«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2007-09-27 | #176, 2007-09-28 | #177, 2007-09-29


ՖՈՔՍՄԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՈՐԴԵԼՆ Է

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնտեղ երկկողմ հանդիպումներ է ունենում: Սեպտեմբերի 26-ին նա հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդիի, Իսրայելի փոխվարչապետ եւ արտգործնախարար Ցիպի Լիվնիի, ապա եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Նա Լիվնիին զգուշացրել էր Սիրիայի սահմանը Թուրքիայի օդային տարածքով խախտած իսրայելական ռազմական ինքնաթիռի միջադեպի առնչությամբ եւ կրկնել էր, որ Անկարան սպասում է Իսրայելի բացատրությանը: Իսկ մյուսների հետ, աջակցության ակնկալիքով, քննարկել էր Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հարցը:

Սեպտեմբերի 27-ին Էրդողանը նախ պատասխանել է «Նոր պահպանողականների» խոսափող «Ուոլ սթրիթ ջոռնըլի» Թուրքիայի նոր սահմանադրության եւ PKK-ի դեմ ԱՄՆ-ի ու Իրաքի հետ համատեղ մղվող պայքարի վերաբերյալ հարցերին, այնուհետեւ ընդունել է հրեական 20 կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց թվում են եղել Ամերիկայի հրեական կոմիտեի, համանուն կոնգրեսի ղեկավարներն ու «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանը:

Նյու Յորքի Թուրքական տանը կազմակերպված ընդունելությունը, CNN-Turk-ի եւ Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, տեւել է շուրջ 50 րոպե, որի ընթացքում վարչապետ Էրդողանն ասել է, որ 1915-ի իրադարձություններին առնչվող ցեղասպանության պնդումները որեւէ հիմք չունեն, ոչ էլ հենվում են գիտական եւ պատմական փաստերի վրա: Էրդողանը, հիշեցնելով 1915-ի իրադարձությունների ուսումնասիրման նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու համար Հայաստանին արված առաջարկի մասին, հրեական կազմակերպությունների ղեկավարներից պահանջել է աջակցել Թուրքիային այնպես, ինչպես մինչեւ օրս աջակցել են:

Ընդունելությանն Էրդողանը առանձնազրույց է ունեցել Ֆոքսմանի հետ, որի ավարտին «Միություն ընդդեմ զրպարտության» նախագահը լրագրողների առջեւ նշել է, որ Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումը չափազանց օգտակար էր, միասին քննարկել են ինչպես թուրք-ամերիկյան, այնպես էլ Իսրայել-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր: Այնուհետեւ Ֆոքսմանը շարունակել է. «Մենք առաջին հերթին բարեկամներ ենք, իսկ բարեկամների միջեւ կարող են ծագել ձեւակերպումների ոչ ճիշտ ըմբռնումից բխող տարաձայնություններ: Պատմական խնդիրներին պետք է լուծում տան Թուրքիան եւ Հայաստանը, այլ ոչ թե ԱՄՆ Կոնգրեսը: Խնդիրը քաղաքական չէ, ոչ էլ Կոնգրեսի անդամներն են պատմաբաններ»:

Տարաձայնությունների պատճառի վերաբերյալ հարցին ի պատասխան Ֆոքսմանն ասել է, որ դրանք պայմանավորված են թուրքերի եւ հայերի պատմությունը բնութագրող որոշ արտահայտություններով, ընդգծել է պատմական հարցերի կարգավորման անհրաժեշտությունը, ապա եւ ավելացրել. «Իրողությունն այն է, որ հարցը պատմական բնույթ ունի, իսկ մեր կազմակերպությունը քաղաքական մարմին չէ: Այսինքնՙ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ որեւէ արտահայտություն օգտագործելիս մենք այդ արտահայտության վրա դատավճիռ չենք կայացնում: Իմ համոզմունքը, որի մասին ասել եմ վարչապետ Էրդողանին, այն է, որ բոլորս պետք է կենտրոնանանք ոչ թե անցյալի, այլ ապագայի վրա: Պետք է ջանանք բարելավել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները: Եթե հրեական համայնքը, Վաշինգտոնն ու ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում են օգտակար լինել, ապա հանուն երկու երկրների նոր սերնդի, պետք է ձգտեն ապահովել Թուրքիայի եւ Հայաստանի երկխոսությունը»:

