«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2007-10-02 | #179, 2007-10-03 | #180, 2007-10-04


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՈՒՄ ՆՈՒՅՆ ԹԱՆՁՐՈՒԿՆ Է, ԻՆՉ ԳՐՈՒՄ ԷԻՆ ՀՀՇ-ԱՄԵՏ ԹԵՐԹԵՐԸ

Ասում է վարչապետ Սերժ Սարգսյանը

Վարչապետ Սերժ Սարգսյանին երեկ լրագրողները շարունակում էին հարցեր ուղղել Հայաստանի առաջին նախագահի ելույթի եւ նրա քաղաքականություն վերադառնալու մասին: Վարչապետը հարցադրումը սխալ համարեց. «Ի՞նչ է նշանակում` նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն, բոլոր նախկին նախագահները բոլոր երկրներում զբաղվում են քաղաքականությամբ, հակառակ պարագայում քաղաքականությունն իրենցով կզբաղվի, այլ խնդիր է, որ խոսք գնա նախկին քաղաքական գործիչների կամ պաշտոնյաների ակտիվանալու մասին, այստեղ հարցադրումը ճիշտ կլինի... Եթե դուք կողք կողքի դնեք ելույթը եւ վերջին 10 տարվա մի քանի ՀՀՇ-ամետ թերթերի հրապարակումներ, կտեսնեք, որ այս ելույթում թանձրուկն է այդ գրածների, որեւէ խնդիր ես չեմ տեսնում, որեւէ պրոբլեմ չկա, եւ ես շատ նորմալ եմ դա գնահատում»:

Լիազորությունների ավարտից հետո նախագահ Քոչարյանը վարչապետ կնշանակվի՞: «Ես որեւէ հիմք չունեմ ստույգ չընդունելու պարոն Քոչարյանի հայտարարությունները, ես որեւէ հիմք չունեմ դրանց կասկածելու, այսինքն` ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն պարոն Քոչարյանի մոտ»:

Եթե առաջին նախագահի գրասենյակը դիմի ՀՀԿ-ին` հանդիպում ունենալու. այս հարցին վարչապետը լրագրողին հակադարձեց. «Դուք միջնո՞րդ եք ցանկանում լինել»:

Իսկ Լ. Տեր-Պետրոսյանի եւ ՀՅԴ ղեկավարների հանդիպումն անակնկալ չի՞ եղել վարչապետի համար. «Ինչ մի մեծ իրադարձություն էր, որ ինձ համար անակնկալ լիներ»:

Լրագրողը հիշեցրեց` Մոսկվայում վարչապետն ասել էր, թե Երեւանում կպատասխանի` ո՞վ կլինի իր հիմնական մրցակիցը նախագահական ընտրություններում. «Դուք մի քիչ ուշադիր չեք եղել, ես այդպես չեմ ասել, ես այլ հարցի առումով եմ ասել` ես նախագահական ընտրությունները չեմ դիտարկում որպես հակառակորդների պայքար, որպես հակառակորդների բախում, ես այդ հնարավորությունը դիտարկում եմ որպես առիթ ժողովրդին ներկայացնելու քո երկրի ապագայի տեսլականը: Մենք հանդարտ-հանգիստ շարունակելու ենք մեր քաղաքականությունը` այն նույնը, ինչ կիրառել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:

Մոսկվայում մի այլ` եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, Հայաստանն էլՙ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` վարչապետի հայտարարության պարզաբանման խնդրանքին ի պատասխան Ս. Սարգսյանն ասաց. «Եթե ինձնից կախված լինի` իմ ջանքերն ուղղված են լինելու, այո, արտաքին քաղաքականության բնագավառում Ղարաբաղի խնդրի լուծմանը»: Լ.Տեր-Պետրոսյանը առաջադրվելու դեպքում իսկապե՞ս կդառնա սովորական ընդդիմադիր` լրագրողներն ուզում էին երկրի նախագահի այս դիտարկման դիտարկումը. «Եկեք ինձնից մի պահանջեք հանրապետության նախագահի կարծիքի մեկնաբանություն, եկեք ժամանակից առաջ չընկնենք. կառաջադրվեն բոլոր թեկնածուները, այն ժամանակ կխոսենք»:

ՀՅԴ-ն սեփական թեկնածուով է հանդես գալու` նպատակահարմա՞ր է նրա նախարարների աշխատանքը քարոզարշավի ընթացքում. «Եթե այդպես լինի, մենք կորոշենք, թե ինչպես աշխատենք», նկատեց վարչապետը, կարծես չէր հավատում ՀՅԴ-ի` սեփական թեկնածուով առաջադրմանը:

Առաջին նախագահը կոռումպացվածության մեջ է մեղադրում ներկա իշխանություններին` սա վարչապետն ինչպե՞ս է գնահատում. «Լավ կանեք, վերցնեք ՀՀ որոշ թերթերի, էլեկտրոնային լրատվամիջոցների նյութերը մինչեւ 1998 թվականը, կտեսնեք, որ նույն առաջին նախագահին բազմաթիվ այդպիսի մեղադրանքներով մեղադրում էին, եթե դրանից նա հաճույք է ստանում, թող անի, ինչ է եղել»:

