Վազգեն Մանուկյանն, արձագանքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի քաղաքական գնահատականներին, նշել է, որ վերջինս իր ելույթը պետք է կառուցեր ուրիշ ձեւով` պետք է ցույց տար իր նշած մաֆիոզ կլանային կառույցների, կեղծված ընտրությունների, անազատ հեռուստատեսությունների ձեւավորման արմատները. նույն մեղադրանքները` այս կամ այն ձեւով, մի քիչ մեղմ կամ ավելի խիստ, տրվել են նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ: Մանուկյանն ասում է, թե փչացումը 1998-ից ավելի վաղ է սկսվել:
Ըստ Մանուկյանի` ԼՂՀ հարցի մասին Տեր-Պետրոսյանի կարծիքը նույնն է, ինչ նախկինում, նրա իշխանության ժամանակ` Ադրբեջանը չի գնում զիջման, մե՛նք պետք է գնանք, մինչդեռ` եթե Ադրբեջանը չի գնում զիջման, պետք է այնքան առաջ գնալ, որ Ադրբեջանը ստիպված համաձայն լինի զիջման: Ընդդիմադիր դաշտում էլ եթե ձեւավորվի միասնական դաշտ` Լ. Տեր-Պետրոսյանն օգտակար կարող է լինել այդ պայքարի մեջ իր բաժնով, սակայն ըստ Մանուկյանի` այդպիսի միասնական դաշտի ձեւավորման հնարավորություններ դեռ չեն երեւում: Մի խոսքով` Մանուկյանի արձագանքներում առանձնապես խանդավառություն չի նկատվում հանդեպ Տեր-Պետրոսյանի անձն ու նրա մոտեցումները, այնպես որ այս երկու քաղաքական գործիչները, ինչպես եւ ենթադրելի էր, հազիվ թե միմյանց կողքի հայտնվեն: Տեր-Պետրոսյանի անձի շուրջը միասնական ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու ջատագովներին խորհուրդ է տրվում իրենց բլոկնոտներում գրված ազգանուններից մեկի դիմաց մինուս դնել:
Ընթերցողի համար զուգահեռ մտահայեցում ապահովելու համար այս բոլորը ներկայացնելուց հետո միայն անդրադարձ անենք երեկ ասուլիս տված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի ասածներին: Վ. Մանուկյանի ասածին հակադիր, անդրադարձ անելով Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ նախկին նախագահի դիրքորոշմանը` Ա. Զուրաբյանը հավաստիացրեց, թե Լ. Տեր-Պետրոսյանի միակողմանի զիջման կողմնակից լինելը սխալ պատկերացում է, ընդհակառակը, նա հակված է այդ հարցում առավելագույն արդյունքի հասնել, իսկ ՀՀՇ-ն բազմիցս հայտարարել է, թե առանց ԼՂՀ մասնակցության, Հայաստանը որեւէ փաստաթուղթ չպետք է ստորագրի: Ա. Զուրաբյանից լրագրողներս հավաստում ստացանք` Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումն անդառնալի է` որոշում դեռ չկա, բայց ամեն ինչ դրան է տանում: Իսկ երբ իշխանական քարոզչամեքենան «պլինտուսից ցածր մակարդակով» տոտալ հարձակում է իրականացնում Տեր-Պետրոսյանի դեմ, դա վկայում է, որ իշխանական ճամբարում խուճապ է Լ. Տեր-Պետրոսյանի ելույթից հետո: Զուրաբյանը հնարավոր է համարում Տեր-Պետրոսյանի շուրջը լուրջ ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը: Չնայած` Տեր-Պետրոսյանը պետք է գա նորացված թիմով եւ թիմում տեղ գտնեն այնպիսի մարդիկ, որոնք չեն ստվերի այդ թիմի աշխատանքը: Անուններ չտրվեցին, անգամ «Ազգի» այն անմեղ հարցին, թե նշեք մեկ-երկու կուսակցության կամ լիդերի անուն, որոնց ներկայությունն իսկապես ստվեր չի գցի թիմի վրա, Զուրաբյանը չուզեց որոշակի անուններ առանձնացնող պատասխան տալ: ՀՀՇ-ն չի քննարկել այնպիսի տարբերակ, որ Լ.Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու. «Մենք համոզված ենք, որ առաջադրվելու է... եւ որ` այս թիմն ունի լավագույն խաղացողը»: Ընդամենը մի հանգամանք կարող է դրդել նախկին նախագահին հեռու մնալու քաղաքական գործընթացներից. եթե պարզի, որ այսուայն խնդիրներն իր համար անլուծելի են:
