«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2007-09-26 | #175, 2007-09-27 | #176, 2007-09-28


ՄԱԵՍՏՐՈ ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեւական դադարից հետո հայրենիք է եկել մինչեւ 2000 թվականը Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար, մաեստրո Լորիս Ճգնավորյանը: Երեկ Մամուլի ազգային ակումբում հյուրընկալված մաեստրոն խոսքն սկսեց 16-ամյա իր հայաստանյան տպավորությունների մասին հիշողություններով: Իրանում ծնված եւ մեծացած մաեստրոն ուրախ է, որ ամեն անգամ մի նոր առաջընթաց է տեսնում Հայաստանում, մի նոր շինություն, փողոց, գեղեցիկ ժպիտ, բայց սրա հետ մեկտեղ ափսոսանք է հայտնում, որ քաղաքում աստիճանաբար թամանյանական ոճը վերանում է, չկա հայկական տուֆը, հին Երեւանը:

Մաեստրոն նշեց, որ հոկտեմբերի 13-ին լրանում է իր 70-ամյակը եւ պատրաստվում է նշել Հայաստանում, ընտանիքի հետ: Մաեստրոն խոսեց երաժշտական ծրագրերի մասին, տեղեկացրեց, որ ունի 70-ից ավելի ստեղծագործություններ, 4 օպերա, 6 սիմֆոնիա, Գերմանիայում եւ Ավստրիայում ձայնագրված եւ հրատարակված բազմաթիվ գործեր:

250-ից ավելի ձայնագրություններ Իրանի կառավարության օգնությամբ պետք է լույս տեսնեն մինչեւ տարեվերջ, եւ իր ամբողջ ուշադրությունը բեւեռել է ստեղծագործությունների վրա: Հարցին, թե պատրաստվո՞ւմ է համերգներով հանդես գալ Հայաստանում, մաեստրոն պատասխանեց, որ ոչՙ մեջբերելով ժողովրդական մի ասացվածք. «Ծափ տալու համար երկու ձեռք է պետք»: Իսկ թե կառավարությունից հրավեր չի՞ ստացել համերգների համարՙ նա տվեց բացասական պատասխան:

Մաեստրոն իրեն Իրանում ավելի լավ է զգում, քանի որ այնտեղ շատ հնարավորություններ կան ստեղծագործելու համար, Վիեննայում սիմֆոնիկ նվագախմբի հետ ղեկավարել է մի շարք գործեր եւ ստացել դոկտորական կոչում: Իր իրավահաջորդ Թոփչյանի գործունեությանը հետեւում է եւ գոհ է նրանիցՙ ավելացնելով, որ ժողովուրդը պետք է գնահատի իր արվեստն ու մշակույթը:

Ճգնավորյանը խոսեց իր վերջին ստեղծագործությանՙ «Հայտնության գրքի» մասին, նվիրված Հայոց եղեռնին: Նոր օրհներգի մասին կարծիք հայտնեց, որ չկա անհրաժեշտություն փոխելու: Օրհներգը ժողովրդի ապրած թշվառ կյանքի եւ պատմության մասին է: Հարկավոր է բոլոր թերությունները փոխել, նոր խոսել օրհներգի մասին. «Աշխարհով սփռված ժողովուրդ են հայերը: Հարկավոր է դառնալ մեկ ազգ, մեկ միություն»: Մեր մշակույթը եկեղեցիների մեջ է, մեր մշակույթը հոգեւոր երաժշտությունն է, իսկ այսօր գերակշռում են արաբականն ու ռաբիսը: Մեր մշակույթի վերադարձի նախաձեռնողը կրթության, մշակույթի նախարարությունն է: Մեր շարականները լսելիս աշխարհն է հիանում, իսկ մեր ժողովուրդը դրսում պարսկականն է լսել, արաբականը: Եվ դրանք էլ բերել է Հայաստան:

Մաեստրոն մեծ երազանքներ ունի ազատ, անկախ Հայաստանում ապրելու, սակայն հիշեցրեց «Որտեղ հաց, այնտեղ կաց» հայտնի խոսքերը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4