Ռուսական մամուլը` Սաակաշվիլի-Օկրուաշվիլի հակամարտության մասին
Ասել, թե ռուսական մամուլը հեղեղված է Սաակաշվիլի-Օկրուաշվիլի հակամարտության ու առաջինի հեղինակազրկման մասին նյութերով, նշանակում է ոչինչ չասել: Հայերս կնշեինք` ռուսների արյունը շատ խմեց Վրաստանի ներկայիս ղեկավարը, որպեսզի նրանք փախցնեն ռեւանշի առիթը: Եվ չարախնդության հետ մեկտեղ արձանագրվում է, որ վերջապես ասպարեզ է գալիս նրա իրական մի հակառակորդ` ճանաչված, հավակնոտ, անողոք ու ռազմատենչ: Գումարած` անձնական վրեժխնդրության դրդապատճառներով:
Արտաքնապես թվում է, թե Վրաստանում իրադրությունը զարգանում է ի վնաս Սաակաշվիլու, նշանակում է` ինչ-որ տեղ հօգուտ Ռուսաստանի: Սակայն այդպե՞ս է իրականում: Այս հարցապնդման ֆոնի վրա հայտնվում են տեսակետներ, որոնք ընդհանուր առմամբ կասկածի տակ են դնում Ռուսաստանի համար դրական ելքի հավանականությունները:
Օկրուաշվիլին շատ ավելի թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, քան Սաակաշվիլին: Հիշենք նրա հայտարարություններն Ամանորին Ցխինվալը գրավելու, ռուսների օգտագործած գինու «որակի» մասին եւ այլն: Եվ կարո՞ղ է հակառուսական մոլուցքով համակված անձը փոխել հայացքները հյուսիսային հարեւանի նկատմամբ: Հազիվ թե: Ուշադրություն դարձրեք. Օկրուաշվիլին պատմում է, որ երբ Սաակաշվիլին իրեն պատվիրել էր ֆիզիկապես վերացնել անցանկալի ընդդիմախոսներին, ապա ինքն այդ մասին իրազեկել է... ամերիկացիներին, որոնք, սակայն, անտեսել են իրեն:
Քաղաքականագետ Վյաչեսլավ Նիկոնովը վերջերս Ամերիկա կատարած այցելությունից վերադարձել էր այն համոզմունքով, որ ամերիկացիները ոչ մի պարագայում չեն հանձնի Վրաստանը: Սա նշանակում է, որ նրանք, պաշտպանելով «դեմոկրատ» Սաակաշվիլուն, միեւնույն ժամանակ չեն կարող հաշվի չառնել ընդդիմադիր Օկրուաշվիլու իրական կարողությունները եւ պիտի մանեւրեն նրանց միջեւ ըստ իրադրության: Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վրաստանի հետ կապված բոլոր առանցքային խնդիրները լուծում է ամերիկյան պետդեպարտամենտը` իր դեսպանի միջոցով:
Այդ դեպքում ինչի՞ վրա կարող է հույս դնել Ռուսաստանը: Ինչպես ասվեց, Օկրուաշվիլին իր ռուսատյացությամբ շատ ավելի արմատական է, քան Սաակաշվիլին: Իսկ ինչի՞ կարող է հասնել առաջինը, եթե հանկարծ գա իշխանության գլուխ: Ռուսաստանի հետ հարաբերություններն առավելագույնս կվատթարանան, նա չի կարող էկոնոմիկան դուրս բերել ճգնաժամից, քանզի մասնագետ չէ եւ չկան ռեսուրսներ, նրա «ֆունդամենտալիզմը» շատերին կխրտնեցնի, աբխազներն ու օսերը կդառնան ավելի անողոք ու անզիջում: Աբխազիայի լիդեր Բաղապշը հաճախ է «գոհունակություն» հայտնում Սաակաշվիլու հակառուսական քաղաքականությունից, գտնելով, որ եթե նա լիներ ռուսասեր, ապա Կրեմլը Սուխումին կպարտադրեր դիմել զիջումների: Մինչդեռ, տեսեք, երկրի ղեկավար է դարձել մեկը, որի համեմատ Սաակաշվիլին գրեթե աղավնի է: Այսինքն, ինչքան վատ, այնքան լավ Ռուսաստանի համար, քանզի այդ հանգամանքը տեսականորեն հնարավորություն կստեղծի ընտրություններում երրորդ մի անձի ի հայտ գալուն: Հույս դնել բացարձակ ռուսամետ լիդերի հաղթանակին` իրատեսական չէ, բայց եւ լրիվ բացառել, թե նման մեկը չի փորձի նորմալացնել ռուս-վրացական առնչությունները, նույնպես չի կարելի:
«Վրաստանում Ռուսաստանին մարտահրավեր նետելը մոդայիկ է, գրում է ռուսական թերթերից մեկը: Սակայն մոդան, ինչպես հայտնի է, փոփոխական է: Վրացիները բռնկուն ժողովուրդ են, նրանց մեջ հաճախ ատելությունից մինչեւ սերը մի քայլ է, այդ թվում` հարեւանների թե սեփական ղեկավարի նկատմամբ: Իսկ մենք չենք շտապում, կարող ենք եւ սպասել»:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Հ.Գ.- Ռուսական մամուլում Վրաստանի իրադարձություններին նվիրված հոդվածների վերնագրեր.
«Սաակաշվիլու անվան վրացական ռազմաճակատ»
«Վրաստանում սկսվել է «Սպառնալիքների հեղափոխություն»
«Թբիլիսյան միամարտություններ»