Վրացական արդարադատությունն էլ «բարտերներով» է առաջնորդվո՞ւմ
Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները դեպքի օրվանից դարձան համընդհանուր հետաքրքրության, կասկածների ու տարբեր վարկածների առարկա: «Իմեդի» կուսակցության ղեկավար Իրինա-Սարիշվիլի-Չանթուրիայի հայտարարության համաձայն, Ժվանիային խեղդամահ են արել կամ Սաակաշվիլու ծառայողական լիմուզինում, կամ նախագահական շքախմբի մեքենաներից մեկում: Ընդ որում, արդեն իսկ բացահայտորեն խոսվում է սպանության, այլ ոչ դժբախտ պատահարի մասին, ինչը 2005-ի փետրվարի 3-ի գիշերը տեղի ունեցածի պաշտոնական բացատրությունն էր:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլու ձերբակալությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, հատկապես հաշվի առնելով, որ նրան ներկայացվում են հիմնականում պաշտոնի չարաշահման, գումարներ յուրացնելու եւ փողերի լվացման մեղադրանքներ: Վրացական ընդդիմության մոտեցմամբ, Օկրուաշվիլու դեմ գլխավոր վկաներից մեկը գործարար Ջեմալ Սվանիձեն է: Վերջինս, վրաց ընդդիմադիրների ներկայացմամբ, ցուցմունք է տվել ընդդեմ Օկրուաշվիլու, ինչին «Ազգն» անդրադարձել է, տեղեկացնելով, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է մասնավորապես «Geocell» ընկերության 10 մլն դոլար արժեցող բաժնետոմսերը 250 հազարով վաճառելու պարտադրանքի համար:
Օկրուաշվիլու համախոհների տեղեկություններով, Ջեմալ Սվանիձեն նման ցուցմունք է տվել սպանության մեջ մեղադրվող իր որդուն ազատելու համար: Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության համաձայն, Սվանիձեի որդին ձերբակալվել է թբիլիսյան ռեստորաններից մեկում տեղի ունեցած սպանության մեղադրանքով դեռեւս 2006 թվականին:
Եվ որքան էլ տարօրինակ է, Ջեմալ Սվանիձեի որդին, նման մեղադրանքի պայմաններում, բաց էր թողնվել գրավի դիմաց, բայց կրկին ձերբակալվել, երբ փորձել էր Վրաստանից հեռանալ:
Նույն հեռուստաընկերությունը, ներկայացնելով Օկրուաշվիլու առնչությամբ Սվանիձեի ցուցմունքների տեսագրությունը, ընդգծել է, որ դրանցում կան տարբեր ժամանակ արված ձայնագրություններ: Մասնավորապես, որոշ դեպքերում անգամ կան տարբերություններ նույն Սվանիձեի ավելի վաղ տրված ցուցմունքների հետ, որոնցում չի նշվում պարտադրողներից որեւէ մեկի անունը, մինչդեռ ավելի նոր տեսագրություններում արդեն հստակ նշվում են անուններ: Վրացական աղբյուրների համաձայն, Սվանիձեի որդին ազատության մեջ է եւ գտնվում է Թբիլիսիում:
Ըստ էության, Սաակաշվիլուն ուղղված մեղադրանքները, որ սեպտեմբերի 25-ին հեռուստաեթերից ներկայացրեց պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, վերջինիս ձերբակալության ավելի ռեալ հիմք են, քան այն մեղադրանքները, որ այժմ ներկայացվում են Օկրուաշվիլուն: Թերեւս անկախության տարիների ընթացքում իշխանական էշելոններում եղած բոլոր անձանց, ցանկության եւ նպատակահարմարության դեպքում, միշտ էլ կարելի է կոռուպցիայի մեջ մեղադրել, իսկ պաշտոնական դիրքի չարաշահումն ուղղակիորեն նախարարական պորտֆելների հետ «ձեռք բերվող» մեղադրանք է, որի հիմնավորումը իրավագիտական հմտություններ չի պահանջում` այնքան ընդգրկուն են այդ հոդվածին համապատասխանող «իրավախախտումները»:
Մյուս կողմից, թերեւս չէին կարող բացարձակապես մերկապարանոց լինել Օկրուաշվիլու հայտարարություններն այն պարզ պատճառաբանությամբ, որ նա եւս իր անվտանգությունն ապահովող նյութեր պիտի ունենար, առավել եւս, որ ձերբակալությունը սպասելի ու կանխատեսելի էր: Ամեն դեպքում, եթե վրաց ընդդիմադիրները լիարժեք պաշտպանություն են հայտարարում Օկրուաշվիլուն եւ պատրաստակամ են հետեւելու դատական գործընթացին, ապա իշխանական ճամբարում էլ կոչերով հարուստ ճառեր են հնչում: Ավելին, գնալով մեծանում է այն գումարը, որի յուրացման մեջ մեղադրվում է նախկին նախարարը:
Մասնավորապես, երեկ Վրաստանի իրավապահ համապատասխան մարմինները հայտարարել են, ի լրումն եղած նյութերի, նոր հանգամանքների ի հայտ գալու մասին: Օրինակ, Օկրուաշվիլուն մեղադրում են նաեւ ռազմական նպատակներով ձեռք բերված կերոսինի հաշվին տարբեր ընկերությունների, միջնորդավճարների ձեւով գումարներ յուրացնելու մեջ: Եվ քանի որ արդեն ներկայացված մեղադրանքներում նշվող յուրացված, գողացված ու որպես կաշառք ձեռք բերված գումարները միլիոնավոր դոլարներ են կազմում, իսկ փողերի լվացման գործարքները տեւել են երկար տարիներ, ուրեմն «վարդյա հեղափոխությունից» հետո ձեւավորված իշխանական «նոր» կառույցներն այնքան էլ նոր մեթոդներով չեն գործել: Բացի այդ, անտեղյակության հնարավորություն կարող էր ստեղծվել միայն այն դեպքում, եթե Օկրուաշվիլին չէր գործում մենակ: Ինչը, կարծում ենք, ուղղակի տրամաբանական է:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