«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2007-09-29 | #178, 2007-10-02 | #179, 2007-10-03


ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՊԱՅԹՅՈՒՆ ԻԶՄԻՐՈՒՄ

Ամենայն հավանականությամբ պայթյունները կվերագրվեն PKK-ին

Երեկ առաջին պայթյունը տեղի է ունեցել Իզմիրի Բուջա թաղամասի առեւտրի կենտրոնում, որի հետեւանքով վիրավորվել է երկու մարդ, մեկը ծանր վիճակում է: Դրանից 3,5 ժամ հետո նույնը կատարվել է Շիրիներ թաղամասում, որտեղ մեկ մարդ զոհվել է, 11-ը վիրավորվել:

Սրանք նախնական տվյալներ են, Իզմիրի անվտանգության պետ Հուսեին Չափքընն առայժմ զերծ է մնում ահաբեկչությունն իրականացնող կազմակերպության մասին որեւէ հետեւությունից: Սակայն չի բացառվում, որ պայթյունները պայմանավորվեն PKK-ի ահաբեկչական գործունեությամբ, մանավանդ առկա են դրա առիթները:

Ինչպես հայտնի է, Թուրքիայում շարունակվում եւ հետզհետե սաստկանում է PKK-ի զինված պայքարն անվտանգության ուժերի դեմ: Նախորդ օրը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Բույուքանըթն անջատողականների ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրել է «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությանը, իսկ Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում 21 պատգամավորներով խմբակցություն կազմած քրդական այս կուսակցության ղեկավար Ահմեդ Թյուրքն իսկույն արձագանքելով մեղադրանքին, փոխադարձել է: Նա նշել է, որ Բույուքանըթը նշանառության թիրախ է դարձնում քուրդ պատգամավորներին, ավելինՙ ներկայիս Թունջելի քաղաքը ելույթում անվանել է Դերսիմ, որը նահանգի նախնական անունն էր: Դա նոր կրքերի բորբոքման տեղիք է տվել Անկարայի քաղաքական շրջանակներում:

Այդ ընթացքում Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել քաղաքի փաստաբանների միության դեմ գերմանական «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի հետ «Քրդերը Թուրքիայում. հաշտեցման գործընթացի համար անհրաժեշտ նախապայմանները» թեմայով համատեղ կոնֆերանս կազմակերպելու համար: Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահը, ինչպես հոկտեմբերի 2-ի համարում նշել է «Ենի շաֆաք» թերթը, ապօրինի համարելով հետաքննությունը, խստագույնս դատապարտել է դատախազությանը եւ ավելացրել. «Քրդական հարցի լուծման համար Թուրքիայում հարկ է գտնել այլ ուղիներ, քան բռնության կիրառումը»:

Նախորդ համարում «Ազգն» անդրադառնալով PKK-ի զինված պայքարին, կարծիք էր հայտնել, որ դրա դադարեցման համար անհրաժեշտ է երկրում քրդական հարցի կարգավորման նախադրյալների ստեղծումը, որի անհրաժեշտ նախապայմանը PKK-ի գործունեության քաղաքականացումն է:

Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի սպառնալիքի բնույթ կրող մեղադրանքըՙ հասցեագրված արդեն խորհրդարանական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությանը, գերմանական հիմնադրամի հետ համատեղ կոնֆերանս կազմակերպելու առնչությամբ Դիարբեքիրի դատախազության հետաքննությունը քաղաքի փաստաբանների միության դեմ, ինչպես վերոհիշյալ կուսակցության, այնպես էլ միության նախագահների բուռն հակազդեցությունն այս ամենին, հիմք է տալիս ենթադրելու, որ թուրքական իշխանությունները քրդական հարցի լուծման նախադրյալներ ստեղծելու, առավել եւս PKK-ի գործունեությունը քաղաքականացնելու ուղղությամբ քայլեր կատարելու մտադրություն չունեն:

Հակառակ դրան, մտադրված չէ նաեւ զիջել քրդական կողմը: Սա նշանակում է, որ քրդական հարցի լուծումը հասունացել է: Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը հարցը նպատակամղված սրելու միջոցով փորձում է հնարավորինս հետաձգել լուծումը, թերեւս դրանով էլ ակամա ընդունում է լուծման անհրաժեշտությունը, ինչն ավելի քան համոզիչ է դառնում գլխավոր շտաբի պետին «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության բուռն հակազդեցությամբ:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4