Իսկ ԼՂՀ հարցի վերաբերյալ առաջին նախագահի գնահատակա՞նը. «Եկեք շատ չծանրանանք այդ կարծիքների վրա», առաջարկեց վարչապետը:

Տիգրան Արզաքանցյանի հետ կատարվածը փորձ է արվել վարչապետի անձի հետ կապել. «Շատ մարդիկ փորձում են ինձ շատ բաների հետ կապել, եթե դա Ձեզ հետաքրքրում է, սեղմեք կոճակը, բացեք կառավարության կայքը, այնտեղ մեր պատվիրակության կազմը կա, սա մեկ, երկրորդ` զանգեք «Մետրոպոլիտեն» հյուրանոց, տեսեք Սերժ Սարգսյան անունով մարդ այնտեղ ընդհանրապես գրանցվե՞լ է, թե ոչ», ասաց ու խորհուրդ տվեց նաեւ զանգել Ռուսաստանի կառավարության պրոտոկոլային ծառայություն, հարցնել` Հայաստանի վարչապետը որտե՞ղ է մնացել. «Կարիք չունեմ որեւէ մեկի մոտ արդարանալու»:

Իսկ խաղատներում մեր պատգամավորների եւ այլ իշխանավորների ներկայությանը ԱԺ նախագահից ավելի լոյալ վերաբերվեց. «Պատգամավորի գործն է` ես համարում եմ»:

Կառավարության ծրագրին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատականներին այսպես արձագանքեց. «Ես տնտեսագետ չեմ եւ չեմ էլ պատրաստվում Հ. Բագրատյանի հետ տնտեսագիտական բանավեճի մեջ մտնել, ես նրա գրածներին նայում եմ կառավարության ղեկավարի տեսանկյունից, եւ ինձ համար երկու դիտարկում եմ արել. ա) ծրագիրը լավն էր, բայց կարող էր լինել ավելի լավը, բ) իսկ կարողանալո՞ւ եք այդ ծրագիրն իրականացնել»: Երկրորդ հարցի պատասխանն այո էր` «Մենք ունենք բավարար քաղաքական կամք, լավ տնտեսագետներ եւ մենք մեր ծրագիրն իրականացնելու ենք»: Առաջին հարցի պատասխանը` «Կարող էր ավելի լավը լինել. լավագույնը լավի թշնամին է, հաջորդ անգամ կաշխատենք ավելի լավ ծրագիր բերել»: Բագրատյանն ասում էր, թե այն թվերը, որ գրված են` հավաստի չեն. «Ես կարծում եմ, դա գիտական մոտեցում չէ` շատ պարզ պատճառով, գիտնականը նախ թվերին չի հղում անում, գիտնականը հղում է անում պրոցեսներին, նոր գալիս է թվերին: Հայաստանի վիճակագրական ծառայությունն օգտվում է նույն մեթոդոլոգիայից, ինչ որ եվրոպական մյուս երկրներում` մեր վիճակագրական ծառայությունը համարվում է եվրոպականների մեջ լավագույնը, դա Համաշխարհային բանկի գնահատականն է»:

Իսկ որ ՀԲ-ին դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը` ուսումնասիրելու ջրի հաշվիչների հետ կապված վարկերի մսխումը Հայաստանում. «Հարցը նոր չէ, անցած տարի այդ ինժեները, որ աշխատում էր իտալացիների հետ, հետո ֆրանսիացիները նրան աշխատանք չտվեցին, հետո նա դիմեց ՀԲ-ին, ՀԲ-ն ստուգեց եւ որեւէ տեսանելի խախտում չտեսավ. չնայած դրան` մենք մեկ անգամ եւս կանդրադառնանք խնդրին, որովհետեւ մեզ համար չափազանց կարեւոր է անգլիացիների կարծիքը»:

Վարչապետ Ս. Սարգսյանը կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր թանկացումների հարցին. թանկացումներն ապագա ընտրությունների հետ կապող մամուլի հրապարակումները շահարկում անվանեց` համաշխարհային շուկայում ապրանքների գները թանկացել են, որոնք ազդում են նաեւ Հայաստանի ներքին գների վրա. «Ձեզանից յուրաքանչյուրը կարող է սեղմել կոճակը եւ ինտերնետում տեսնել, թե որքան է աճել կարագի կամ ձեթի գինը, հացահատիկի եւ այլն, բնականաբար` մենք էլ մտահոգված ենք այդ պրոցեսով»: Եվ խոստացավ, թե երբ կառավարությունը հիմնավոր այդ խնդիրները լուծի` գերշահույթներ ստացողներն ավելի հարկեր վճարեն, այդ հարցն էլ կմեղմվի: Չհիմնավորված թանկացումները զսպելու մասին հարցը «Ազգը» կրկին ուղղեց վարչապետին. «Ես չեմ տեսնում շատ մեծ ոլորտներ, որտեղ կան չհիմնավորված թանկացումներ: Մենք մշտապես ուսումնասիրում ենք, եւ անպայման, եթե դրա իրավասությունն ունենանք, այսինքն` եթե այդ պրոցեսում խախտումներ լինեն, մենք միջոցներ կձեռնարկենք», պատասխանեց նա:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4