Նախագահ Քոչարյանի այն անդրադարձին, թե Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու առաջադրվելով կդառնա շարքային ընդդիմադիր` իր բոլոր հետեւանքներով, Զուրաբյանը պատասխանեց` նկատելով, թե երկրի թիվ մեկ պաշտոնյան լավ կլիներ, որ ավելի զուսպ լիներ իր արտահայտություններում, ապա եւ եզրակացրեց. իշխանությունը ցանկանում է ինքն իրեն համոզել, թե Տեր-Պետրոսյանը շարքային ընդդիմադիր է, շատ շուտով բոլորը կհամոզվեն, որ դա այդպես չէ, Տեր-Պետրոսյանը նորանոր ելույթներ եւ քաղաքական գնահատականներ է հնչեցնելու:
Հետաքրքրական է, որ ե՛ւ ՀՀՇ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն իրար հանդեպ խիստ դիրքորոշումներով հանդես չեն գալիս` մոտավորապես նույն դրդապատճառը նշելով. երկու ուժերի թեկնածուների առաջադրումը հետաքրքրություն եւ գաղափարականություն կմտցնի քարոզարշավում: Զուրաբյանն առանց երկիմաստության ասաց, թե ՀՀՇ-ի թեկնածուի առաջադրման դեպքում` իրենց ավելի նախընտրելի մրցակիցը Դաշնակցության թեկնածուն կլինի. «Շատ ավելի լուրջ քաղաքական պրոցես կգնա այդ հարթության վրա, քան այն պարագայում, երբ արդեն մրցակցություն լինի Սերժ Սարգսյանի հետ»: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ ոխերիմ «բարեկամներ» էին մի ժամանակ ՀՀՇ-ն եւ ՀՅԴ-ն:
«Եթե Լ. Տեր-Պետրոսյանը լռի էլ, սրանից հետո ընդհանրապես չխոսի ու գնա ընտրությունների, ես համոզված եմ, որ մեր հասարակությունը ձայնը կտա նրան` գերադասելով Ս. Սարգսյանից»: Երեւի մեր եւ Արարատ Զուրաբյանի իմացած հասարակությունների տարբեր երկրներում են ապրում, այլապես այդպիսի համոզվածություն պարոն Զուրաբյանը, անկախ նախընտրական ենթատեքստից, չէր կարող ունենալ: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը կհամաձայնի՞ մասնակցել Ս. Սարգսյանի հետ բանավեճի. «Ս. Սարգսյանը կհամաձայնի՞ Տեր-Պետրոսյանի հետ բանավիճել, այդ է պետք հարցնել», նկատեց Զուրաբյանը:
Լրագրողները սիրում են քշել հարցերի ձին անվերջ դեպի առաջ` այնպես որ խորացան. եթե Տեր-Պետրոսյանը հաղթի նախագահական ընտրություններում, արդյոք նախկին թիմակից Ս. Սարգսյանին կընդգրկի՞ իր նոր թիմի կազմում. Ա. Զուրաբյանը ծայրահեղացավ` եթե այդպիսի բան կատարվի, ինքը կհիասթափվի ու կհեռանա Հայաստանից:
Ա. Զուրաբյանի ասուլիսից տպավորությունը հակասական էր. երբեմն թվում էր, թե նա խնդիր ունի մեղմացնել-ցրել Տեր-Պետրոսյանի ելույթի ճնշող տպավորությունը (ի դեպ` նա հաստատեց, որ այդ ելույթն անսպասելի եւ հանպատրաստից է եղել), սակայն երբեմն էլ նա շատ էր սրում, այնպես որ` չես իմանա: Բայց մի ինչ-որ ինքնավստահություն ու խաղաղություն իջել էր Զուրաբյանի վրա, որը վկայում էր, որ նրա կուսակցության փաստացի առաջնորդը գուցե եւ իսկապես առաջադրվի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. Մեր աշխատակիցներից մեկը հիշել էր 1996 թվականը եւ մեզ բացատրում էր. եթե այդ ժամանակ նախկին նախագահը Վազգեն Մանուկյանի հաղթանակը նրանից չխլեր, դրանից հետո բոլոր իրադարձությունները գուցե այլ կերպ զարգանային, եւ իր առաջադրումն էլ հիմա բնականոն կթվար: Բայց մեկնած գնացքը հիմա դժվար է վերադարձնել` Վազգեն Մանուկյանին լուսանցք մղելու պատճառ դառնալով` Տեր-Պետրոսյանն ինքը չքաված մեղքի տակ է: Տեսակետ է, ուրիշ տեսակետների հետ գոյության իրավունք ունի: