«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2007-09-26 | #175, 2007-09-27 | #176, 2007-09-28


ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎ. «ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԻՄ ՊԱՏՎԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ»

Բաքվում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից միակ մեդալը նվաճեց ռուս ըմբիշ Յուրի Պատրիկեեւը: Մինչեւ 120 կգ քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշն արժանացավ բրոնզե մեդալի եւ Պեկինի օլիմպիադայի ուղեգիր նվաճեց: Հենց Պատրիկեեւի այդ նվաճման շնորհիվ էլ Բաքվում բարձրացվեց հայկական եռագույնը: Պատրիկեեւը փորձառու ըմբիշ է եւ արժանացել է մի շարք պարգեւների: Նա պատանիների եւ երիտասարդների աշխարհի չեմպիոն է, մեծահասակների աշխարհի կրկնակի բրոնզե մրցանակակիր է, Եվրոպայի չեմպիոն, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող: Բաքվից Երեւան վերադառնալով, ռուս ըմբիշին ջերմորեն ընդունեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը նրան պարգեւատրեց 7 մլն դրամով: Յուրի Պատրիկեեւն այսօր «Ազգի» հյուրն է:

- Յուրի, մեկ անգամ եւս շնորհավորում ենք նվաճած բրոնզե մեդալի եւ օլիմպիական ուղեգրի համար: Գո՞հ ես ելույթներիցդ:

- Շատ գոհ եմ, մանավանդ, որ Հայաստանի պատվիրակների համար Բաքվում մեդալ նվաճելը չափազանց դժվար էր հայտնի պատճառներով: Հպարտ եմ, որ կարողացա ուրախություն պատճառել հայ մարզասերներին եւ որ ամենակարեւորն է` Բաքվում իմ հաղթանակի առթիվ բարձրացվեց հայկական դրոշը: Բաքվում թե՛ առաջնության կազմակերպիչները, թե՛ մրցավարներն ամեն ինչ անում էին, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչները մեդալների չարժանանան եւ դրոշը բարձրացվելու հարկ չլինի: Կարող եմ ասել, որ Ռոման Ամոյանն ու Արման Ադիկյանը մրցավարների սխալների զոհ դարձան:

- Փաստորեն, եթե առաջնությունը Բաքվում չկայանար, այլ արդյունքնե՞ր կարելի էր ակնկալել:

- Անկասկած: Իմ կարծիքով նվազագույնը 3-4 հայաստանցի ըմբիշ եզրափակիչ կմտներ: Անհամեստ չհնչի, բայց Բաքվում կարող էի նույնիսկ չեմպիոն դառնալ, եթե կողմնակալ մրցավարությունը չլիներ: Աշխարհի չեմպիոն հռչակված կուբացու հետ գոտեմարտում, երրորդ մրցափուլում նա անթույլատրելի հնարքներով խանգարում էր բռնվածք կատարելուն, կոտրում էր մատներս: Նման դեպքերում մրցավարը պարտավոր է զգուշացնել ըմբիշին եւ 2 միավոր շնորհել մրցակցին: Բայց նա դա չարեց եւ հաղթողին որոշելու համար հարկ եղավ վիճակ նետել: Բախտը ժպտաց կուբացուն:

- Իսկ ինչպիսի՞ն էր ընդհանուր մթնոլորտը մրցումների ժամանակ: Մրցումներից ազատ ժամանակն ինչպե՞ս էիք անցկացնում: Հնարավորություն ունեցա՞ք գոնե որոշ չափով ծանոթանալու քաղաքին:

- Ընդհանուր մթնոլորտը շատ ճնշող էր: Հայաստանի մարզական պատվիրակությունը խիստ հսկողության տակ էր եւ առանց անվտանգության աշխատակիցների ոչ մի քայլ հնարավոր չէր կատարել: Նրանք մեզ ուղեկցում էին մարզադահլիճ, այնտեղիցՙ հյուրանոց: Քաղաքում զբոսնելու մասին խոսք լինել չէր կարող: Նույնիսկ հյուրանոցի շրջակայքում չէին թողնում գոնե զբոսնել: Մարզադահլիճում ահավոր աղմուկ-աղաղակ էր բարձրանում, սուլոցներ էին լսվում, երբ հաղորդավարը հայտարարում էր, որ մրցագորգ է դուրս գալու հայաստանցի ըմբիշը: Նույնը նաեւ մրցումների ընթացքում: Ինչ խոսք, նման պայմաններում շատ դժվար էր մրցելը: Ամուր նյարդեր պետք է ունենալ, որպեսզի այդ ճնշող մթնոլորտը չազդի վրադ: Սովորաբար, երբ ըմբիշը հաղթում է, հաղորդավարը հայտարարում է նրա անուն-ազգանունը եւ նշում երկիրը: Հայաստանի ըմբիշների պարագայում երկիրը չէին նշում: Նույնը տեղի ունեցավ նաեւ իմ հաղթանակից հետո:

- Ի դեպ, պարգեւատրության արարողության ժամանակ մարզահագուստիդ չկար «Արմենիա» մակագրությունը: Ի՞նչն էր պատճառը:

- Չգիտեմ կոնկրետ պատճառը, բայց Հայաստանի հավաքականի բոլոր ըմբիշների մարզահագուստի վրա «Արմենիա» մակագրությունը բացակայում էր: Գուցե կազմակերպիչների խորհրդով էր դա արվել, որպեսզի ավելորդ կրքեր չբորբոքվեն:

- Դու տիտղոսակիր ըմբիշ ես, բայց Հայաստանի դրոշի ներքո առաջին անգամ մեդալ նվաճեցիր: Ինչպիսի՞ն էր զգացումդ:

- Հպարտության զգացում ունեցա, որ կարողացա իրականացնել շատերի երազանքն ու Հայաստանի դրոշը բարձրացնել Բաքվում: Արդեն 2-րդ տարին է, որ հանդես եմ գալիս Հայաստանի հավաքականի կազմում: 2005-ին մի հարցով վիճեցի ՌԴ հավաքականի մարզչի հետ եւ որոշեցի ելույթներս այլ երկրում շարունակել: Ես նաեւ հայ ընկերներ ունեմ, որոնք էլ խորհուրդ տվեցին ընդունել Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու առաջարկը: Անցած տարի իրավունք չունեի մասնակցելու մրցումների, քանի որ այլ երկրի հավաքական տեղափոխված մարզիկը միայն երկու տարի անց իրավունք ունի կրկին մրցագորգ դուրս գալու:

- Կխնդրեի մի փոքր անդրադառնալ անձնական կյանքիդ:

- Ծնվել եմ Ռուսաստանի Կիրովոչեպեցկ քաղաքում: Հետո տեղափոխվեցի Կրասնոդար, ավարտեցի տեղի ֆիզկուլտուրայի ակադեմիան: Ամուսնացած եմ, կինս կարատեիստ է, սպասում ենք մեր առաջնեկին, որը չորս ամիս անց լույս աշխարհ կգա: Իմ հոբին սնոուբորդն է, նաեւ սիրում եմ որսորդության գնալ:

- Հայաստանում քաշային քո կարգում լուրջ մրցակիցներ չկան: Դժվար չէ՞ առանց մրցակիցների մարզվելը:

- Հիմնականում ուսումնամարզական հավաքների եմ մասնակցում այլ երկրներում, ավելի հաճախակի` ՌԴ հավաքականի հետ եմ համատեղ մարզվում: Այնպես որ այս հարցում դժվարություններ չունեմ:

- Առաջիկա ծրագրերդ ինչպիսի՞ն են:

- Առջեւում Եվրոպայի առաջնությունն է, հետո երեւի միջազգային երկու մրցաշարերի մասնակցեմ, որոնք Պեկինի օլիմպիական խաղերի նախապատրաստության հիմնական փուլերը կհանդիսանան: Դե, իսկ ամռանն արդեն օլիմպիադայում պետք է ձգտեմ արդարացնել սպասելիքները եւ մրցանակակիր դառնալ: Ժամանակը սուղ է եւ անհրաժեշտ է շատ լրջորեն նախապատրաստվել օլիմպիական խաղերին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4