Ֆոքսմանի ակնարկը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձեւի, ինչպես նաեւ Ցեղասպանության ճանաչման օգտին իր ղեկավարած կազմակերպության օգոստոսի 21-ի հայտարարության մասին է: Ի դեպ, բանաձեւի հարցը սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպմանը բարձրացրել է նաեւ արտգործնախարար Ալի Բաբաջանը, մեկ անգամ եւս ընդգծելով, որ դա վնասում է երկու երկրների հարաբերություններին:

«Ազգը», դեռեւս օգոստոսի 25-ին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության եւ նրա ղեկավարի հարափոփոխ դիրքորոշումներին, գրել էր. «Չմոռանանք, որ հրեական կառույցներն ունեն Հոլոքոսթի բացառիկությունն ապահովելու, ինչպես նաեւ «դյոնմեներին»ՙ սալոնիկյան ծագումով առերեւույթ կրոնափոխ հրեաներին խնայելու խնդիր, որովհետեւ վերջիններս հեղեղելով երիտթուրքերի շարքերը, ոչ միայն անմիջականորեն մասնակցել են Հայոց ցեղասպանության ծրագրմանը, այլեւ դրա կազմակերպմանն ու իրագործմանը: Ավելին, այս ստահակները, որոնց օսմանյան ռազմական ատյանը հեռակա կարգով մահապատժի էր դատապարտել, կազմել են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մերձակա շրջապատը: Հետեւաբար, «դյոնմեներին» խնայելիս, հրեական վերոհիշյալ կառույցները խնայում են նաեւ քեմալականներին»:

Ֆոքսմանի նոր հայտարարությունները հաստատում են մեր կարծիքը, իսկ Էրդողանի հետ առանձնազրույցի ընթացքում թուրք-ամերիկյան եւ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների քննարկումը ցույց է տալիս, որ նրա կազմակերպությունն անկախ օգոստոսի 21-ի հայտարարության բնույթից, Ցեղասպանությունը ճանաչելու խնդիր չի ունեցել եւ կազմակերպության խնդիրը եղել է ոչ թե Թուրքիան, այլ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունը:

Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ տարածաշրջանում Իսրայելի շահերով առաջնորդվող ԱՄՆ-ն Իրանին եւ Սիրիային ընդգրկում է «չարիքի առանցքում», որպեսզի միջազգայնորեն մեկուսացնի եւ տարածաշրջանի երկրների աջակցությունից զրկի նրանց: Հակառակ դրան, Էրդողանի կառավարությունը ոչ միայն բարելավում է այս երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները, այլեւ փորձում դրանք բարձրացնել համագործակցության մակարդակի: Այսինքն, դրանով Էրդողանի կառավարությունը անտեսում է նաեւ Իսրայելի շահերը: Սակայն Էրդողանի կառավարությունն էլ քաջ գիտակցում է, որ Իրանին եւ Սիրիային տարածաշրջանի երկրների աջակցությունից զրկելու ամերիկյան պահանջներին տուրք տալու դեպքում հակասելու է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների զարգացման տրամաբանությանը:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ին ընդառաջելու գնով Իրանի եւ Սիրիայի միջազգային մեկուսացման նպաստող Թուրքիան ակամա ծառայելու է նաեւ Իսրայելի շահերին, ինչը հանգեցնելու է տարածաշրջանում նրա մեկուսացմանը եւ ինքն է զրկվելու տարածաշրջանի երկրների աջակցությունից: Դա ի չիք կդարձնի Թուրքիայի աշխարհաքաղաքական դերակատարությունը, Եվրոմիության առջեւ կփակվի Թուրքիայով ինչպես Հարավային Կովկաս, այնպես էլ Մերձավոր եւ Միջին Արեւելք ներթափանցելու հեռանկարը: Այս պայմաններում եվրոպական երկրները կկորցնեն հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ եւ կասկածի տակ կդրվի վերջինի հետ անդամակցության բանակցությունների նպատակահարմարությունը: Իր հերթին Թուրքիան կկորցնի ԱՄՆ-ի ազդեցությունը ԵՄ-ի հետ մերձեցման միջոցով հակակշռելու եւ վերջինների միջեւ խուսանավելու հնարավորությունը:

Այլ կերպ, Ֆոքսմանի եւ նրա կազմակերպության խնդիրը Էրդողանի կառավարությանը ԱՄՆ-ի պահանջներին համապատասխան ուղղորդելու միջոցով Թուրքիային վերստին անվերապահորեն Իսրայելի շահերին ծառայեցնելն է: Թերեւս այդ առումով պատահական չէ Աբրահամ Ֆոքսմանի եւ «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության հարափոփոխ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, ինչը հետզհետե հանգում է Թուրքիայի դիրքորոշման հետ մերձեցմանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4