Հարկային պետական ծառայության կողմից հրապարակվող առաջին 300 հարկատուների ցանկից երեւում է, թե որքան հարկեր են վճարել մեր երկրի խոշոր հարկատուները, որքան են դրանք նախորդ տարվա համեմատ: «Ազգը» եւս անդրադառնում է այդ ցուցակներին եւ մասնավորապես օլիգարխների վճարած հարկային մեծություններին: Այս տարվա առաջին կեսին, ինչպես արդեն նշել ենք նախկինում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, որոշակի չափով ավելացել էին նաեւ արտոնյալ համարվող որոշ օլիգարխների, օրինակՙ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Ալեքսանյանի վճարած հարկերը: Ճիշտ է, դա դեռ չի նշանակում, որ նրանք վճարում են այնքան, որքան պետք է վճարեին, եթե լինեին պարտաճանաչ հարկատուներ: Առավել եւս, որ հայտնի չէ, նրանց բիզնեսն է ավելի մեծ թափով զարգանում, թե՞ վճարած հարկերը: Սակայն սրանց կողքին ակնհայտորեն նվազել են մեկ այլ խոշոր գործարարիՙ Միխայիլ Բաղդասարովի վճարած հարկերը: Ընդ որում, դա տեղի է ունենում նրան պատկանող միաժամանակ երեք հայտնի ընկերություններում: Ներկայացնենք փաստերը:

«Միկա Արմենիա թրեյդինգը» այս տարվա առաջին կեսին վճարել է 571 մլն դրամ հարկ եւ 300 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 43-րդ տեղը: Մինչդեռ 2006-ի առաջին կիսամյակում նույն ընկերությունը վճարել էր 935 մլն դրամ եւ զբաղեցնում էր 20-րդ տեղը: Այսինքն, ավելի քան 40 տոկոսով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարածից: Ոչ մի պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրից ոչինչ հայտնի չէ այն, որ այս ընկերության գործունեությունը նման կտրուկ անկում է ունեցել: Կարելի էր սա համարել պատահականություն, վերագրել օրենքի անկատարությանը, ներդրումներին եւ հազար ու մի այլ բանի, եթե առավել վատթար պատկեր չլիներ Միխայիլ Բաղդասարովին պատկանող մյուս ընկերություններում:

Ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 98 մլն դրամ հարկ եւ գտնվում է 281-րդ տեղում: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում 99 մլն դրամ ցուցանիշով «Արմավիան» զբաղեցնում էր 211-րդ տեղը: Առաջին հայացքից տարբերությունն այնքան էլ մեծ չի թվում: Բայց միայն առաջին հայացքից: Վերջերս ընկերությունը հրապարակեց իր գործունեության արդյունքները, համաձայն որոնց, այս տարվա առաջին կիսամյակում ուղեւորափոխադրումների ծավալն ավելացրել է 25 տոկոսով, իսկ բեռնափոխադրումներինըՙ 10 տոկոսով: Ինչպե՞ս է դա հնարավոր, երբ բիզնեսը ծաղկում է, իսկ պետությանը վճարվող հարկերըՙ նվազում: Սակայն սա դեռ բոլորը չէ:

Վիճակն ավելի խայտառակ է նույն գործարարին պատկանող «Միկացեմենտում»: Եթե նախորդ տարվա առաջին կեսին «Միկացեմենտը» վճարել էր 260 մլն դրամ հարկ եւ զբաղեցնում էր 77-րդ տեղը առաջին 300 հարկատուների ցանկում, ապա այս տարվա առաջին կիսամյակում ընդհանրապես բացակայում է այդ ցանկից: Հայաստանում շինարարության ներկա տեմպերի առկայությամբ եւ ցեմենտի պահանջարկով, ցեմենտ արտադրող ընկերությունը փաստորեն կտրուկ նվազեցնում է վճարած հարկերը: Մինչդեռ շուկայում ցեմենտի պակաս գոյություն չունի: Այսինքն, ցեմենտի արտադրության ծավալները Հայաստանում եւ մասնավորապես «Միկացեմենտում» հաստատ չեն նվազել եւ պետք է, որ աճած լինեն: Իսկ ի վերջո որքա՞ն հարկ է վճարել «Միկացեմենտն» այս տարվա առաջին կեսին եւ ո՞րերորդ հարկատուն է: Հարկային պետական ծառայության պաշտոնական ինտերնետային էջից տեղեկացանք, որ «Միկացեմենտը» զբաղեցնում է ... 841-րդ տեղը եւ 6 ամսվա ընթացքում վճարել է ... 25 մլն դրամ: Այստեղ թերեւս մեկնաբանելու ոչինչ չի մնում: Պարզապես նշենք, որ անցյալ տարի վճարած հարկերով էլ Միխայիլ Բաղդասարովի ընկերություններն ամենեւին աչքի չեն ընկել պարտաճանաչությամբ:

Բոլորին հայտնի է, որ Միխայիլ Բաղդասարովը Սերժ Սարգսյանի շրջապատին է պատկանում եւ նրա ընկերն է: Եվ բոլորն էլ նրա արտոնյալ գործունեությունը կապում են այդ փաստի հետ: Հետեւաբար, վարչապետի համար լավ առիթ է ցույց տալու, որ իր համար ոչ միայն խնամի, բարեկամ լինելը նշանակություն չունի, այլեւ ընկեր լինելը: Հարմար առիթ է նաեւ ապացուցելու, որ ինքը պատրաստ է արձագանքելու եւ լուծելու մամուլի բարձրացրած խնդիրները, եթե դրանք, ինչպես ինքն էր նշել, «սեւացնելու» նպատակ չունեն: Հուսով ենք, որ վարչապետը գործուն քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ, այլապես միայն դժոխքում հայտնվելու հեռանկարը դժվար թե Միխայիլ Բաղդասարովին ստիպի ավելի շատ հարկեր վճարել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4