Սովորաբար ընդունված չէ, որ լրագրողը հանրությանը ներկայացնի իր գործընկերոջը: Սակայն, այդուհանդերձ, ինչպե՞ս չշնորհավորես համալսարանական ընկերոջդՙ մոսկովյան «ծՏպՉ ՍՏՉփպչ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանին հրատարակության 10-ամյակի առթիվ:
- Գրիգոր, թերթիՙ շուքով անցած հոբելյանական երեկոյին Լրագրողական միությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աշոտ Ջազոյանը, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն արեցՙ քո թերթի տպաքանակըՙ 82 հազար, գերազանցում է Հայաստանում լույս տեսնող բոլոր թերթերի ընդհանուր տպաքանակին: Սա հավաստի՞ փաստ է:
- Ինձ հայտնի չէ Ջազոյանի հաշվարկման «տեխնոլոգիան»: Կարող եմ ասել, որ նա պրոֆեսիոնալ առումով լավ գիտի ԱՊՀ երկրների մամլո շուկան: Ինչ վերաբերում է 82 հազարին, դա իրական թիվ է:
- Երբ դու 10 տարի առաջ ձեռնարկեցիր նորահայտ այս սփյուռքում ազգային թերթ լույս ընծայելու գործը, մտածո՞ւմ էիր նման մասշտաբի մասին: Չէ՞ որ այսօր քեզ իր բարձրագույն շքանշանն է հանձնում մեր ասպարեզի ամենապրոֆեսիոնալ մարմինըՙ լրագրողների միությունը:
- Ինձ համար սկզբունքային էր բուն հրատարակման գաղափարը: Այն տարիներին ես Քիշնեւում բիզնես ունեի, որը կապված էր հրատարակչական գործի հետ: Միաժամանակ, դե, ես էլ բանասեր եմ, համարվում էի հայաստանյան «Նոյյան տապան» եւ Արմենպրես լրատվական գործակալությունների թղթակիցը Մոլդովայում: Առաջինի տնօրեն Տիգրան Հարությունյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասացի, որ ազգային թերթ հրատարակելու ցանկություն ունեմ: Նա ողջունեց նախաձեռնությունս եւ խոստացավ լրատվական լայն աջակցություն, ինչը ինձ խիստ հուսադրեց:
- Բայց հենց սկզբի՞ց խնդիր դրվեց թերթը թողարկել ԱՊՀ մակարդակով:
- Այո: Այդ տարիներին Հայաստանը հայտնվել էր ոչ միայն տնտեսական, այլեւ որոշակի իմաստով նաեւ լրատվական շրջափակման մեջ: Եվ նպատակ էր դրվում ինչ-որ ձեւով նպաստել լրատվական փոխիրազեկմանը հետխորհրդային տարածքի ու Հայաստանի միջեւ:
- Սփյուռքում դյուրին գործ չէ ազգային մամուլ ստեղծելը, առավել եւս նոր ձեւավորվող համայնքում: Ինչպե՞ս ստացվեց:
- Ինչպես ասացի, Մոլդովայում ես բիզնես ունեի եւ անձամբ էի հոգում ծախսերը: Լուրջ դժվարություններ առաջացան, երբ երկու տարի հետո տեղափոխվեցի Մոսկվա: Բարեբախտաբար, եղան ազգասեր մարդիկ, որոնք օգնության ձեռք մեկնեցին: Մասնավորապես կուզենայի նշել «Յունիաստրում» բանկի նախագահ Գագիկ Զաքարյանին, որը տրամադրեց գրասենյակային հարմարություններ եւ մեզ հետ հաստատեց գործընկերային հարաբերություններ:
- Մոսկվա տեղափոխվելը երեւի հետագա նպատակնե՞ր էր հետապնդում:
- Իհարկե, Ռուսաստանի մայրաքաղաքը համաշխարհային մեգապոլիս է, ԱՊՀ գլխավոր կենտրոնը, այստեղ հսկայական են լրատվական աղբյուրներն ու տեխնիկական միջոցները: Ռուսաստանում գրեթե նույնքան հայություն է ապրում, որքան Հայաստանում, եւ այդ հանրությունը ակտիվ դեր է խաղում այս երկրի կենսագործունեության շատ բնագավառներում:
- Բնականաբար, «Ноевкoвчег»-ը, որպես ազգային հրատարակություն, կոչված է բավարարելու հայության պահանջները, սակայն հաճախ է դուրս գալիս այդ շրջանակից: Մոսկովյան թերթերից մեկը նույնիսկ գրել էր, որ անցած տարիներին նա բարձրացել է դաշնային մակարդակի: Թերեւս պատահական չէր, որ թերթի հոբելյանը շնորհավորողների մեջ էր նաեւ Ռուսաստանի պառլամենտի վերին պալատի նախագահի տեղակալ Ալեքսանդր Տորշինը: Որո՞նք են թերթի կողմնորոշիչները:
