«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2007-10-02 | #179, 2007-10-03 | #180, 2007-10-04


ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ՍԿՍԵՑԻՆ ՊԱՅՔԱՐԸ

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկեց մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը: Առավոտյան կայացավ մրցաշարի բացման արարողությունը: Բացման խոսքով ներկաներին դիմեց շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Լեւոն Յոլյանը: Նա նշեց, որ Երեւանում արդեն 4-րդ անգամ է անցկացվում մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որի մասնակիցների աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Երեւանում մրցավեճի կբռնվեն բոլոր մայրցամաքների 53 քաղաքների 134 շախմատիստներ: Լեւոն Յոլյանը հույս հայտնեց, որ այս մրցաշարի որոշ մասնակիցներ մոտ ապագայում կհամալրեն մեր շախմատային էլիտան: Այնուհետեւ Յոլյանը շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի անունից ողջունեց առաջնության մասնակիցներին, ցանկացավ լարված պայքար, հետաքրքրական գաղափարներ եւ ստեղծագործական հաջողություններ:

Պատանիների մրցաշարում մեկնարկը հաղթանակով նշանավորեց Արման Փաշիկյանը, որից սպասելիքները մեծ են: Նա սեւերով պարտության մատնեց Մաքսաթ Ալագուզովին: Հրանտ Մելքումյանը հաղթեց Զուրաբ Ջավախաձեին, Հայկ Թամրազյանը պարտության մատնեց Ռոբերտ Հունգասելիին: Հաղթանակով մեկնարկեց նաեւ Հովիկ Հայրապետյանըՙ առավելության հասնելով Իլդար Խայբուլինի նկատմամբ: Իր օգտին հաղթական միավորներ գրանցեցին նաեւ Տիգրան Մամիկոնյանը եւ Ավետիք Գրիգորյանը:

Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Վիկտոր Լազնիչկայի հետ: Մեկնարկում պարտություններ կրեցին Հրայր Սիմոնյանը, Յուրի Համբարձումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Ալեքսի Տեր-Կարապետյանը:

Աղջիկների մրցաշարի հայ մասնակիցներից հաղթանակով մեկնարկեցին Տաթեւ Հայրապետյանը, Տաթեւ Աբրահամյանը, Արուսյակ Կարախանյանը եւ Աննա Հայրապետյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Նունե եւ Անի Դարբինյանները, Մարինե Գրիգորյանը եւ Դիանա Հարությունյանը: Մեր մյուս շախմատիստուհիները պարտվեցին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4