«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2007-09-29 | #178, 2007-10-02 | #179, 2007-10-03


ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. «ԵԹԵ ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՉԼԻՆԵՐ, ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԿՀԱՍՆԵԻՆՔ»

Բաքվում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Արման Ադիկյանը (մինչեւ 66 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (մինչեւ 120 կգ) օլիմպիական ուղեգրեր նվաճեցին, ընդ որում ռուս ըմբիշը դարձավ նաեւ բրոնզե մրցանակակիր: Հավաքականի ելույթները գնահատելու խնդրանքով դիմեցինք հունահռոմեական ոճի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանին:

- Ընդհանուր առմամբ գոհ եմ մեր տղաների ելույթներից, որովհետեւ մրցագորգ էին դուրս գալիս տղամարդու պես եւ պայքարում էին մինչեւ վերջ: Շատ դժվար էր Բաքվում հանդես գալը եւ հաջողության հասնելը, քանի որ կազմակերպիչներն ու մրցավարները ձգտում էին մեր մարզիկներին պայքարից դուրս թողնել, որպեսզի գործը չհասնի դրոշի բարձրացմանն ու առավել եւս հիմնի հնչեցմանը: Թիմը պատրաստ էր 2-4 մեդալ եւ 5-6 օլիմպիական ուղեգիր նվաճել: Սակայն նախ չափազանց լարված մթնոլորտ էր տիրում մարզադահլիճում, ինչը հոգեբանորեն չէր կարող չանդրադառնալ ըմբիշների գործողությունների վրա, եւ երկրորդ, հանդիպեցինք կողմնակալ մրցավարության: Օրինակ, մինչեւ 55 կգ քաշային կարգում առաջին իսկ գոտեմարտում հանդիպեցին Եվրոպայի անցյալ եւ այս տարվա չեմպիոններ Ռոման Ամոյանն ու ադրբեջանցի Ռովշան Բայրամովը: Գոտեմարտի վերջում մրցավարը պարտավոր էր միավոր տալ Ամոյանին, սակայն չտվեց ու մեր ըմբիշը դուրս մնաց պայքարից: Իսկ Արման Ադիկյանին մրցավարները զրկեցին բրոնզե մեդալից բուլղարացի Նիկոլայ Գերգովի հետ մենամարտում:

Տղաներից գոհ եմ, որ Երեւանից հերոսաբար մեկնեցին, առանց երկմտելու: Յուրաքանչյուր ծնող էլ լավ հասկանում էր պահի պատասխանատվությունը եւ նրանցից ոչ մեկը չի մոտեցել ինձ ու ասել, թե վախենում է իր զավակին Բաքու գործուղել: Հուրախություն մեզ, ամեն ինչ նորմալ անցավ, բարեհաջող վերադարձանք Երեւան: Տղաները ցույց տվեցին, որ իրոք լավ ըմբիշներ են: Համոզված եմ, որ նրանք դեռ ասելիք ունեն մեծ սպորտում:

- Ինչ կասեք ձեր որդու` Արսենի ելույթների մասին:

- Արսենն այժմ 74 կգ քաշային կարգում Հայաստանում լավագույնն է, դարձել է հանրապետության չեմպիոն, վերջերս էլ Պեկինում նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը: Աշխարհի մեծահասակների առաջնությունում Արսենին խանգարեց փորձի պակասը, ավելորդ խանդավառությունը: Հաղթած գոտեմարտում նա փորձում էր վերջին 15 վրկ-ում էլ հարձակվել եւ ավելացնել միավորների պաշարը: Եվ դա ճակատագրական եղավ: Ես էլ չհասցրեցի նրան հետ կանգնեցնել գրոհից: Ինքն էլ գոտեմարտից հետո դա զգաց, բայց արդեն ուշ էր:

- Քաշային այդ կարգում հավաքականի անդամ է նաեւ Եվրոպայի չեմպիոն Մովսես Կարապետյանը:

- Նա վերջին երկու տարում անհաջող է հանդես գալիս, ուստի հավաքական չէր ընդգրկվել: Սակայն Մովսեսը մշտապես մեր տեսադաշտում է:

- Բաքվում անցանկալի միջադեպեր տեղի չունեցա՞ն:

- Բարեբախտաբար ոչ, եթե հաշվի չառնենք կողմնակալ մրցավարությունը: Մթնոլորտն իրոք շիկացած էր: Տհաճ արտահայտություններ, գոռում-գոչյուններ էին լսվում մարզադահլիճում: Տհաճ էր նաեւ այն, որ մեզ հսկող անվտանգության աշխատակիցները մրցումների ժամանակ հավաքվում էին մրցագորգի մոտ, ինչն անթույլատրելի էր եւ իրենց բացականչություններով ինչ-որ տեղ խանգարում էին մեզ: Իսկ երբ մեր ըմբիշը պարտվում էր, ցուցադրաբար գրկախառնվում էին, համբուրվում, ինչն անդուր էր մեզ համար: Ճիշտ է, արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ անվտանգության աշխատակիցներն իրենց անմիջական պարտականությունները բարձր մակարդակով կատարեցին:

- Ասում են, որ նույնիսկ լրագրողների հետ չեն թողել շփվեք:

- Իրենց երկրի ոչ մի լրագրողի չէին թույլատրում մոտենալ մեզ: Իսկ ահա BBC-ի լրագրողին հարցազրույց եմ տվել, ներկայացրել եմ իրավիճակը: Նաեւ հարցազրույց եմ ունեցել «Չեմպիոն» ամսագրի լրագրողի հետ:

- Կենցաղային պայմաններն ինչպիսի՞ն էին:

- Հայաստանի մարզական պատվիրակությանն առանձին հյուրանոց էին հատկացրել, որտեղ միայն մենք էինք բնակվում: Սնվում էինք Իրանի հավաքականի անդամների հետ: Ամեն ինչ նորմալ էր: Անսովոր էր միայն, որ յուրաքանչյուր քայլ ստիպված էիր կատարել անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:

- Առաջիկայում ինչպիսի՞ն են մեր հավաքականի ծրագրերը:

- Ֆինլանդիայում եւ Ֆրանսիայում միջազգային մրցաշարերի պետք է մասնակցեն մեր ըմբիշները: Հաջորդ տարի տեղի են ունենալու վարկանիշային մրցաշարեր, որոնց ամենայն լրջությամբ պետք է նախապատրաստվենք, որպեսզի կարողանանք օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Դեկտեմբերին հավաքականի անդամների համար ուսումնամարզական հավաք կանցկացվի, որտեղ հիմնական շեշտը կդրվի նրանց ֆիզիկական եւ ընդհանուր ֆունկցիոնալ պատրաստվածության վրա: Իսկ հունվարից արդեն կսկսենք նախապատրաստվել վարկանիշային մրցաշարերին ու օլիմպիական խաղերին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4