«Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռանկար չունի, բայց իմ բուռն ցանկությունն է, որ նա իր թեկնածությունն առաջադրի, որպեսզի իր վերջակետը ժողովուրդը դնի եւ ոչ ինքը», երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Բանախոսը նաեւ պնդեց, որ առաջին նախագահի մուտքն ընտրապայքար շահեկան է ներկայիս իշխանություններին, քանի որ ներկայի իշխանավորը նախկին իշխանավորի ֆոնին թվում է գաղափարական. «Այդ մարդը 10 տարվա լռությունից հետո խոսեց եւ ապացուցեց իր մեծ հետեւողականությունը միայն մեկՙ Լեռնային Ղարաբաղը զիջելու հարցում, հակառակը նա ասել է միմիայն ընտրվելուց առաջ: Մինչդեռ ներկայիս իշխանությունները մինչ այժմ զիջելու մտադրության նախանշաններ ցույց չեն տվել»:
Շավարշ Քոչարյանը առաջինի ակտիվացման մեկ այլ շարժառիթ համարեց իշխանափոխությունից հետո նրան ու շրջապատին տրված երաշխիքներն ապահովողիՙ երկրորդի իշխանությունից հեռացումը: Իսկ այդ դեպքում չի բացառվում, որ եկողը հանկարծ անդրադառնա հին գործերի արծարծմանը, հետեւաբար եւ հավանական է շրջապատի մեծ դերը առաջին նախագահի հրապարակային ասպարեզ իջնելու գործում. «Ինքը հո հստակ պետք է իմանաՙ ժողովուրդն իրեն որքանով է սպասում կամ ոչ: Բայց այդ մարդը եկավ եւ ասաց երեք բանՙ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել զիջման ուղիով, երկիրն էլ զարգացման տանելու համար քանդել համակարգը, վերադառնալ ժողովրդավարությանը: Վերջինը տարրական հիշողություն ունեցողի համար առնվազն ժպիտի հիմք է: Իսկ զիջելու եւ քանդելու ծրագրի, որ դոմինանտ էր իր իշխանության օրոք, կամ այն կրող անձի շուրջը չի կարելի միավորվել»:
Մինչդեռ ԱԺԿ ղեկավարի կարծիքով, նախագահական ընտրությունից առաջ հասարակությունը արտաքին եւ ներքին մարտահրավերների հաղթահարման հստակ պատվեր պետք է ձեւավորի իշխանությանն ու թեկնածուներին ուղղված. «Երեք առանցքային խնդիր կա այդ տեսանկյունից: Առաջինՙ տնտեսության որակական աճ, որպեսզի ապահովվի տարածաշրջանում տնտեսության մրցակցությունը, երկրորդՙ օրենքի իշխանության ստեղծումն ու ամրապնդումը, հակառակի ապացույցը արտոնյալների թիկնապահական շքախմբով շրջելն ու ուզածն անելը, անպատիժ մնալն է, եւ երրորդՙ Հայաստանի Հանրապետության համաչափ զարգացումը, երկիրը Երեւանի տարածքում չսահմանափակելն է: Արդյունքը պետք է լինի հայրենադարձությունն ու արդեն կայացած պետությանՙ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հասնելը»: Ներկայացվածի նախապայմանն էլ ժողովրդավարացումն է Շավարշ Քոչարյանի խորագույն համոզմամբ, սակայն քաղաքական դաշտը սայլը ձիուց առաջ գցած անձերի շուրջն է պտտվում թակարդն ընկածի պեսՙ մոռանալով խնդիրների, հնարավորությունների քննարկումը, առանց որի ապագա չպիտի ունենա երկիրը: Առկա ընթացքը իշխանության ջրաղացին ջուր լցնելուն հավասարազոր է եւ վստահաբար չի տանի միասնական թեկնածուի լինելության, իսկ հակառակի համար ընդդիմությունը հնարավորինս շուտ եւ արագ պետք է անցնի քաղաքական, գաղափարական պայքարի. «Պարտավորվածություն չեմ տեսնում թեկնածուներից որեւէ մեկի կողքին լինելու եւ նման խնդիր էլ չունեմ: Լեւոն Տեր-Պետրոսյանն այլընտրանք չէ, Սերժ Սարգսյանն էլ ինքն իրեն այլընտրանք լինել չի կարող»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հ.Գ. ՀՀ առաջին նախագահի ակտիվացման հավանական զրույցների ժամանակահատվածից մինչեւ երեկ հրավիրված ասուլիսներից Շավարշ Քոչարյանի հանդիպումը լրագրողների հետ թերեւս եզակի էր քաղաքական շրջահայացության տակ քողարկված քծնանքի բացակայությամբ: