«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2007-09-29 | #178, 2007-10-02 | #179, 2007-10-03


ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅԴ-ՀՀՇ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՐՏԱՌՈՑ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ԲԱՅՑ ՄՅՈՒՍ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀՎԱԾՔՆ ԱՅԼ ԲԱՆ ԷՐ ՀՈՒՇՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ՀՅԴ-ՀՀՇ հանդիպման մասին կարծիք հայտնելու լրագրողների համառ հարցապնդումներին ի պատասխան զարգացնում էր այն միտքը, թե այնքան էլ արտառոց բան տեղի չի ունեցել, եւ երբ երկու կուսակցություն հանդիպում են, դա մի երրորդ կուսակցության դեմ չի ուղղված: Իսկ այդ հանդիպման վերաբերյալ լրագրողական եւ մերձքաղաքական մեկնաբանությունները մակերեսային անվանեց, քանի որ պետք է քննարկել ոչ թե այդպիսի հանդիպումները, այլ Հայաստանի առաջ ծառացած այն խնդիրները, որոնք նաեւ տվյալ հանդիպումներում են քննարկվում: Այնուամենայնիվ` կրկնվող հարցերից նա անդրադարձավ Հայաստանի առաջին նախագահի ելույթին, որտեղ, ըստ նրա, կարեւորը Հայաստանի իշխանություններին տրված գնահատականները չեն (դրանք չեն տարբերվում մինչեւ այժմ հնչած տարբեր ընդդիմադիրների գնահատականներից), այլ` որ բոլոր խնդիրները Տեր-Պետրոսյանը կապել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ, նշելով նաեւ, որ այստեղ ինքը լուծում չի կարող առաջարկել: ԱԺ նախագահը նախկին նախագահի այս մոտեցումը ցավալի համարեց. «Այս տարիների ընթացքում չիրականացան այն չարագուշակ կանխատեսումները, որոնք հնչում էին 98 թվականին, թեՙ ընդամենը մեկ-երկու տարում Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ, կփլվի տնտեսությունը, ԼՂՀ-ն կկորցնենք եւ այլն»: Մինչդեռ ըստ Տ. Թորոսյանի` մենք ունենք որակական տարբերություններ, միջազգային հանրությունը եւ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս արձանագրել են, որ խնդիրը կարգավորվելու է ոչ միայն տարածքային ամբողջականության, այլեւ ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում. «Կարծում եմ` դա կարեւոր ձեռքբերում է»:

Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման մասին խոսակցությունը կարո՞ղ է նպաստել ընդդիմության միասնական թեկնածուի փնտրտուքին. այս մտքին ԱԺ նախագահը բացարձակապես համաձայն չէր. «Ընդդիմություն ասվածը համասեռ մարմին չէ, մեկ միասնական ամբողջություն չէ, այստեղ կան տարբեր կուսակցություններ, առանձին կուսակցությունների ղեկավարներն ունեն իրենց հավակնությունները, եւ որեւէ վատ բան չկա, երբ որեւէ մեկը համարում է, որը ինքը կարող է հաջողության հասնել, այլ ոչ թե միավորվել մյուսների հետ մեկ թեկնածուի շուրջը: Մեկ թեկնածուի շուրջը հավաքվելը միշտ չէ, որ կարող է այդ թեկնածուին օգուտներ բերել, երբեմն դա կարող է ճիշտ հակառակ ազդեցությունն ունենալ», համոզմունք հայտնեց նա:

ՀՅԴ-ն կառավարությունում անդամներ ունենալով` այլ դիրք է գրավել նախագահական թեկնածու առաջադրելու խնդրում. «Ես բացարձակապես ցանկություն չունեմ Դաշնակցությանը մեղադրելու, բայց, անկեղծ ասած, նման իրավիճակները նույնպես արտառոց են, դրանք սովորական իրավիճակներ չեն, եթե համեմատում եք այլ երկրների հետ: Եվ սովորաբար չի լինում երրորդ տեսակի քաղաքական ուժ խորհրդարանում` կա՛մ ընդդիմություն, կա՛մ կոալիցիայի մեջ գտնվող ուժ, երրորդ տեսակ չի լինում: Քանի որ մենք մի քիչ արտառոց տարբերակ ենք ընտրել` ես կարծում եմ, պիտի որոշ ժամանակ դիմանալ, հետո կյանքը կթելադրի, ամեն ինչ կկարգավորվի»:

Հայաստանում կարո՞ղ է կրկնվել ռուսական սցենարը, որտեղ Պուտինն, ըստ իր վերջին հայտարարության, հավակնում է վարչապետի պաշտոնին` «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակներով նոր խորհրդարան անցնելուց հետո: Տ. Թորոսյանն ընդհանրապես որեւէ սցենար չբացառեց` անցումային երկրներում շատ անսպասելի լուծումներ կարող են լինել, օգտակար կոնկրետ դեպքերի համար: Հայաստանը անցումային երկիր է, իսկ ընդհանրապես` ժողովրդավարական երկրներում պաշտոնաթող նախագահներն այլեւս այլ պաշտոններ չեն ստանձնում:

Գալով այն բանին, որ Տ. Թորոսյանն այնքան էլ չէր կարեւորում ՀՅԴ-ՀՀՇ հանդիպումը` խորհուրդ տալով հանգիստ վերաբերվել դրան, կարելի է ասել, նրանից տրամագծորեն տարբեր էին մտածում շատ ուրիշ հանրապետական պատգամավորներ` Ռուբեն Սադոյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը, որոնք հայտարարությունների ժամին պարզապես ուղղակի եւ անուղղակի «ռմբակոծում» էին այդ հանդիպման մասնակից կողմերին ու հատկապես ՀՀՇ-ին` տարբեր որակումներ տալով, կոչ անելով չշահարկել ԼՂՀ հիմնախնդիրը եւ այլն: «Մի պղտորեք հայ ժողովրդի սեփականությունը դարձած ձեռքբերումները: Պատմության անիվը հետ չի պտտվի», Ռ. Սադոյանը կոչ արեց: «Ծայրահեղությունները բեւեռ չեն կարող լինել», խոցեց Աշոտյանը` երկու ուժերին ուղարկելով լուսանցք, բացատրելով, որ Տեր-Պետրոսյանի դավանած ազատական գաղափարներն այժմ Եվրոպայում հնացել եւ լուծվել են կենտրոնամետ դիրքորոշումների մեջ, իսկ հիմնական պայքարը պահպանողական ու սոցիալիստական ուժերի միջեւ է: Սոցիալիստ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը գոհ մնաց, որ Աշոտյանը գոնե սոցիալիստներին տեղ թողեց քաղաքական թատերաբեմում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Տ. Թորոսյանը դատապարտեց ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ Մոսկվայում իրականացված մահափորձը. դրդապատճառների մասին չգիտեր` քննությունից հետո կարելի կլինի այդ մասին խոսել: Իսկ լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում, որ պատգամավորը գտնվել է կազինոյում եւ այնտեղ է միջադեպը պատահել, ԱԺ նախագահը կարճ պատասխանեց. «Պատգամավորի կազինոյում լինելը ողջունելի չեմ համարում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4