Շարունակվում է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական երրորդ այցն ԱՄՆ, որի նպատակն է այդ երկրի Արեւմտյան թեմի հաստատման 80-ամյակի տոնակատարությունը նախագահելը:
- Հոկտեմբերի 1-ին վեհափառ հայրապետը օծել է Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սուրբ սեղանը: Իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքում Գարեգին Բ կաթողիկոսը ընդգծել է ԱՄՆ Արեւմտյան թեմի հիմնադրման 80-ամյակի տոնախմբման կարեւորությունը:
- Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդարանում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Լոս Անջելեսի կաթոլիկ թեմի արքեպիսկոպոս կարդինալ Ռոջեր Մահոնիի հետ:
- Նույն օրը ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդարանում, «Արմեն եւ Գլորիա Համբար» սրահում Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպում է ունեցել թեմի հոգեւորականների հետ: Իր խոսքում Նորին Սրբությունը անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր առաքելությանը, ներկայացրել է Մայր աթոռի կողմից իրագործվող նոր ծրագրերը:
- Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդարանում Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը նաեւ հանդիպում է ունեցել «Էջմիածնի մանուկներ» հիմնադրամի հանձնախմբի հետ: «Էջմիածնի մանուկներ» հիմնադրամը հոգում է Էջմիածնում մանկատան կառուցման ծախսերը: Հանձնախմբի անդամների ջանքերով հիմնադրամը տարեկան 250 ԱՄՆ դոլար գումար է ապահովում 500 որբերի համար:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