Ի՞նչ է առաջարկվում 95 տոկոս կազմող «պիրատության» դեմ պայքարելու համար
Հայաստանում «պիրատության» աննախադեպ ծավալների (95 տոկոս) առկայությամբ իրենց իրավունքներն այս ոլորտում դատական ատյանների միջոցով պաշտպանելու ընդամենը երկու դեպք է արձանագրվել: Այս ցուցանիշները երեկ բերվեցին մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցերին նվիրված կլոր սեղանի ժամանակ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող «Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության արշավի» շրջանակներում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ներկայացվեցին առաջարկություններ, որոնք պետք է բարելավեն այս ոլորտում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ «Հեղինակային իրավունքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրավաբան Արթուր Մելիքյանը: Նա նախ հայտնեց, որ «պիրատության» 95 տոկոս ցուցանիշը խոչընդոտում է Հայաստան ներդրումներ ներգրավելուն, միջազգային պարտավորությունները կատարելուն եւ նպաստում մտավոր ներուժի արտահոսքին դեպի այն երկրներ, որտեղ մտավոր սեփականության իրավունքը պաշտպանվում է:
Ըստ պատրաստված առաջարկությունների փաթեթի, որը պետք է ներկայացվի կառավարությանը, ավելի կոնկրետ Մայքրոսոֆտ-Հայաստանի կառավարություն պայմանագրի իրականացումն ապահովող աշխատանքային խմբին, առանձնացվում են մի քանի հիմնական առաջարկություններ: Դրանք ենՙ օրենքով սահմանել համակարգչային ծրագրերի հեղինակների իրավունքների պաշտպանության կոլեկտիվ մարմին, կառավարությանը ներկայացնել առաջարկություն «պիրատության» դեմ պայքարի միջոցառումներն ակտիվացնելու ուղղությամբ, պետական կառույցների, իրավապահ եւ դատական համակարգերում բարձրացնել իրազեկումը եւ այլն:
Այդ առաջարկությունները ներկայացնելու պատճառներն ենՙ անհրաժեշտ պայքարի բացակայությունը «պիրատության» դեմ, պետության որպես սպառողի կողմից համակարգչային ծրագրերի նկատմամբ հեղինակային իրավունքը չապահովելը, հեղինակների իրավունքների կոլեկտիվ պաշտպանության բացակայությունը եւ հեղինակային իրավունքի օգտագործումից հեղինակներին արդարացի վարձատրելու դժվարությունները:
Արթուր Մելիքյանը նշեց, որ թեեւ խստացվել է հեղինակային իրավունքի ապօրինի օգտագործման համար պատիժը եւ 500 հազար դրամ վնասի փոխարեն 200 հազար դրամ վնաս պատճառողի համար քրեական պատիժ է սահմանվում, բայց նպատակահարմար չհամարեց մեկ դեպքի համար քրեական պատիժ կիրառելը: Մյուս կողմից նշվեց, որ պետությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հեղինակային իրավունքների պաշտպանությունը չի առանձնացնում այլ ոլորտներից:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