«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2007-09-26 | #175, 2007-09-27 | #176, 2007-09-28


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ»

Սերժ Սարգսյանը այցելեց նաեւ հայկական եկեղեցական համալիր

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Մոսկվա ինչ-որ տեղ դարձավ «պատմական», քանզի Ռուսաստանի նորընտիր վարչապետ Վիկտոր Զուբկովի համար սա առաջին «միջազգային» հանդիպումն էր: Այցն անցավ բարեհաճ մթնոլորտում, Զուբկովը բարձր գնահատեց Երեւանի հետ հարաբերությունները եւ արտահայտվեց դրանց հետագա զարգացման օգտին: Նշվեց, որ ապրանքաշրջանառությունը անցած վեց ամսում աճել է 70 տոկոսով:

Առհասարակ Ռուսաստանում ռուս-հայկական առնչությունները հարթ են համարվում եւ տեղի ԶԼՄ-ները եւս այդ առումով արձագանքում են բարեկամաբար: Կոնկրետ Սերժ Սարգսյանին այստեղ համարում են նախագահի հիմնական հավակնորդ եւ հույս են հայտնում, որ նրա ընտրվելու դեպքում երկու պետությունների հարաբերությունները կմնան նույնքան հավասարակշռված: Մամուլի ասուլիսում նրան հարցրեցին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, սակայն Սարգսյանը խուսափեց պատասխանելուց, բայց միաժամանակ նշեց, որ խոսակցությունները, թե ընտրություններում սուր պայքար չի ծավալվի, անհիմն են: Արժանի մարդիկ շատ կան, հայտարարեց նա:

Մոսկովյան հագեցած բանակցություններից հետո հայոց վարչապետի համար հաճելի զգացմունքային լիցքաթափում էր նրա այցելությունը Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցական համալիր: Այն տպավորությունն ստեղծվեց, որ վարչապետը չէր սպասում տեսնել նման հսկա մի կառույց, որտեղ արդեն հառնել են առայժմ միայն բետոնակուռ մայր տաճարը, մատուռը, վարչական շինությունները: Նա մեծ ուշադրությամբ էր լսում տեղի թեմի առաջնորդ Եզրաս սրբազան Ներսիսյանի պարզաբանումները եւ ցանկություն հայտնեց մտնել տաճարի ներսը: Դուք մի նոր Հայկական նրբանցք եք կառուցում` արտահայտելով իր հիացմունքը, դիմեց նա թեմի առաջնորդին (սա արդեն պողոտա է` նկատեց սրախոսներից մեկը):

Վարչապետը մտերմիկ զրույց ունեցավ նաեւ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, որոնք փաստորեն իրենց բարեգործությամբ են ոտքի կանգնեցնում հոյակերտ կառույցը: Հրաժեշտ տալով, Սերժ Սարգսյանը ասաց, որ շինարարության հետ կապված ամեն մի հարցով կարող են անձամբ դիմել իրեն:

«Վարչապետն առաջին պետական բարձրաստիճան այրն է, որ այցելեց մեր այս կառույցը, «Ազգի» թղթակցին ասաց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը: Եվ այս փաստը ուրախալի է ու ոգեւորիչ, այստեղ զգացվում է եկեղեցի-պետություն հարաբերությունների շնչառությունը»:

Հ. Գ.- Ցավոք, Հայաստանի վարչապետի այցը ինչ-որ տեղ մթագնվեց քստմնելի մի միջադեպով, որը տեղի ունեցավ «քաջարի» հայ արկածախնդիրների ջանքերով: Մոսկվայի «Մետրոպոլ» խաղատանը զենքի ուժով իրենց հարաբերություններն էին պարզել երեք «կովկասյան ազգության անձինք», որից տուժել էր... Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Եթե վարչապետի այցը ոչ բոլոր թերթերը լուսաբանեցին, ապա այս միջադեպը գրեթե դարձավ օրվա կարեւոր լուրն ու մեկնաբանվեց խիստ բացասականորեն: Հետաքննությունը նոր է սկսվել ու անշուշտ կբացահայտվեն հանգամանքները: Սակայն պարզապես ապշում ես` հայ պառլամենտական, ի՜նչ ես կորցրել դու խաղատանը: Եվ վերջապես, ինչի՞ են Հայաստանի երեւելի բիզնեսմեններն այդքան կրքոտությամբ թափանցում հայոց պառլամենտ: Որ օրենքնե՞ր հնարեն: Թե՞ պարզապես անձեռնմխելիություն ձեռք բերեն: Բայց ի՜նչ անձեռնմխելիություն խաղատանը: Մոսկովյան թերթերից մեկը նույնիսկ աներեւակայելի օպերատիվությամբ պեղել էր վայ-պատգամավորի կենսագրության «ուշագրավ» պահերը, որ առանց մեկնաբանության ներկայացնում ենք ընթերցողներին:

«Ի դեպ, Արզաքանցյանի վրա հարձակում կատարվել էր նաեւ 2004-ի մարտի 29-ին, ՌԴ մայրաքաղաքի Մինսկի փողոցի խաղատանը: Այն ժամանակ մի խումբ հանցագործներ ծեծել էին պատգամավորին, խլել նրա «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցը եւ բջջային հեռախոսը: Հափշտակված իրերը գնահատվում են 1,5 մլն ռուբլի: Տուժածը մարտի 30-ին հիվանդանոց էր տարվել գանգուղեղի վնասվածքով եւ բազմաթիվ այլ վնասվածքներով: Ավելի ուշ պարզվել էր, որ Տիգրան Արզաքանցյանն ինքն է սարքել սեփական ծեծը, որպեսզի խաղատանը չվերադարձնի մոտ 1 մլն դոլար պարտքը: Հունվարի վերջերին այդ գումարը տանուլ տալով` նա խաղատան ղեկավարությունից խնդրել էր մեկամսյա տարկետում: Բայց ինքը ներկայացել էր միայն երկու ամիս հետո, այն էլ` չվճարելու ակնհայտ մտադրությամբ: Դրանից մեկ շաբաթ անց Տիգրան Արզաքանցյանը հայտարարել էր իր ծեծվելու մասին»:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4