«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2007-09-25 | #174, 2007-09-26 | #175, 2007-09-27


ՍԱՌՈՒՅՑԸ ՀԱԼՎՈ՞ՒՄ Է

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ «Ազգի» գլխավոր խմբագրի հարցազրույցը լայն արձագանք տվեց ընթերցողական շրջանում, Հայաստանում թե արտերկրում: Դրանց մեծ մասը հրապարակվեց մեր թերթի կայքէջումՙ ֆորումում, հակադիր դրսեւորումներով: Եղան նաեւ արձագանքներ, որոնք չհասցրեցին տեղավորվել սահմանված ժամկետում: Առանձնացնում ենք դրանցից մեկը, որը, մեր կարծիքով, այլ դիտանկյունից է մոտենում այդ երեւույթին:

Ինտերնետում ծանոթանալով հայոց վարչապետի հետ «Ազգի» գլխավոր խմբագրի հարցազրույցի արձագանքներին (կարեւոր չէՙ դատապարտիչ թե հավանություն տվող), գալիս ես մի հետեւությանՙ բովանդակ հայ ժողովուրդը եւ համայն սփյուռքը ցնցված են Հայաստանի բարձրագույն ղեկավարներից մեկի, այսպես ասած, տնավարի, զգացմունքային զրույցից: Սա թերեւս առաջին դեպքն է, երբ նման մակարդակի պետական այրը փորձում է պարզապես խոսել իր ժողովրդի հետ, որի կարոտն այնքան զգում է վերջինս: Պեղել այդ երկխոսության բովանդակությունն անիմաստ է, քանզի այնտեղ չկան երկրի էկոնոմիկայի զարգացման լուրջ մեխանիզմների վերաբերյալ պրոֆեսիոնալ մեկնաբանություններ կամ վերլուծություններ (հարուստներին դրախտ կամ դժոխք ուղարկելով տնտեսություն չես կառուցի): Եվ չի էլ կարելի փետել Ավետիքյանին, թե նա սիրաշահել է պաշտոնյային: Ոչ, Ավետիքյանը միշտ էլ գրում է, որ Հայաստանի ղեկավարության ու ժողովրդի միջեւ գոյացել է խուլ անջրպետ, որ բացակայում է հենց սրտամոտ զրույցը, երբ ժողովրդի ճիչը դարձել է սոսկ ձայն բարբառո հանապատի: Կարող եք կասկածել, օրինակ, որ Ռուսաստանում Պուտինի ժողովրդականությունն արտակարգ բարձր է նաեւ այն բանի շնորհիվ, որ նա հաճախ է խոսում իր «հպատակների» հետՙ ամենամատչելի լեզվով: Ավետիքյանը ոչ թե կուլ է գնացել վարչապետին (նույնիսկ «շփոթվել» է), ինչպես պնդում են որոշ ընթերցողներ, այլ պարզապես տուրք է տվել զգացմունքներին, ինչը միանգամայն բացատրելի ու ըմբռնելիՙ դարձել է կամուրջ երկու «սուբյեկտների» միջեւ:

Հայաստանի բարձրագույն ղեկավարներն, իրոք, մարդկանց աչքին դարձել են դեմոն, չասենքՙ դիվային, դժոխային, ինչպես բացատրում է բառարանը: Ոչՙ անմատչելի, անզգայուն, անհաղորդ, ինքնասեր, ինքնիշխան, ինքնակա (մի քիչ շատ ստացվեց, բայց ոչինչ): Մինչդեռ պարզվում է, որ նրանք էլ նորմալ էակներ ենՙ ընդունակ «զրից» անելու (փիքր անելու) մարդկանց հետ: Եթե գահին հավակնող անձն իրեն թույլ տա ժամանակ առ ժամանակ հայտնել իր մտքերն ու խոհերը, ապա դրանից շատ կշահի: Եթե, իհարկե, այդ ելույթները չվերածվեն սոսկ նախընտրական զեղումների:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4