- Մեզ առաջին հերթին հուզում են ԱՊՀ երկրների հայության եւ հայոց երկրի խնդիրները: Սակայն գտնվելով Մոսկվայում, ինչպե՞ս կարող ենք չլուսաբանել ռուս-հայկական ընդհանուր առմամբ բարեկամական, բայց եւ ներքին հակասություններ ամփոփող հարաբերությունները: Մենք այս հարցի քննարկմանը ներգրավում ենք ոչ միայն հայ, այլեւ ռուս եւ ուրիշ աչքի ընկնող քաղաքական գործիչների, քաղաքականագետների, փորձագետների: Մեզ չի կարող գոհացնել Ռուսաստանի անբավարար ուշադրությունը Հայաստանի նկատմամբ:
- Մշտական են նյութերը Ադրբեջանից ու Վրաստանից եւ նրանց մասին:
- Նրանք մեր հարեւաններն են ու մեզ հետ ներկայացնում են մի տարածաշրջան: Ադրբեջանի առնչությամբ կուզենայի ասել հետեւյալը. ծայրահեղական բնույթի նյութեր չենք հրապարակում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանում հայկական ու ադրբեջանական համայնքները ձգտում են չդիմակայել իրար եւ դա նրանց հաջողվում է: Ահա եւ, նպատակահարմար ենք գտնում հիմնախնդիրը քննարկել զուսպ ձեւով, գուցե երկու համայնքներն ինչ-որ ձեւով կարողանան նպաստել երկու պետությունների հարաբերությունների եթե ոչ նորմալացմանը, գոնե առճակատման հավանականությունների նվազեցմանը:
- Ինչպե՞ս եք լուրեր հայթայթում:
- Ունենք մեր մշտական խմբագրական կազմը: Մեզ գրում են ԱՊՀ վեց տասնյակ քաղաքներից: Կարեւոր եմ համարում, որ ինքներս ենք ստեղծում թերթի հրատարակման ֆինանսական բազան, եւ մեր ինքնուրույնությունն ու անկախությունը ապահովելու իմաստով կարիք ունենք ոչ թե ներդնողների, այլ մեկենասների: Ցավոք, ազգային մամուլի դերը սփյուռքի մեր հայրենակիցները միշտ չէ, որ հասկանում են: Երբեմն ռաբիս մի երգչի համերգի վրա կարող են հսկայական միջոցներ ծախսել, բայց «գերհաշվենկատ» դառնալ նույնիսկ սեփական գովազդը տրամադրելու հարցում: Մենք երախտապարտ ենք մեզ աջակցողներին:
- Ի՞նչ ծրագրեր ունես:
- Հիմա թերթը լույս է տեսնում ամիսը երկու անգամ: Կուզենայինք դարձնել շաբաթաթերթ: Բացի դրանից, քանի որ այսօր Ռուսաստանում բնավորվել են շատ հայաստանցիներ, ցանկալի կլիներ ունենալ գոնե հայերեն հավելված: Առաջարկություններ կան թերթի անգլերեն տարբերակի վերաբերյալ: Սակայն ամեն ինչ կապված է ֆինանսական պայմաններից եւ մեզ մնում է սոսկ չկորցնել լավատեսությունը:
- Ի՞նչ կուզենայիր ավելացնել:
- Մենք ապրում ենք Ռուսաստանում եւ հաճախ ենք լսում ռուսների դժգոհությունները, որ չկա ազգային գաղափար, ինչը նրանց համար համարվում է կենսորոշ ու հրատապ: Սակայն եթե անաչառ լինենք, պիտի նկատենք, որ նման խնդիր մեզանում չի էլ քննարկվում: Ըստ իս, Հայաստանում եւս Ռուսաստանի օրինակով պետք է ստեղծել հասարակական պալատ: Կարեւոր չէ, թե ինչպես կանվանվի, միայն թե միավորի Հայաստանի ու սփյուռքի մտավորականության մտածող, հայրենասեր ներկայացուցիչներին ու խնդիր դրվի մշակել այն վեհ ազգային գաղափարը, հանուն որի մաքառենք բոլոր հայերս:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Հ.Գ.- Տասնամյակի հոբելյանական երեկոյի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Գրիգոր Անիսոնյանին հանդիսավորապես հանձնեց կազմակերպության բարձրագույն պարգեւըՙ Արծաթե խաչը: Նա պատմեց, որ վրացական համայնքի հետ մեր հանդիպման ժամանակ վրացիները, նկատի ունենալով «ծՏպՉ ՍՏՉփպչ»-ը, նրան ասել են, որ թերթը պատիվ է բերում միությանը: Աբրահամյանը «դառնությամբ» նշել է, որ դա իրենց թերթը չէ, բայց Մոսկվայում բոլորն էլ ծառայում են ազգանպաստման նույն գործին: